Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը չէր գնացել աշխարհի գավաթի փուլի արծաթե մեդալակրին դիմավորելու

Նոյեմբեր 08,2017 11:35

Հայաստանցի երիտասարդ հեծանվորդ Էդգար Ստեփանյանն անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ Վարշավայում մասնակցելով աշխարհի գավաթի խաղարկության փուլին՝ սկրեչ մրցաձեւում եզրագիծը հատել է երկրորդը՝ իրենից ետ թողնելով օլիմպիական խաղերի, աշխարհի ու մայրցամաքների առաջնությունների մեդալակիրների եւ մասնակիցների:

Սա մեծահասակների մեջ առաջին լուրջ նվաճումն է Անկախ Հայաստանի հեծանվասպորտի տարեգրությունում, ինչի մասին գրեցին լրատվամիջոցները:

Մեզանում լավ ավանդույթ է ձեւավորվել: Մարզաշխարհի եւ ազգային ֆեդերացիաների ղեկավարները միջազգային խոշորագույն մրցումներում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկներին ու մարզիչներին դիմավորում են «Զվարթնոց» օդանավակայանում: Ճիշտ է, հենց օդանավակայանում դիմավորելը պարտադիր չէ, սակայն դա գնահատանքի, ոգեշնչելու լրացուցիչ գործոն է:

Էդգարը Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալուց հետո աշխարհի վարկանիշային ցուցակում 68-րդն էր, իսկ Վարշավայում նվաճած արծաթե մեդալը նրան եւս 45 կետ վեր է բարձրացրել: Այժմ հայ հեծանվորդը զբաղեցնում է արդեն 23-րդ հորիզոնականը:

Մարզիկին եւ անձնական մարզչին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, վարչության պետ Վաղինակ Գալուստյանը, հեծանվասպորտի ներկայացուցիչներ: Սակայն դիմավորողների մեջ չկար ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրանիկ Առուստամյանը: Aravot.am-ը տեղեկացավ, որ ֆեդերացիայի նախագահը, որ նույնպես հանրապետությունում չէր եղել, այդ օրն էր վերադարձել Հայաստան եւ վատառողջ էր: Իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ոչ մի մեկնաբանություն չուներ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930