Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն առաջարկում է 150 հազարով տուգանել Դիլիջանի ոլորաններում եգիպտացորեն վաճառողներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 08,2017 12:45

ՀՀ կառավարությունն առաջարկում է պետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված ապօրինի գովազդային վահանակներ տեղադրողներին տուգանեն`նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով: Հարցը խորհրդարանում ներկայացնող Կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արման Խաչատրյանը հիմնավորեց այսպես`դրանք վթարների պատճառ են դառնում, նաեւ հաճախ ճանապարհի ոչ բարեխիղճ պահպանմամբ է իրականացվում:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց`վիճակագրություն կա՞, որ առանց տնօրինողի համաձայնության գովազդային վահանակներն օգտագործվում են եւ կա՞ վիճակագրություն, որ այդ հատվածներում վթարներն ավելի շատ են. «Կա՞ դեպք, որ միջպետական ճանապարհ է քանդվել`ապօրինի հոսանք կան ջրագիծ անցկացնելու համար»: Պատգամավորին նաեւ հետաքրքրում էր`այս օրենքն ազդելո՞ւ է Դիլիջանի ոլորանների այն հատվածի վրա, որտեղ ասենք մարդը ինչ-որ բան է վաճառում եւ վահանակ է դրել` «եգիպտացորեն», «կուկուռուզ»:

Փոխնախարարն ասաց `900-ից ավել ապօրինի կառույց կա, որ առանց պետական ընթացակարգերի են արվել: Նաեւ ասաց, որ Դիլիջանի ոլորաններին եգիպտացորեն վաճառողներին էլ է այս օրենքը վերաբերելու:

ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց`նախկինում տուգանքի չափը եղել է 10 հազար դրամ, ի՞նչ հիմնավորմամբ են այժմ 150 հազարի բարձրացնում: «Բյուջեում փող չկա»,- տեղից ռեպլիկ նետեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը:

Փոխնախարարը շարունակեց հիմնավորել`նպատակը`օրենքի խախտումով բոլոր կառույցներն ապամոնտաժելն է:

Հրայր Թովմասյանը հակադարձեց. «Մի դեպքում ապօրինի երեք հարկանի շենք է կառուցված, մյուս դեպքում գյուղացի է`իր եգիպտացորենի կաթսայով, նրան է՞լ էք նույն չափով տուգանում»:

«Դուք բերել եք նախագիծ եւ չկա ոչ մի բան էդ մարդկանց նախազգուշացնելու եք, թե`ոչ: Միանգամից գնում եք գյուղացուն ասեք`էս ճանապարհին դու իրավունք չունես եգիպտացորեն վաճառես, 100 հազար տուգանելու ենք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Պատգամավորներն անհամաչափության սկզբունքի դրսեւորումներ են տեսնում եւ առաջարկում են հստակ դասակարգումներ ներկայացնել: Նաեւ`տուգանքի չափերը վերանայել: Առաջարկում են, որ կառավարությունը տեղեր հատկացնի գյուղացիներին`իրենց ապրանքները ճանապարհի մի հատվածում վաճառելու համար:

Մանրամասները`տեսանյութում

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում նկատեց. «Հայաստանը շատ մեծ եզերքների է հասել`պատժի որոշումներ կայացնելու առումով»: «Մի քիչ կատեգորիկ եք»,- միջամտեց Հրայր Թովմասյանը: «Իմ գործն է կատեգորիկ լինելը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Հրայր Թովմասյանն էլ հետաքրքրվեց. «Իշխանության երկու ներկայացուցիչների ելույթներն ու առաջարկությունները ձեզ մոտ նո՞ւյն տպավորությունը թողեցին»: Պատասխանը եղավ. «Ոչ»: Իշխանական պատգամավորները շնորհակալ եղան`իրականությունը գնահատելու համար:

Արտակ Զեյնալյանն առաջարկում է, որ տուգանքների գանձումը դատական կարգով արվի:

Հարցի քվեարկությունը հետաձգվեց`մինչեւ լրամշակումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930