Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողին ծեծելու համար`3-7 տարի ազատազրկում (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2017 14:05

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հեղինակները Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն են: Նրանք առաջարկում են Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նաեւ նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

«Բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել: Ամեն օր վերակենդանացման բաժանմունքների դիմաց նման դեպքեր ենք ունենում: Եթե բժիշկը իր գործունեություն արդյունքում սխալ է արել`հստակ քրեական պատասխանատվության թող ենթարկվի»,- հիմնավորումներում ասաց Կարեն Ավագյանը`հավելելով, որ նախագիծը գրեթե բոլոր բուժաշխատողների կողմից հավանության է արժանացել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին հետաքրքրում էր`խոչընդոտելն ի՞նչ գործողությամբ պետք է արտահայտվի, որի համար ՀՀ օրենսդրությունը ոչինչ չի սահմանում. «Մի՞թե սրանով չենք ծանրաբեռնում մեր օրենսդրությունը: Դե եկեք առանձնացնենք`մանկավարժի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, արհեստավորի եւ այդպես»:

Ի դեպ, լրագրողների եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասով նման դրույթներ կան, Գեւորգ Պետրոսյանն ասում է դրանք այլ են, «ոչ մեռելածին» են:

Մանրամասները` տեսանյութում

«3-7 տարի սանկցիա է նախատեսվում, սա ձեւական չի: Ոչ ոք չի փառաբանում այն մարդկանց, որ ծեծում են, բայց ականջը ճմրթելը նյութական սանկցիա է: Էս հոդվածի տակ պիտի ընկնեն էն մարդիկ, ովքեր ոչ հավասարակշիռ վիճակում են, ասենք երեխուն ավտոյի տակ են քցել, վերցրել գնացել ա հիվանդանոց…»,- իր անհամաձայնությունը շարունակեց Գեւորգ Պետրոսյանը:

«Բայց դրա համար բժիշկը մեղավոր չի»,-հակադարձեց Կարեն Ավագյանը: Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Ինձնից սկսած ոչ ոք սուրբ չի, հատկապես բժիշկները»: Կարեն Ավագյանը տարակուսեց. «Ձեզանից սկսած միգուցե, բայց …»:

Կարեն Ավագյանն ասում է կա օրենք, որ բժշկին իր սխալի համար պատժում են, բայց բժշկին պաշտպանող օրենք էլ է պետք:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատում է`մի ժամանակ բժշկին ծեծելը սպորտաձեւ էր դարձել: Ինքը կարեւորում է այս նախագիծը: Ասում է`կարելի է պատժաչափի մասը քննարկել:

Գեւորգ Պետրոսյանը դժգոհ մնաց`բոլոր ելույթները շրջանցեցին իր հարցը. «Տիկին Հովհաննիսյանի թեթեւ ձեռամբ, տպավորություն ստեղծվեց, որ ես պաշտպանում եմ, գաղտնի ծափահարում եմ բժիշկներին ծեծողներին: Վաղը գրիպ ընկնեմ, գնամ բժշկի` ինձ էն աշխարհը կուղարկեն»: Արփինե Հովհաննիսյանը հորդորեց Հրայր Թովմասյանին` կոչով դիմել բժիշկներին, որ Պետրոսյանին լավ վերաբերվեն: «Ես կողմ եմ, որ ծեծեն այն բժշկին, որը հիվանդին թողած`կողքի սենյակում բաժակ ա նայում, որ տեսնի թե ե՞րբ ա ամուսնանում»,- շարունակեց Գեւորգ Պետրոսյանը`հայտարարելով, որ իր ասածների մասով, որպեսզի թյուրըմբռնում չառաջանա, ինքը «կողմ» է քվեարկելու նախագծին:

Նրա վերջին դիտողություն-հայտարարությունը բնավ դուր չեկավ քննարկմանը ներկա առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին. «Եթե նման մարդ կա, տվեք ազգանունը»:

Նախագիծն ընդունվեց: Այն կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930