Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ընկել եմ ձայների դրախտ»

Նոյեմբեր 08,2017 13:00

Երեւանում է բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթը

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Հայաստան հյուրախաղերի եկող դասական արվեստի այն աստղերը, որոնք մեզ ծանոթ էին միայն արտասահմանյան ԶԼՄ-ներից ու TV-ներից:

Երեւանում է բելգիացի հանրահայտ տենոր Աքսել Էվըրարթը։ Արվեստագետը հրավիրվել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի կողմից՝ թատրոնում մեներգիչների ատեստացիայի հանձնախումբը գլխավորելու նպատակով։

Մի քանի տասնամյակ է, ինչ Էվըրարթի խաղացանկն ընդգրկել է Մոցարտի, Հենդելի, Ռոսինիի, Դոնիցետիի եւ մյուսների համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշների տենորի դերերգերը։ Նրա մի շարք համերգներ հեռարձակվել են Բելգիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Գերմանիայի եւ այլ երկրների ազգային ռադիոյով։ Արտիստը մշտապես հյուրընկալվել է Հռոմի, Փարիզի, Աթենքի, Լիլի, Վենեցիայի թատրոններում։ Երգիչը ցանկալի հյուր է եղել Շտուտգարտի, Ստրասբուրգի, Բադեն-Բենին Հայկորթի եւ այլ նվագախմբերի համար։ Մեծ հետաքրքրություն է ցուցաբերել իտալական Բելկանտոյի հանդեպ։

Վերջին տարիներին Էվըրարթը Լատվիայի ազգային օպերային թատրոնում կայանալիք ցանկացած պրեմիերայից առաջ հրավիրվում է մեներգիչներին արժեքավոր խորհուրդներ մատուցելու համար։ Նա մի շարք եվրոպական երաժշտական ակադամիաներում հյուրընկալվող պրոֆեսոր է։ Պարբերաբար հրավիրվում է միջազգային մրցույթների ժյուրիների կազմում աշխատելու եւ երիտասարդ երգիչներին է փոխանցում իր փորձը։

Հայերս ճանաչված տենորին հիշում ենք 2016 թ. Կուլտուրա TV-ով անցկացված «Բոլշայա օպերա» միջազգային մրցույթից, որտեղ մեր երկիրը ներկայացնող տենոր Տիգրան Օհանյանը հաղթող ճանաչվեց։

Աքսել Էվըրարթը ¥աջից)՝ հայ օպերային երգիչների հետ վարպետության դասի ժամանակ։

«Առավոտի» հետ զրույցում Աքսել Էվըրարթը հարցին, թե ի՞նչ չափով է ծանոթ հայկական մշակույթին եւ մասնավորապես՝ հայ օպերային երգիչներին, ասաց. «Դա տասնամյակների պատմություն ունի, դեռեւս ուսանողական տարիներից այս կամ այն չափով շփվել եմ ձեր մշակույթի հետ։ Իմ պրոֆեսորներից կուզեմ հիշատակել Սեդա ¥Բարուրյան) Դել Գրանդեին, որը հաճախ անդրադառնում էր ձեր հարուստ մշակույթին, հիանալի երգչուհի էր, որը բեմ է բարձրացել աշխարհի հեղինակավոր բոլո՛ր թատրոններում, առանց բացառության։ Տիկին Դել Գրանդեն ոչ միայն ձայնի եւ տեխնիկայի վրա էր աշխատում, այլեւ յուրաքանչյուր դերերգի, ավելին՝ ներկայացնում էր նախ օպերայի հեղինակին, հետո կոնկրետ օպերան՝ թե որ ժամանակահատվածն է ընդգրկոււմ, այս ամենից հետո միայն խորանում էր դերերգի կատարման ու մատուցման մեջ»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ հայ երգիչներից վերջին շրջանում ծանոթ է Հասմիկ Պապյանի, Լիանա Հարությունյանի, Հասմիկ Գրիգորյանի արվեստին. «Երկոււ-երեք օր է, ինչ օպերային թատրոնոււմ վարպետության դասեր եմ անցկացնում, եւ ընդամենը մեկ նախադասությամբ կարող եմ կարծիք հայտնել՝ ընկել եմ ձայների դրախտ»։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ մասնակցելով տարբեր մրցույթների ժյուրիի աշխատանքներին, արդյոք ունենո՞ւմ է նախընտրելի կատարող կամ հետեւում մրցույթից հետո երիտասարդի կարիերային, պարոն Էվըրարթը պատասխանեց. «Ինչպես բեմական ստեղծագործական կյանքում, այնպես էլ տարբեր մրցույթների ժյուրիի աշխատանքներին մասնակցելուց բախտս բերել է, քանի որ գործընկերներս, որպես օրենք, լինում են տաղանդավոր երաժիշտներ։ Հավանաբար ձեր հարցն ունի ենթատեքստ՝ կուզեիք իմանալ՝ կապ պահպանո՞ւմ եմ տենոր Տիգրան Օհանյանի հետ, պատասխանեմ. ձեր տաղանդավոր հայրենակցի հետ շփվում ենք համացանցով։ Ցավում եմ, որ Երեւանում Տիգրանին չեմ կարող հանդիպել ժամանակիս սղության պատճառով, բայց մի բան հաստատ գիտեմ՝ նրան փայլուն ապագա է սպասվում»։

Հետաքրքրությանը, թե՝ որտեղի՞ց է ճանաչում մաեստրո Օրբելյանին կամ գուցե համատեղ ելույթներ են ունեցել, անվանի երաժիշտը պատասխանեց. «Կոնստանտին Օրբելյանի հետ ծանոթացա այս ամառ՝ Ռիգայում կայացած գալա-համերգի ժամանակ, որի ղեկավարությամբ ելույթ ունեցավ մեր ժամանակների բացառիկ գեղեցիկ տեմբրով օժտված տենոր Լորենս Բրաունլին»։

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930