Դիլիջան քաղաքի բնակիչ Ռուբեն Հովհաննիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին հոր`Գագիկ Հովհաննիսյանի անունով բացված «Գագիկ Հովհաննիսյան» ԱՁ-ի եւ «Նաիրի ինշուրանս» ՍՊԸ-ի միջեւ կնքել է աշխատանքային պայմանագիր եւ հոր փոխարեն ձեռք բերելով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրական վկայագրեր կնքելու լիազորություն`ստացել է «Նաիրի ինշուրանս» -ին հասանելիք դրամական միջոցները հավաքագրելու եւ տիրապետելու իրավունք, ապա վկայագրեր կնքելու համար հատկացված գաղտնաբառն օգտագործելով, ուրիշի գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ, 2014թ. հունիսի 11-ից մինչեւ 2015թ. փետրվար ամիսը ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով, կատարել է ապահովագրական գործարքներ եւ յուրացրել իր վստահությանը հանձնված, գործարքներից ստացված առանձնապես խոշոր չափի`5 միլիոն 534 հազար 395 դրամ գումար:
Ռ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2017թ. հունիսի 22-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Ռ. Հովհաննիսյանի պաշտպանը միջնորդել է քրեական գործն ուղարկել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան, որովհետեւ Ռ. Հովհանիսյանը Ավան վարչական շրջանում է իրականացրել իր գործունեությունը: Միջնորդությունը բավարարվել է: Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում սույն գործով դատաքննությունն ընթացքի մեջ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ