Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն է՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի կողմից ներկայացվեց դատավոր Մակյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն, որը փաստաբանը մասնավորապես հետեւյալ կերպ հիմնավորեց. «Դեպքը, որի առթիվ հարուցվել է այս քրեական գործը, տեղի է ունեցել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքում, այսինքն, այն կարող է քննվել միայն այդ դատարանի կողմից: Գործը Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը հանձնելն ապօրինի որոշում է եւ հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դուք այս դատարան եք գործուղվել «Սասնա ծռերի» գործից առանձնացված մասը քննելու համար: ԶԼՄ-ներն այդ մասին գրեցին ավելի շուտ, քան եղավ գործը ձեզ մակագրելու պաշտոնական որոշումը: Նախորդ նիստում դուք հաստատեցիք, որ համաձայնություն եք տվել այս գործը քննելու համար: Ստացվում է, որ Ձեր համաձայնությամբ ձեւավորվել է «արտակարգ դատարան»՝ հատուկ գործի այս մասը քննելու համար»:
Պաշտպանական կողմի մյուս ներկայացուցիչները եւս միացան միջնորդությանը: Ամբաստանյալներից Պավել Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Հարություն Բաղդասարյանը նկատեց՝ Կենտրոնի դատարանն ինքն ունի դատավորների կարիք, մինչդեռ գործուղումներ է անում. «Կասկածներ ունենք, որ Դուք անաչառ չէք եւ պայմանավորվածություն ունեք այս գործի առումով: Դուք փորձել եք ցույց տալ, որ ավելի օբյեկտիվ կվարեք այս գործը: Եթե ամեն ինչ օրենքով է արվում, դա չի նշանակում, որ ամեն ինչ արդար է: Ձեր կողմից անգամ արդար դատավճռի որոշումն օրինական չի լինի: Եթե հզորություն ունենաք ինքնաբացարկը հարգելու եւ այն ներկայացնելու, կհամարենք, որ ՀՀ-ում արդարադատությունը սկսել է ճիշտ քայլեր անել»:
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ