Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում այդպես էլ դասադուլի մասնակից ուսանողներն ու ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդհանուր հայտարարի չեկան:
Քննարկվեցին բուհական համակարգում գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաև ուսանողական ինքնավարությանը: Լևոն Մկրտչյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ համար են ուսխորհուրդները, որոնք ներկայացնում են ուսանողության շահերը և ընտրված են ուսանողների կողմից: Դասադուլավորները չցանկացան այս թեմայով երկար զրուցել, միայն փաստեցին, որ ուսխորհուրդներն այս երեք շաբաթների ընթացքում որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել նախագծի վերաբերյալ:
«Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, թե այս նոր օրինագծի պատճառով խախտվելու է կրթության անընդհատության սկզբունքը: Կրթության նախարարի հետ հանդիպմանը դասադուլի մասնակից ուսանողները պարբերաբար հորդորում էին չխառնել տարկետումը, ինստիտուտի խնդիրները բանակի հարցի հետ:
Երբ հստակ հարց հնչեց՝ կո՞ղմ է արդյոք նախարարն այս փոփոխություններին և բարձրացված խնդիրների վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունի, պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Այս խնդիրը 90 տոկոսով լուծված է: Մեր երիտասարդների 90 տոկոսն արդեն զորակոչվել է: 4000 ուսանող ենք ունենում, տարկետում ստանում է 600 հոգի»:
Ուսանողների հարցին՝ Դուք կողմնակից եք, որ տարեկետումը մարզիկների համար պահպանվի՞, թե՝ ոչ, որ Արթուր Ալեքսանյան, Հենրիխ Մխիթարյան չունենա՞նք: Նախարարն արձագանքեց. «Կողմնակից եմ, որ բոլորի համար գործեն հավասար պայմաններ»:
Այնուհետև Լևոն Մկրտչյանը դասադուլավորներին հորդորեց տալ առաջարկություններ և իրենց մտահոգությունները գրավոր ներկայացնել: Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք ընդհանրապես սկզբունքին են դեմ և մտավախություն ունեն, որ մինչև իրենց մտահոգություններին պատասխանելն օրենքն արդեն կընդունվի:
Ուսանողների պահանջն է հետաձգել օրենքը, Լևոն Մկրտչյանն այս առիթով ասաց. «Օրենքի հետաձգման անհրաժեշտություն չկա, քանի որ այդ օրենքն անցել է բոլոր փուլերը, գտնվում է խորհրդարանում: Այն ունի բավականին ուժեղ քաղաքական հենարան, քանի որ ժամանակին այս պահանջով շատ ընդդիմադիր գործիչներ են հանդես եկել: Այնպես որ, օրենքը հետաձգման կամ ետ վերադարձման ենթակա չէ»:
Դիտարկմանը՝ փաստորեն կո՞ղմ եք, որ բանակի հարցը լուծվի կրթության հաշվին, նախարարը պատասխանեց. «Կողմ եմ, որ կրթության մեջ ներգրավված մարդիկ բոլորը հասկանան, որ բոլորն այս տարածքում ապրելով՝ ունեն մեծ պատասխանատվություն և պարտավոր են իրենց պարտքը կատարել: Դուք ասում եք մի ձև, ինչը տվյալ երիտասարդին հնարավորություն է տալիս անցնել այդ փուլերով և խուսափել ծառայությունից»:
Այս դիտարկումից հետո Դավիթ Պետրոսյանը վրդովվեց. «Ուղղակի ապշեցնում եք: Այդքան խնդիրներ ենք բարձրացնում, բայց Դուք վերջում նման հայտարարություն եք անում…Մենք գնանք մեր դասադուլը շարունակենք, պարո՛ն Մկրտչյան: Փորձը ցույց է տալիս, որ դասադուլ անում ենք, մեզ հետ հանդիպում են, մինչդեռ մեր բաց նամակին չեք պատասխանել»:
Լևոն Մկրտչյանն էլ հայտնեց, եթե բաց նամակի փոխարեն ուղղակի իրենց նամակն ուղարկած լինեին, հիմա վաղուց այս հանդիպումը կազմակերպված կլիներ: Նա հորդորեց ուսանողներին դադարեցնել դասադուլը և խնդրի դեպքում իրեն նամակով գրել, և հանդիպումը կկազմակերպվի: Դասադուլի մասնակիցներն էլ շնորհակալություն հայտնեցին նախարարին հանդիպման համար:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ