Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամյանը Աշոտյանին խնդրում է ԵՏՄ բառը ՀՀ-ԵՄ համաձայնագրի լսումներում խցկել, որ ռուսները չխանդեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2017 12:52

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց նոյեմբերի 24-ին ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցը: Հանձնաժողովն այն կազմակերպելու է եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:

Առաջարկվեց, որ լսումներին հրավիրեն ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն, ԵՄ անդամ երկրների դեսպաններին, ՀԿ-ների, փորձագետների եւ այլն:

Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ «Այս պահի դրությամբ քաղաքական, իրավական, բարոյական բոլոր հիմքերն ունենք՝ նման որոշում կայացնելու: Ես դեմ չեմ, որ մեր այսօրվա որոշումը որոշ վերլուծական շրջանակներ դիտարկեն որպես հերթական քաղաքական ուղերձ, որ հայկական կողմը ոչ միայն որեւէ խնդիր չունի ստորագրելու տեսանկյունից, այլ նաեւ ելնում է այն հանգամանքից, որ եվրոպական մեր գործընկերները նույնպես խնդիրներ չեն ունենա: Մենք գնում ենք արդեն մեկ հորիզոն առաջ»:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանն էլ նշեց. «Արձանագրենք մի բան, որ հայկական կողմը, կարելի է ասել, քաղաքական առումով ամփոփել է հարցը եւ պատրաստ է ստորագրման: Մեր կողմից որեւէ խոչընդոտ, որեւէ պրոբլեմ գոյություն չունի, մնացածը կախված է նրանից, թե ամսի 24-ին ինչ կլինի: Հանձնաժողովի նիստի օրակարգի հաստատումն էլ դրա վառ ապացույցն է: Մենք հստակ պատկերացնում ենք, որ փաստաթուղթը պետք է վավերացվի»:

Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանը միջամտեց՝ առաջարկելով որեւէ կերպ ցույց տալ ռուսներին մեր հավատարմությունը. «Շրջահայաց կլիներ մեր կողմից, որ նշեինք նաեւ ԵՏՄ-ի մասով, այսինքն, երբ մենք ձեւակերպում ենք Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն, ավելացնենք՝ նոր հեռանկարներ՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի համագործակցության ոլորտում, որովհետեւ սա կարդացողը կասի մեր երկիրը ընդհանրապես ոչ մի միջազգային տնտեսական կառույցում ներգրաված չի: Խանդ չառաջացնի՝ մեկ, չուզողներին, Ադրբեջանի մեծ բարեկամների մոտ հեգնանքի առարկա չդառնա: Ձեւը գտնենք: Ես հիմա պատրաստ չեմ կոնկրետ ձեւակերպում տալ, բայց ինչ-որ հիշատակում պարտադիր պետք է, իմ կարծիքով»:

Աշոտյանը չհամաձայնեց. «Խորհրդարանական մեր լսումների վերնագիրը գրեթե բառացիորեն կրկնում է այն համաձայնագիրը, որը մշակվել է եւ նախաստորագրվել: Դուք լավ գիտեք, հայկական կողմն իր տնտեսական գործունեության պարտավորությունների եւ իրավունքների շրջանակը սինխրոնիզացրել է բացառապես ԵՏՄ անդամ լինելու իր կարգավիճակի հետ: Նման հակադրություններ այլեւս գոյություն չունեն»:

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց լսումներ անցկացնելու հարցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930