Այս պահին ԿԳ նախարարությունում ընթանում է դասադուլի մասնակիցների հանդիպումը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարն առաջարկեց, որ կարող են մյուս շաբաթ էլ նախարարության դահլիճում խոսել բուհական համակարգի այլ խնդիրների մասին:
Դասադուլավորներին հետաքրքրեց՝ ինչո՞ւ են համալսարանների դռները փակում, պարոն Մկրտչյանը օրինակներ բերեց, թե բուհերի դռները բաց են եղել:
Լևոն Մկրտչյանը հարց բարձրացրեց՝ հայրենիքի համար պարտականությունը բոլորի՞ համար է, թե՞ ոչ: Նախաձեռնության անդամները հորդորեցին բանակի հարցը տարկետման իրավունքի հետ չկապել:
Այնուհետև կարծիք հնչեց, թե նախարարին չեն վստահում, քանի որ շաբաթներ շարունակ իրենց կոչերն անարձագանք են մնացել:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը մանրամասնեց. «Գուցե դասապրոցեսը խանգարվել է, բայց ցավալին այն է, որ երբ փորձեցինք առանց այս քայլին դիմելու մեր ձայնը լսելի դարձնել, չստացվեց»:
Լևոն Մկրտչյանն արձագանքեց՝ մի քիչ նուրբ խնդրի մեջ ենք հիմա. «Ես լսում եմ ձեր կոչերը՝ ազատ, անկախ ուսանող: Ի՞նչ է սա նշանակում՝ ազատ անկախ ուսանող հայրենիքի հանդեպ պարտականությունի՞ց: Ես էլ իրավունք ունեմ ունենալ անվստահության աստիճան: Կարևոր է հասկանալ դասադուլի բուն պատճառը, որով առաջարկում ենք ուսանողին չկատարել իր պարտականությունը՝ դասի գնալը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ