Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական գյուղը» կառուցվելու է Երեւանում։ Սա աբսուրդ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Նոյեմբեր 08,2017 11:43

Տուրիզմ. Խելամիտ լուծումների անհրաժեշտությունը

Հայաստանը միայն Երեւանը չէ

Զբոսաշրջությունն ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ թափ է հավաքում, դառնալով բազմաթիվ երկրների եկամտի հիմնական աղբյուրներից մեկը: Սա քաղաքակրթական տենդենց է․ եթե մենք նույնիսկ ոչինչ չանենք, ապա տուրիստական որոշակի հոսքեր միեւնույն է Հայաստան գալու են։ Իսկ  Ճիշտ եւ խելամիտ աշխատանքի դեպքում Հայաստան եկող տուրիստական հոսքերը էապես կմեծանան։ Կդառնա պետական քաղաքականություն՝ իր բոլոր դրական հետեւանքներով։

«Այլընտրանքային նախագծեր խումբը» առաջիկայում հանրությանը եւ գործող իշխանություններին է ներկայացնելու իր առաջարկների փաթեթը։

Այսօր անդրադառնանք, սակայն, մի մասնավոր հարցադրման։ Մենք պետք է խնդիր դնենք տուրիստին բերել Հայաստան, եթե խնդիրը դնենք տուրիստին բերել միայն Երեւան, ապա կտապալենք գործը։ Հայաստանը միայն Երեւանը չէ։ Երեւանում կառուցվող զիփլայնի աննպատակահարմարության թեմային մենք անդրադարձել ենք, դա ուղղակի հարվածելու է Ենոքավանի զիփլայնին։

Հաջորդ վիճահարույց նախագիծը՝ «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրն է։

Այդ ծրագիրը իրականացվելու է, գյուղը կառուցվելու է Երեւանում։ Սա աբսուրդ է։

Երեւանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի համար արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ։

Ակնկալվում է մրցույթն ամփոփել առաջիկա ամիսների ընթացքում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար, նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային եւ գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձեւավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաեւ նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով:

Ինչու սա հնարավոր չէ անել Երեւանից դուրս։ Հայաստանը փոքր է, որ մարզում էլ կառուցվեր Երեւանից կես ժամից մինչեւ մի քանի ժամ հեռավորության վրա է լինելու։ Տուրիստի համար չնչին հեռավորություն, բայց այդ մարզի համար՝ կենսական խնդիր։ Ինչու գնալ արհեստական վայրում, արհեստական գյուղի կառուցմանը, եթե կան դրա լրիվ բնական տեղերը, բնական գյուղերը, որոնք լքվում են, դատարկվում։

Եթե այս ամենը շարունակվի, այս գործելաոճը շարունակություն ստանա, ապա դա, մեղմ ասած, ծանր հետեւանքներ կունենա Հայաստանի վրա: Ամեն ինչ կենտրոնացնելով Երեւանում մենք ոչ միայն չենք նպաստում զբոսաշրջության զարգացմանը, այլ խթանում ենք մարզերի դատարկմանն ու աղքատացմանը:

Կառավարությունները սովորաբար չեն լսում առաջարկներ, առարկություններ։ Դրա համար էլ երկիրը զարգանում է ցաք ու ցրիվ, առանց միասնական քաղաքականության՝ գրեթե բոլոր ոլորտներում։

Ինչ վերաբերում է Երեւանին, ապա այն պետք է ունենա իր տուրիստական գրավչության նոր իդեան։

Սա շատ բարդ խնդիր չէ։ Եթե խնդիր դրվի մտածել, աշխատել այդ ուղղությամբ, ապա լուծումները կգտնվեն։

Ոչ միայն մարզերի, այլեւ բուն մայրաքաղաքի համար հաջող գաղափար չէ՝ երեք հազարամյա Երեւանում կառուցել արհեստական մի գյուղ:

Վիեննայում  ավստրիական գյուղ չկա,  Հռոմում իտալական գյուղ չկա, Մոսկվայում՝ ռուսական գյուղ չկա։

Հեռու չգնանք՝ նայենք Վրաստանին: Թբիլիսիում ամրոց կա, բայց Սահակաշվիլիի կառավարման տարիներին որոշում կայացվեց արագ վերանորոգել եւ զբոսաշրջության կենտրոն դարձնել նաեւ Ռաբատ ամրոցը: Վերցրին նաեւ մի գյուղ`Սիգնախի եւ գեղեցիկ տեսք հաղորդեցին, որը դարձել է զբոսաշրջության կենտրոն:

Այն ինչ կատարվում է մեզ մոտ՝ պետականությունից զուրկ մտածողություն է, անկախ նրանից ովքեր են դրա հեղինակները։ Քանի դեռ չկա տորիզմի զարգացման միասնական կոնցեպցիա, հաշվարկված առաջին 10-20 քայլերը, չկա միասնական տեսլական՝ ավելի լավ է ոչինչ չանել, քան անել անուղղելի սխալներ։

Այս ծրագիրը պետք է իրականացնել Տավուշի, Սյունիքի եւ Լոռու մարզի գյուղերում: Այդքան գումարը բավական կլինի նույնիսկ տասը գյուղ զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու համար: Տասը գյուղում կյանք ներարկել։ Այդ գյուղերի շուրջ կենդանություն հաղորդել, ճանապարհները դարձնել բանուկ, աշխատացնել մյուս ենթակառուցվածքները։

 

 «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930