Այսօր առավոտյան ԵՊՀ -ի մի շարք ուսանողներ կրկին դուրս են եկել դասադուլի: Հիշեցնենք, որ երեկ նրանք հայտարարեցին անժամկետ դասադուլի մասին: Կրկին հնչում են «դասադուլ», «տարկետում լինելու ա» կոչերը:
Ուսանողները նախ հավաքվեցին ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ: Ուսանողները տեղեկություններ ունեն, որ ԵՊՀ բոլոր մասնաշենքերի դռները կողպված են: Այստեղ ևս դուռը կողպված էր: Ծառայության պետը հայտնեց՝եթե ներքև իջնեք, դուռը կբացեմ: Ի վերջո, նա բացեց դուռը:
Մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Սաղաթելյանը հայտնեց, որ դեմ է տարկետման իրավունքի վերացմանը ու պնդեց՝ ծառայությունից հետո մի մասը կկարողանա վերականգնվել, մյուսները՝ ոչ: Այնուհետև հայտնեց, թե ասպիրանտների փոխարեն ավելի լավ է այսքան «միլիցեք» կան հավաքված, նրանց տանեն:
Կազմակերպիչները հորդորեցին՝ մի տաքացեք, կոնֆլիկտների մի գնացեք, անվտանգության աշխատողները հաստատ մեր վատը չեն ուզում:
Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, թե ինչու չեն գնացել երեկ ՊՆ հանդիպման. «Երեկ և՛օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով մեր հանդիպումը չստացվեք: Մենք տեսանյութի միջոցով փորձեցինք բարձրաձայնել պատճառների մասին: Առաջին հարցը, որ տվել ենք Արծրուն Հովհաննիսյանին, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ԶԼՄ-ներ են լինելու, ուղիղ եթեր լինելո՞ւ է: Բայց հիմնականում հեռուստաընկերություններն էին և ուղիղ եթեր չկար: Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում մեր խոսքն այլ կերպ է ներկայացվել: Բացի այդ հանդիպումից առաջ կողմերը բանակցում են ձևաչափի հետ կապված, մինչդեռ դա չեղավ: Մենք պատրաստ ենք հանդիպման, ուղղակի այդ ձևաչափը լինի նախօրոք համաձայնեցված: Սա քաղաքական շարժում է: Մենք չենք զարմանում, որ հնարավոր է սա օգտագործվի ներքաղաքական շահերի համար, բայց մենք չենք կարող այնպես անել, որ ոչ ոք չխոսի սրա մասին: Եթե ինչ- որ ուժ խոսում է շարժման մասին, դա չի նշանակում, որ մեզ ուղղորդում են»:
Կազմակերպիչները հայտնեցին, որ իրենց բաց նամակին միացել են մի քանի տասնյակ դասախոսներ տարբեր բուհերից և ԵՊՀ չորս դեկանները՝ մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի ֆակուլտետի: Այս պահին ուսանողները գտնվում են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ