Պաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի շինարարութեան ծրագրի մասին հանրութիւնը տեղեկացաւ 2007 թուականի Փետրուարի 7ին, երբ միջ-պետական փաստաթուղթ ստորագրուեց երկաթգծի շինարարութեան վերաբերեալ: Այդ օրուանից սկսած չեն դադարում խօսակցութիւնները երկաթգծի շինարարութեան ու շահագործման թեմայի վերաբերեալ: Հարցը նրանում է, որ տուեալ ծրագրից դուրս է մնում Հայաստանը, ինչը աւելի շատ քաղաքական, կամ՝ աւելի ճիշդ՝ հոգեբանական նշանակութիւն ունի Հ.Հ.ի համար, քան տնտեսական:
Հոգեբանական ազդեցութիւնը իրականում պայմանաւորուած է նրանով, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար պարզից-պարզ է, թէ ի՛նչ ծրագիր է Պաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը եւ ո՛րն է դրա իրագործման նպատակը: Դա 21րդ դարի նոր պանթուրքիստական ծրագիր է Թուրքիան Ադրբեջանին կապելու համար:
1915-1920 եւ 1988-1994 թուականներին պանթուրքիզմի ծրագիրը չստացուեց իրականացնել հայկական տարածքների միջոցով եւ հիմա այն տնտեսական ծրագրի տեսքով իրականանալու է Վրաստանի Հանրապետութեան տարածքով:
Առաջին հայեացքից կարծես դա դրական է ազդելու Հայաստանի վրայ՝ այն իմաստով, որ Թուրքիան ու Ադրբեջանը կը թուլացնեն իրենց պանթուրքիստական նկրտումները իրար միանալու հէնց Հայաստանի Հանրապետութեան ու Արցախի տարածքով: Սակայն այստեղ կայ մի պահ, որը լուրջ մտահոգուելու առիթ է տալիս: Հարցը նրանում է, որ հայաբնակ Ջաւախքը տուեալ երկաթգծի շահագործման հետեւանքով տարիներ անց կարող է վերածուել թուրքաբնակ շրջանի, իսկ դա ուղիղ վտանգ է Վրաստանի եւ Հայաստանի պետականութեանց համար: Պաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղի եւ Պաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծի առկայութիւնը Վրաստանի տարածքում, երկրի համար ունի ինչպէս դրական, այնպէս էլ բացասական ազդեցութիւն: Վրաստանի տնտեսական շահը տուեալ ծրագրերից վիճարկման ենթակայ չէ, սակայն նոյն ժամանակ վիճարկման առարկայ չէ նաեւ այն փաստը, որ Սամցխէ-Ջաւախքը տուեալ ծրագրերի միջոցով վերածուել է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքի:
Դժուար չէ կանխատեսել, թէ որն է լինելու տուեալ երկրների յաջորդ լայնամասշտաբ ծրագիրը Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջանում: Այն արդէն իսկ մեկնարկել է փորձնական ձեւով եւ օրից-օր ստանում է աւելի լրջագոյն բնոյթ: Խօսքը ֆիզիկապէս թուրքական ներկայութեան մասին է, որը արդէն իսկ ամուր արմատներ է գցել Ախալցխայում անբարոյականութեան բիզնեսի (գործարարութեան) զարգացման առումով, ինչի համար քաղաքում բացուել են տասնեակ ռեստորաններ(ճաշարաններ) ու սրճարաններ, որոնք թուրք յաճախորդներին անպայման առաջարկում են այլ ծառայութիւններ: Այս ամէնից ելնելով կարելի է միայն ենթադրել, թէ ինչքանոÿվ է մեծանալու տուեալ «բիզնես»ի կարիքը Ախալքալաքում մօտակայ ապագայում, երբ շահագործուի Պաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը: Ախալքալաքում արդէն գործող թուրքական հատուկենտ օբյեկտների (խանութներու) կողքին սնկի պէս աճելու են թուրքական ու ադրբեջանական ռեստորանները ու հիւրանոցները: Եւ դա միայն սկիզբն է լինելու: Ամենայն հաւանականութեամբ դէպքերը ընթանան Բաթումի սցենարով (բեմագրութեամբ): Գեղեցիկ շինութիւններ եւ զարգացող տնտեսութիւն: Աշխատանքի տեղերը հիմնականում թուրքերի եւ նուազ չափով վրացիների համար: Ապագայում թուրք մեսխեթցիները Թուրքիայի եւ Ադրբեջանի օգնութեամբ աւելի մեծ ցանկութիւն են դրսեւորելու վերադառնալ Սամցխէ-Ջաւախքի տարածաշրջան, որտեղ արդէն բաւականին ամրապնդուած կը լինեն իրենց ցեղակիցները:
Երեւի անիմաստ է խօսել այն մասին, թէ ի՛նչ տեղի կ՛ունենայ յետոյ մօտ 20-30 տարի անց: Այն ինչ տարիներ առաջ տեղի ունեցաւ Բաթումում հնարաւոր է կրկնուի նաեւ Ջաւախքում:
Բնական է, եթէ Վրաստանի իշխանութիւնները այդ ամէնից դասեր չքաղեն ու այսպէս շարունակուի, ապա շատ շուտով Պաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթամուղը եւ Պաքու-Ախալքալաք-Կարս երկաթգիծը Սամցխէ-Ջաւախքում հսկելու է օրից-օր բազմացող թուրքական ազգաբնակչութիւնը:
Արդէն իսկ Ադրբեջանից հնչում են պահանջներ, որ Պաքու-Ախալքալաք-Կարս երկաթգծից ոչ մի պարագայում չպէտք է օգտուի Հայաստանի Հանրապետութիւնը: Այսինքն դուրս է գալիս, որ երկաթգծի ծրագիրը անթաքոյց ունի նպատակ՝ Հայաստանը մեկուսացնելու առումով:
Նյութի մանրամասները կարդացեք «Գանձասար»–ի կայքում