Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի միակ առողջ մրցակցությունը ՀՀԿ-ականների միջեւ է, ՀՀԿ-ականները գնալով շատանում են, պաշտոնները՝ քչանում»

Նոյեմբեր 08,2017 14:00

Նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Սա արդեն խոշորացված, միավորված համայնքների ղեկավարների ընտրություններ էին: Այս միավորված համայնքներում ՀՀԿ-ն ամենաշատ գյուղապետերը կունենա: Նախնական տվյալներով՝ 37 համայնքի ղեկավար կունենա ՀՀԿ-ն, 8-ն անկուսակցական են, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն 2-ական համայնքապետեր կունենան:

Այս ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունը մասնակցություն չունեցավ, «Ելք» դաշինքը թեկնածուներ չէր առաջադրել: Այս հանգամանքը Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պայմանավորել է նրանով, որ վերլուծել են այս տարվա ԱԺ ընտրություններին մարզերում գրանցած «Ելք»-ի արդյունքները եւ որոշել՝ որոշակի կառուցվածքային փոփոխություններից ու ուժեղացումից հետո հաջորդ ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցություն կունենան:

Սակայն «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ եւ հրապարակախոս Անուշ Սեդրակյանն այս ՏԻՄ ընտրություններում «Ելքի» չմասնակցելու այլ պատճառ է նկատում. «Որովհետեւ ընդդիմությունը տալիս է նույն ծրագիրը, ինչ իշխանությունը: Այսինքն՝ որքան էլ նրանք ասեն՝ մենք նպաստելու ենք բարելավմանը, չենք լինելու կոռուպցիոներ՝ նրանք չեն տալիս իշխանության գալու հետ կերպարը չփոխելու երաշխիքներ: Հայաստանում այդպիսի երաշխիքներ չկան, որովհետեւ այնքան են ականատես եղել, այսպես կոչված, պերվերսիաների՝ այլակերպումների ՝ թե՛ մարդկային կերպարի, թե՛ ընդհանուր քաղաքական կերպարի: Միայն դիտարկենք ԲՀԿ-ի ընդդիմություն-իշխանություն խաղը: Կամ ՀՅԴ-ի՝ պարբերական ճամբարափոխությունը, քաղաքական գծի փոփոխությունը: Եթե չկա կայուն սկզբունք, ընդ որում՝ այդ կայուն սկզբունքը պետք է ունենա հետեւյալ հատկանիշները՝ այն պետք է ունենա պարզեցված լոզունգային արտահայտում: Ասենք թե այսպես՝ «ՀՅԴ-ն երբեւէ չի համագործակցում հակահայկական ծրագրերին»: Մինչդեռ մենք տեսնում ենք՝ ՀՅԴ-ն խրախուսում է ռուսական դպրոցները, մենք տեսնում ենք Հանրապետականի հետ ճամբարներում է այն հարցերում, որոնք վերաբերում են հենց արտաքին քաղաքականությանը: ԲՀԿ-ի դեպքում, ասենք թե ՝ «ԲՀԿ-ն զբաղված է միայն բարեկեցությամբ»: Բայց ԲՀԿ-ն կողմ է քվեարկում ՀՀԿ-ի առաջարկած ոչ սոցիալական բյուջեին»:

Սեդրակյանի դիտարկմամբ՝ այս բոլոր սկզբունքները տեսնելուց հետո շարքային ընտրողը սկսում է կողմնորոշվել ըստ իր անձնական նախասիրությունների, ըստ իր անձնական ծանոթությունների, ըստ իրեն տրվող անմիջական ծանոթի հրահանգների: Եվ սա կատարվում է այն դեպքում եւ այն պատճառով, ինչպես քաղաքագետն ասաց՝ երբ ընտրողից խլում են քաղաքական գաղափարական երաշխիքը, նա սկսում է փնտրել այլ երաշխիքներ՝ անձնական, ֆինանսական. «Եվ այս ամենն այնքան բնական է այս համատեքստում: Ուստի պետք չէ մտածել, որ ինչ-որ գլոբալ կամ արտառոց բան կատարվեց: Հայաստանի հանրությանը բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմադիր, թե ոչ ընդդիմադիր, ինչ-որ առումով՝ մամուլը, հեռուստատեսության մասին ընդհանրապես չեմ խոսում, ապաքաղաքականացնում են: Մեդիադաշտի ֆոկուսը գնում է դեպի շոու: Այս շոուի տակ բոլորն անց են կացնում իրենց անձնական ծրագրերը: Հայաստանի քաղաքական ծրագիրը իշխանական էլիտայի հարստացումն է, եւ սա Հայաստանի միակ գործող ծրագիրն է»:

Արդյոք չպե՞տք է ՏԻՄ ընտրություններին լուրջ վերաբերվել, ի վերջո՝ խոշորացվեցին համայնքները, եւ դրանք նախկին, ասենք, 100-200 բնակչով գյուղի ղեկավարի ընտրություններ չեն, ընդ որում՝ «Ելք»-ը նախորդ ՏԻՄ ընտրություններին լուրջ էր վերաբերվել, թեկնածուներ ուներ, օրինակ՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններում: Մեր այս դիտարկմանը Սեդրակյանը հավելեց նաեւ Նոր Կյանք գյուղի ընտրությունները, որտեղ «Ելք»-ի առաջադրած թեկնածուն հաղթեց. «Եվ այս գյուղի ամբողջ կազմակերպվածությունը դարձավ լոզունգային: Չգիտեմ՝ հիմա այս գյուղում դեպքերն ինչպես են զարգանում, բայց մի բան կարող եմ ասել, որ «Ելք»-ն այնքան հետամուտ է իր «Փիարին», որ եթե Նոր Կյանք գյուղում գրանցվեին հաջողություններ, մենք հաստատապես դրա մասին կիմանայինք հենց «Ելք»-ից: Ես չեմ ասում, որ «Ելք»-ից ընտրված գյուղապետը վատն է, բայց Հայաստանի իշխանական համակարգը գերկենտրոնացված համակարգ է, որտեղ ՏԻՄ-ը 14-րդ-ական դեր է խաղում: Եվ բնական է, գյուղացին ընտրում է մերձավորին, թագավորին, իր բարեկամին: Գիտեք, ժողովուրդը մեզանից գործնական է, տեսնում է ոչ թե գաղափարական լոզունգներ, այլ անմիջական օգուտները: Եվ, մեղմ ասած, մտածում է՝ նույնն է լինելու»:

Այս ՏԻՄ ընտրություններում էլ էր նույնը, ինչ ԱԺ ընտրություններում, երբ ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուները միմյանց դեմ էին պայքարում նույն ընտրատարածքներում: Այս առնչությամբ կարծիքներ էին հնչում, թե՝ մրցակցություն չկա, դե ՀՀԿ-ն ՀՀԿ-ի դեմ ինչ մրցակցություն է որ: Մինչդեռ, օրինակ, երեկ Վայոց ձորում պարտված ՀՀԿ-ական թեկնածուն բողոքի ցույց կազմակերպեց հաղթած մեկ այլ ՀՀԿ-ական թեկնածուի դեմ: Անուշ Սեդրակյանը ՀՀԿ-ականների միջեւ պայքարի մասին ասաց. «Ի դեպ, սա Հայաստանի միակ առողջ մրցակցությունն է, եւ սա շոու չէր, սա իրական բան է, որովհետեւ հանրապետականները գնալով շատանում են, պաշտոններն ու յուղոտ պատառները գնալով քչանում են, եւ այդ մրցակցությունը շատ բնական է՝ նյութական համատեքստում»:

Ապա Սեդրակյանը հավելեց. «Բայց կարող եմ ասել, որ սա որոշակի սելեկցիա է տալիս, որովհետեւ հանրապետականների մրցապայքարում շահում է ավելի շատ նյութական ռեսուրս ներդրողը: Դա էլ որոշակի ներդրման տեսակ է: Ուղղակի Հայաստանում այդպիսի կարճաժամկետ նյութական քաղաքական ներդրումները բերում են հայկական քաղաքական դաշտի ամայացման: Որովհետեւ մեր ընդդիմությունը ժամանակին անհեռատես, անհիմն եւ ուխտադրուժ ձեւով ջլատել է միտինգներում ժողովրդի պոտենցիալը: Փոխանակ ապահովի կրթվածություն, տեղեկացվածություն, գիտելիք, ընդհանուր զարգացման հնարավորություններ, որը ծանր եւ քրտնաջան աշխատանք է, նախընտրել է դուրս գալ հրապարակ եւ բոցաշունչ ճառեր արտասանել: Արդյունքում մենք ունենք նաեւ միտինգային ռեսուրսի բացարձակ սպառում»:

Արդյոք առաջիկա տարիներին հնարավորություն եւ հույս կլինի՞ ընտրությունների միջոցով իշխանափոխության, մեր այս հարցին ի պատասխան՝ Սեդրակյանն ասաց. «Եթե մենք ստորագրենք ԵՄ-ի հետ համաձայնագիրը՝ մենք ամեն ինչի հույս կարող ենք ունենալ, բայց ես խիստ թերահավատ եմ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930