«Զինապարտության մասին» օրենքի նախագծի բովանդակության լուսաբանումն ու դրա շուրջ հանրային քննարկումները, կարծես, հենց սկզբից ընթացան սխալ ուղղությամբ, և այսօր խնդիրը հայտնվել է մի փուլում, երբ արտաքուստ կա երկխոսություն, բայց իրականում յուրաքանչյուրն իր մենախոսությունն է առաջ մղում:
Առաջիկայում, ըստ ամենայնի, օրինագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ, և ժամանակն է որոշ հարցերի տալ սպառիչ և վերջնական պատասխան:
Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ պոպուլիզմն ակնհայտորեն խեղդեց ողջամտությանը և փաստարկները սկսեցին դառնալ խիստ անձնավորված և հանրային լայն շրջանակների համար ականջահաճո: Փաստացի օրինագծի բովանդակությունը մի կողմ թողած (հավանաբար բովանդակության դեմ լուրջ փաստարկներ չկան), խոսակցությունը հասավ բարոյախրատական ճառերին, թե ինչու այս կամ այն անձը բանակում չի ծառայել:
Հասկանալի է, որ պատերազմի մեջ գտնվող երկրում, հատկապես քառօրյա պատերազմի էմոցիոնալ իներցիայի ազդեցության տակ «բա դու ինչի՞ չես ծառայել» տիպի հակափաստարկները խիստ ժողովրդական են հնչում: Բանը հասավ նրան, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ պարզաբանում պահանջեց պաշտպանության նախարարի զինծառայությունից տարկետում ստանալու հիմքերի մասին: Դե իսկ նախարարությունն էլ իր հերթին հրապարակավ պատասխանեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, անհանգստանալու կարիք չկա:
Եթե այս անիմաստ գործընթացը չկասեցվի, ենթադրվում է, որ հիմքերի հրապարակային փնտրտուքները կշարունակվեն ու հայ հասարակությունը մանրամասն կիմանա, թե ով իսկական զինծառայության չմեկնած պաշտոնյաներից ով ինչ հիվանդությամբ է տառապում, ով է երկու երեխա ունեցել, ով է ճիշտ ժամանակին ատենախոսություն պաշտպանել, ով տանն արդեն երկու ծառայած եղբայր է ունեցել և այլն:
Ամբողջ խնդիրն այն է, որ դժվար է գտնել որևէ մեկին, առավել ևս պաշտոնատար անձ, ով իսկական զինծառայություն չի անցել՝ օրենքի կարգավորումներից դուրս: Իսկ եթե ժամանակին ցանկացած ոք տվյալ պահի օրենսդրության պահանջները պահպանելով չի ծառայել, դա ամենևին էլ չի նշանակում, որ նա խուսափել է զինծառայությունից՝ լինի իշխանավոր, թե ընդդիմադիր: Դա այլևս պատմություն է:
Իսկ ահա առաջարկվող օրինագիծը վերաբերում է գալիքին: Փաստարկները պետք է հնչեն սպասվող զարգացումների համատեքստում, և թե ինչպես է եղել նախկինում, բացարձակապես կապ չունի: Անցյալին հղում անողները, հատկապես անտեղի, զբաղված են պոպուլիզմով, որը ժողովրդավարական գործընթացներում թեև կյանքի իրավունք ունի, բայց գերիշխող չպետք է դառնա:
Ի դեպ, պոպուլիստական է նաև պնդումը, որ պաշտպանության նախարարը պետք է անպայման պրոֆեսիոնալ զինվորական լինի: Այս պնդմանը կարելի էր հակադարձել ընդամենը մեկ փաստարկով. Հայաստանի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ չէ, ավելին Արցախյան ազատամարտում հաջողվել է հաղթանակներ կերտել, երբ պաշտպանության նախարարի պաշտոնում եղել են մարդիկ՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի և Վազգեն Մանուկյանի, ովքեր ոչ միայն պրոֆեսիոնալ զինվորականներ չէին, այլև իսկական զինծառայություն չեն անցել: Ի լրումն պետք է արձանագրել, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և սրանով ամեն ինչ ասված է:
Բայց եթե խորհրդարանի պարագայում պոպուլիզմն ինչ-որ տեղ կարելի է մարսել, նույնը չի կարելի անել հանրության, հատկապես խնդրով շահագրգիռ անձանց կողմից թեմայի արծարծման դեպքում: Բանն այն է, որ եթե իրոք կան շահառուներ, ում համար չափազանց կարևոր են այս օրինագծով նախատեսվող կանոնակարգումները, պետք է ամեն կերպ փորձեին ձևակերպել խնդիրն ու ցանկացած առիթ օգտագործեին իրենց տեսակետը նախ հիմնավորելու, ապա և տեղ հասցնելու համար:
Մինչդեռ, նախօրեին մեկնարկած դասադուլի կազմակերպիչները՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները փաստացի հրաժարվեցին պաշտպանության նախարարի հետ հարցը քննարկելուց: Նրանց արդարացումը, թե նախարարի առաջարկած ձևաչափը լավը չէր, տեղին չէ: Մանավանդ որ, ընդամենը մեկ օր անց ընդունվեց կրթության և գիտության նախարարի հրավերը և ձևաչափի հարց չդրվեց:
Ավելին՝ մինչ այս պահը պարզ չէ, թե ընդվզող երիտասարդները «տարկետումը լինելու ա» կոչի տակ ինչ նպատակ և իմաստ են դնում: Համալսարանը վաղուց ավարտած կամ նոր ընդունվել պատրաստվող անձի համար այնքան էլ հասկանալի չեն պահանջվող տարկետման իմաստն ու նպատակը: Հավանաբար դա է պատճառը, որ բողոքի ակցիան սահմանափակվում է դասադուլով, որի մասնակիցներն առաջին տպավորությամբ, ոչ թե ուզում են լուծել ինչ-որ համակարգային խնդիր, այլ հավաքվել են հիմնականում՝ լսարան չգնալու համար, իսկ ոմանք էլ պարզապես առիթն օգտագործում են հանրային կյանքում իրացվելու համար:
Չնայած դասադուլավորների մեջ քիչ չեն նաև ազնիվները, ովքեր մասնավոր զրույցներում անկեղծանում էին, որ իրենց նպատակն է, որպեսզի օրենքը հետադարձ ուժ չունենա, այսինքն՝ կոնկրետ իրենց վրա չտարածվի: Բայց սա լրիվ այլ խնդիր է: Եթե երիտասարդները համարձակվեն այն հրապարակավ ձևակերպել հենց այդպես, կարելի է հակափաստարկներ բերել: Առայժմ սահմանափակվենք նրանով, որ օրինագիծը, գիտության զարգացման խնդիրը, և փողոց դուրս եկած երիտասարդների մոտիվները բացարձակապես չեն հատվում:
Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ