Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս փառատոնը նպաստելու է ինչպես մեր պատանիների երևակայության,, այնպես էլ կինոյի արտադրության զարգացմանը». Արմեն Ամիրյան

Նոյեմբեր 07,2017 22:50

2017 թ. Նոյեմբերի 7-ից 11-ը Երևանում, Ալավերդիում և Գավառում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մոսկվա կինոթատրոնում կայացավ փառատոնի պաշտոնական բացումը: Այն ուղեկցվեց տոնական միջոցառումով և օսկարակիր «Երգիր» ֆիլմի ցուցադրմամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, որն ակտիվ գործունեության համար պատվոգիր հանձնեց փառատոնի նախագահ՝Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանին,Հայաստանում Չեխիայի Հանրապետության լիազոր դեսպան Պետր Միկիսկան, «Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» ֆիլմի դերակատար Իվան Կոլեսնիկովը, «Երալաշ» մանկական կինոամսագրի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:

«Աննա Կարենինա. Վռոնսկու պատմությունը» ֆիլմում գլխավոր հերոսուհու եղբոր կերպարը մարմնավորող Իվան Կոլեսնիկովը իր շնորհակալությունը հայտնեց փառատոնին՝ մասնակցության հրավերի համար: «Ինձ համար մեծ պատիվ է և պատասխանատու գործ՝ ներկայացնել Կարեն Շահնազարով ռեժիսորի աշխատանքը: Կարծում եմ ՝այս ֆիլմը իսկապես մանկական է և կհետաքրքրի լսարանին, քանի որ ֆիլմի վերջում հերոսուհին իրեն նետում է գնացքի տակ» կատակով իր խոսքն ավարտեց դերասանը:

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը կարևորեց՝ փառատոնի տարբեր հաստատություններ ընդգրկելը: «Այն, որ փառատոնը արդեն 13-րդ անգամ է իրականացվում, բացահայտում է նրա կարևորությունը հայ և օտարերկրյա գործիչների, ինչպես նաև լսարանի համար: Մենք ուրախ ենք, որ փառատոնը անցկացվում է ոչ միայն Երևանի կինոթատրոններում, այլ նաև դրանից դուրս՝ այլ հաստատություններում»,-իր խոսքում նշեց Պետր Միկիսկան:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Aravot-ի հետ զրույցում կիսվեց փառատոնի բացման արարողությունից ստացված տպավորություններով. «Ես պետք է իմ հիացմունքն արտահայտեմ, որովհետև փառատոնը չափազանց կարևոր է մեր իրականության համար, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի կառավարությունը, մշակույթի նախարարությունը բավականին լուրջ շեշտադրում են դրել կինոյի արտադրության զարգացման վրա, և բնականաբար այս փառատոնը նպաստելու է ինչպես մեր պատանիների երևակայության, այնպես էլ կինոյի արտադրության զարգացմանը»:

Նա նաև նշեց, որ սա լավ հարթակ է տարբեր երկրների ռեժիսորների , ստեղծագործողների և պրոդյուսերների համար՝ համագործակցելու և նոր ծրագրերի շուրջ համաձայնություններ ձեռք բերելու գործում:

«Ռոլան» մանկապատանեկան միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում Երևանում, Գյումրիում, Ալավերդիում նախատեսվում են կինոդիտումներ, պրեմիերաներ, վարպետության դասեր, հանդիպումներ բուհերում, workshop-եր և կրթամշակութային այլ ծրագրեր:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930