ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի, Ջուզեպպե Գալատիի հետ:
Արմեն Ռուստամյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրում իրականացված քայլերը, անդրադարձել օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքներին եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին:
ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքին, «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Դատական օրենսգրքի» ընդունմանը՝ ընդգծելով, որ կարճ ժամանակահատվածում մեր երկիրը դրական արդյունքներ է արձանագրելու ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ստեղծման հարթակում:
ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել օրեր հետո «ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանի՝ Եվրոպական միության հետ կապերի խթանման պատրաստակամությանը:
Համազեկուցողները հետաքրքրվել են կոռուպցիայի դեմ պայքարով, ինչի առնչությամբ ՀՅԴ խմբակցության անդամներն ընդգծել են, որ կոռուպցիան լուրջ մարտահրավեր է, որի դեմ էական քայլեր են ձեռնարկվում:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանն ու Արարատ Միրզոյանը նույն օրը հանդիպել են Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ։
Հյուրերի խնդրանքով «Ելք» խմբակցության ղեկավարն ու անդամներն անդրադարձել են խորհրդարանում եւ քաղաքական հարթությունում իրենց դերին ու առաքելությանը, օրենսդրական գործունեությանը։
Ներկայացնելով գործընկերներին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է «Ելք» դաշինքի քաղաքական ուղու մասին, անդրադարձ կատարել խորհրդարանական վերջին ընտրություններում տեղ գտած թերություններին եւ օրենսդրական բացերին, ներկայացրել խմբակցության օրենսդրական գործունեությունը։
Մանե Թանդիլյանը ներկայացրել է «Ելք» դաշինքի ծրագրային դրույթներն ու առաջնահերթությունները, անդրադարձել ընտրական կեղծարարությանը, խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ բացահայտված կոռուպցիոն դեպքերին։ Պատգամավորի խոսքով՝ խնդիրներ կան, որոնց լուծման համար ընդդիմությունը պատրաստակամ է համագործակցել քաղաքական մեծամասնության հետ։
Արարատ Միրզոյանը նշել է, որ «Ելքն» այն քաղաքական ուժն է, որը ժողովրդավարական փոփոխությունները պետք է հասցնի իր տրամաբանական ավարտին՝ արդյունքում ունենալով ժողովրդավարական հասարակություն: «Մեր առաքելությունը ապագայի նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումն է»,-նշել է պատգամավորը։
Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ խմբակցությունն առաջին իսկ օրվանից պատրաստ է եղել քաղաքական ուժերի հետ համատեղ խորհրդարանական գործունեություն ծավալելուն։ Ըստ նրա՝ «Ելքը» միակ քաղաքական ուժն է, որը հավատում է ժողովրդավարությանը, ազատ շուկայական հարաբերություններին եւ եվրոպական պետություն ստեղծելու գաղափարին։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլի առաջարկով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանն ու Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել են 2018 թվականի ապրիլից հետո խորհրդարանի դերին ու նշանակությանը, խորհրդարան-կառավարություն հարաբերություններին։
Արարատ Զուրաբյանը ներկայացրել է «Ծառուկյան» դաշինքի անցած ուղին, օրենսդրական գործունեությունն ու խմբակցության քաղաքական առաջնահերթությունները։ Պատգամավորը նշել է, որ սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են դեպի ժողովրդավարություն եւ հավելել, որ փոփոխությունները մեր երկիրը նոր հունով տանելու հնարավորություն են ընձեռում։ Արարատ Զուրաբյանը խոսել է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի թերություններից՝ նշելով, որ այն պետք է բարեփոխել եւ օրենսգրքից հանել ռեյտինգային ընտրահամակարգի վերաբերյալ դրույթը։ Պատգամավորը նշել է, որ Ազգային ժողովը պատրաստ է ստանձնելու կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու իր պարտավորություններն ու հաղթահարելու բոլոր խոչընդոտները։
«Մենք ունենք քաղաքական եւ օրենսդրական բավարար փորձ՝ լիարժեք գործունեություն ծավալելու համար»,- նշել է պատգամավորը։
Գեւորգ Պետրոսյանը, կարեւորելով սահմանադրական փոփոխությունները, նշել է, որ խմբակցությունը մերժողական դիրքորոշում ունի այն նախագծերի նկատմամբ, որոնք չեն բխում ժողովրդի շահերից։ «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքն օրենքների շրջանակներում հետամուտ է ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելուն նաեւ խորհրդարանից դուրս»,- նշել է պատգամավորը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ընտրական գործընթացներին, դատական համակարգի թերություններին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ գործակցությանը։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է. «Ուրախ ենք լսել ձեր տեսակետները, պատկերացումներն ու ընկալումները ձեր խորհրդարանի ապագայի դերակատարության վերաբերյալ։ Դա այն է, ինչի ջատագովն ենք մենք»։
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Հրայր Թովմասյանը, Արաիկ Հովհաննիսյանը եւ Ռուստամ Մախմուդյանը:
Վահրամ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովին Հայաստանի հետ համագործակցության ու ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի: Այս համատեքստում պարոն Բաղդասարյանն ընդգծել է հատկապես արդյունավետ աջակցությունը սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաեւ «Ընտրական օրենսգրքի» ընդունման գործընթացներում:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրում իրականացվող քայլերին՝ պարոն Բաղդասարյանն ընդգծել է, որ այն մշտական գործընթաց է. վերջին տարիներին այդ հարցում զգալի աշխատանք է կատարվել, ինչը նոր թափ է ստացել հատկապես սահմանադրական բարեփոխումներից հետո: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել ակնկալվող արդյունքին:
Խոսելով այս տարի մեր երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին՝ պարոն Բաղդասարյանը նշել է, որ դրանք դրական իմաստով տարբերվում էին Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններից: Նա ներկայացրել է նաեւ սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները:
Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողով-ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողով-համազեկուցողներ համատեղ աշխատանքն այս ձեւաչափում համագործակցության լավագույն օրինակ է համարել: Տիկին Նաղդալյանը, անդրադառնալով այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք ՀՀ Ազգային ժողովն անցնելու խորհրդարանական կառավարման համակարգին, նշել է. «Յուրաքանչյուր ճանապարհ հաղթահարելու գրավականն այդ ճանապարհով քայլելն է, եւ այսօր Հայաստանի խորհրդարանը հենց դա է անում՝ իրագործելով օրենսդրական այն քայլերը, որոնք անհրաժեշտ են խորհրդարանական կառավարման անցնելու համար»:
Հրայր Թովմասյանը հյուրերի խնդրանքով անդրադարձել է մասնավորապես Սահմանադրական դատարանի որոշումներին առնչվող հարցերին՝ փաստելով, որ ի տարբերություն մի շարք երկրների՝ ՍԴ որոշումները չկատարելու հարցում մեր երկրում խնդիրներ չկան: Նշվել է, որ նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանն ստացել է կարեւորագույն լիազորություն, որը վերաբերում է լիազորությունների հարցով իշխանության բարձրագույն մարմինների միջեւ վեճերի լուծմանը. այն հնարավորություն է տալիս կոնֆլիկտային իրավիճակներում գտնելու սահմանադրական լուծումներ եւ դուրս գալու ճգնաժամային իրավիճակից: Պատգամավորը նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքի նախագիծը եւս ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին:
Պարոն Թովմասյանը ներկայացրել է նաեւ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը:
ՀՀ Ազգային ժողով