Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդ բառեր

Նոյեմբեր 07,2017 23:23

…Ներանց, ովքեր ուրախությամբ իրենց սերը թաքցրին ինձ մոտ, նոր միայն հոժարությամբ ամուսնացան և հեռացան:

Չորս օր բանատեղ չդրի, այդպես լինում է, երբ աչքերդ խենթի սուր հայացքից ես փախցնում, բայց պրծում չկա՝ «հեռանալ» բառիս հետ մի բան այն չէ, գուցե հիվանդացրել էի նրան, մինչդեռ երբևէ ճամփորդելու, գնալու, հիմնական տեղս փոխելու մասին խորքային չէի մտածել, եղել էին ակնթարթային առերեսումներ՝ տուրիստական բուկլետներում ներկայացված ափամերձ քաղաքների, կամ լեռնային հանգիստը նկարագրող գովազդների հետ, ուրիշ ոչինչ, այսինքն հիմնավոր պատճառներ չունեմ, թե օրեր շարունակ հանգիստս բռնած խոսքը որտեղից ու երբ է վարակվել:

Մտքումս «հեռանալ» բառն իրեն այսուայնկողմ է նետում, իրենից հոմանիշներ է ծնում՝ «քաշվել-գնալ»: Անցյալի փորձիցս հասկանում եմ, որ այսպիսի շարունակությունը դժբախտության կբերի (մարդկանց խորշանքները, ամիսներով հիվանդասենյակում փակվելու, իսկ գլխավորը նրան այլևս չայցելելու…) ու գլխումս Բառահատման սրահն է պտտվում, որից խուսափում էի, փոքրուց որոշակի բառեր տարել էի այնտեղ, սրանց մտքիցս կտրել-հանել էին, հատելու պրոցեսը վանում ու չեմ մտաբերում, ինձ հուսադրում եմ՝ կանցնի, համբերի՛ր:

Հեռանալ բառը տեղով վտանգավոր երևույթ է, փողոցներում, տներում, ամենուր փակցված էկրանիկները գուժում են հիվանդ բառերի դեմ պայքարելու միջոցները, և հատկապես նախազգուշացնում են «հեռանալ-ու» անսպասելի ու մահավտանգ խորամանկությունների մասին:

Հեռանալ-ն իրենից արտադրում է նաև անջատվելը, ու ես հետզհետե քաշվում եմ մարդկանցից, սիրտս անհանգիստ է, շարժումներս սովորականից տարբերվող՝ ցատկող, արագացող, հանկարծակի դադարող, սրանք ինձ կմատնեն, տնից ելնելուց առաջ ճիգ եմ գործադրում, որ ամենքի նման հավասարաչափ քայլեմ: Միացնում եմ էկրանիկն ու երեխաների համար նախատեսված քայլերի շարժանկարները վերհիշում՝ նորից չափումներ եմ կատարում՝ մի ոտքս մյուսից` հեռավորությունը 30 սմ., արագությունը 12 րոպեում 1 կիլոմետր. այս ամենը, որպեսզի մարդիկ միանման շարժվեն ու անսպասելիությամբ մեկը մյուսին չխանգարեն, մտածողությունը գրեթե միևնույն, իսկ հիվանդ բառերը ներխուժում այլանդակում են միօրինակությունը: Առավոտյան անկողնուց թռա. դուռը, մի թևիս հագած շապիկը, ոտքերիս կոշիկները ինձ գցեցին դուրս. արագ էի վազում. պատկերները լուծվում են. դեղատան կանաչ լույս, կարմիր շրջազգեստ, գլուխը կախ՝ օդում հետագիծ թողող ձեռքեր…(ժամում 30 կմ. վազք, մտածողությունս մասնիկային քար-կատու-մարդ, առանց գույների ու վերլուծության, տեսողությունս աչքերից ներս չանցնող) որովհետև, երբ երազներումս քեզ կարոտում ու օձից կծածի պես զարթնում եմ, վազում եմ, որ տեսողությունս չմարսի շուրջս:

Երկու կին զրուցում են՝ փայտացած հայացքներով, առանց շուրջը նայելու՝ միմյանց աչքերի մեջ հառված, զրուցելու կերպը միայն այդպես է հնարավոր, եթե կողքերդ նայես՝ մեկ այլ իրողություն, առարկայի բերես քո հայացք ու շարունակես զրուցել, դիմացինդ անմիջապես կնկատի ու կկապվի սրահի հետ: Կամենում եմ աննկատ անցնել, վազքս հանդարտում ու նախատեսված արագությամբ հավասարվում եմ ներանց, ասես պայմանավորված՝ երկուսով լռում և ուղիղ աչքերիս են նայում, անժպիտ, անկյանք, կարծում եմ, ներանցից հատել են բոլոր հիվանդ խոսքերը ու թողել են այո, ոչ-ը, այժմ այնքան են շատացել դատարկամտերը, որ դող է ընկնում մարմինս, ափերով փակում եմ ներանց հայացքն ու ցաքուցրիվ շարունակում եմ քայլել, – երիտասա՛րդ,- ճչում է ներանցից մեկը, մյուսն ասում է՝ Ձեզ շնորքով պահե՛ք: Այլևս արագ, անբնական եմ առաջանում, նրանք պայուսակներից հանում են էկրանիկներն ու նկարում են ինձ, ես որսվել եմ, բռնվում եմ, ասում եմ ինքս ինձ ու առանց շրջվելու փախչում եմ…

Սպասում, ինձ զսպում եմ և լողավազան այցելելու օրերին եմ ներան մտաբերում ու ջրի տակ արտասվելու ընդունակություն եմ ձեռք բերում, որպեսզի չնկատեն: Գոնե կիրակին շուտ մոտենա, նե արդեն երկու ամիս կլինի հիվանդասենյակում է, յուրաքանչյուր կիրակի հարազատները հնարավորություն ունեն այցելելու այնտեղ, վարակվելուց խուսափելու համար՝ հիվանդներին պահում են ապակիներով բաժանված հեռավորության վրա ու մեկը մյուսի ձայնը չի լսում:

-Կգա՛ս, – մատնվելուց առաջ ասում էր նե, – բերանդ կմոտեցնես ապակուն ու բժիշկներից աննկատ գոլ կփչես, հետո մի քանի կտոր գալարուն ալիք կնկարես, ես կտեսնեմ, – ասում է, – նորից կհիշեմ բառս… չբռնվես, – ասում է, – ոչ մի դեպքում չբռնվես, որ կարողանաս ինձ հիշեցնել…

Քանի նե կողքիս չէ, երկուսիս հոգեհարազատ բառը հեշտությամբ է թաքնվում, ինչպես ասեմ ներան, որ երկու ամսվա ընթացքում, մեր վատառողջ բառն այնքան եմ դրել ճնշման տակ, մամլիչով սեղմել, ինչի հետևանքով ուրիշներն են եկել՝ ցրվել մտքումս, սրանցից հեռանալ-ը մյուսներին անցել ազատ շրջում է գլխումս, տարածվում է անսանր մազերումս, մարմնիս յուրաքանչյուր շարժման մեջ իրեն հայտնում է, սա ահ չունի, չի ենթարկվում մամլիչին, մտքումս բռնում սեղմում եմ պատերին, արյունաքամ անում, բայց նա կրկին սպրդում՝ հավաքում է հոմանիշներին ու անցնում պայքարի, հիմա՛ր բառ, նույնիսկ չգիտի, որ տենչում եմ իրեն պաշտպանել, Բառահատման սրահում նրան բռնելու են ստորացնեն, տառառտառ առանձնացնեն ու վերացնեն: Երբեմն պառկում, ափերով բռնում եմ գլուխս, քունքերիս մեջ շոշափում ու հենց զգում եմ հեռանալ-ն այնտեղ է՝ խոսում եմ հետը, համոզում եմ թաքնված մնալ, բացատրում եմ՝ նա էլ ուրիշ մեկից է ծնվել, որ առաջացել է իմ ու նրա գլխավոր բառից, ինչը տարիներով փայփայել ու թաքցրել ենք, հիմա եկել ուզո՞ւմ ես մատնել մեր սիրելի բառը:

-Մեկ անգամ արդեն իմ սիրտը թալանել են, – ասում էր նե, – մտել՝ ճանկռել, դուրս գալիս էլ անոթները պոկել են, չմոռանա՛ս ալիքները…

Քիչ-քիչ հասկանում եմ, որ հեռանալ բառը դավաճան է, բառահատման սրահի կամայականություն, եկել է, որպեսզի իր հոմանիշներով անջատի ինձ ներա պահ տված բառից, ինչպե՞ս վարվեմ, մտմտում եմ. պառկում, հետզհետե սպանում եմ մարմինս, որտեղ նա բնավորվել ու մեկնելու շարժում է առաջացնում, Էսօր մահացնում եմ ոտքերիցս մեկը՝ ծալում դնում եմ տակս թմրում է, սակայն մտքումս պարող մարդ կա, ում շարժումները սև են. արմունկները, ծնկները բոլոր միացման կետերը կտրված են ու անտես. ինքս ինձ պարացնում եմ, որ խավարում կայծեր առաջանան՝ մթնագույն մարմինս մթով իր գծերն առանձնացնի, լույսից փրթիկներ արտադրի ու ներա թողած բառը փնտրի. այս միանման քաղաքում հեռանալ-ն իր մեխանիզմներով, «գլուխն առնել գնալու» հոմանիշ խոսքերով ինձ կործանման է տանում:

Երբ միասին թափառում էինք քաղաքում, տարեց մարդու հանդիպելիս ասում էի.

– Մեզնից շուտ ես գնալու՝ աչքերովդ թարթի մեզ, որ երկնքում ցույց տաս:

Ոնց որ ապարատի դիմաց՝ գրկվում նայում ենք ծերունու աչքերին (ես մտքում ունեմ ներան, կղզիները, անտառի խրճիթն ու…) ու թարթ: Մեզ չորս կողմից նկարում են, մենք ֆոտոապարատների աշխարհում ենք, մեր բոլոր կադրերը տանելու են վերևներին ցույց տան, մենք ֆոտոալբոմ ունենք վերևում, մեզնից ոչինչ չի մոռացվում, որովհետև մարդիկ զբաղված են միայն մեզ նկարելով ու մեզնից առաջ մեռնելով՝ շուտ գործն էնտեղ հասցնելու մոլուցքով:

Կիրակի. Բառահատման սրահում մարդկանց կուտակումներ են, բուժանձնակազմը յուրաքանչյուրին հատուկ թղթեր է տրամադրել, մարդիկ իրենց անառողջ բառերը դրանց վրա են լրացնում, և սպասում են անվանականչին: Տարեցները գլխահակ նստել են պատի երկայնքով, ավելի երիտասարդները ճաղավանդակ պատուհանների մոտ են կանգնել, իսկ երեխաների սենյակից լացի ձայներ են լսվում, սենյակի դուռը շրխկաց հետնապատին՝ աղջնակն արտասվելով վազեց սրահով մեկ ու ընկավ կողքս, գրկեցի հատակից բարձրացրի՝ նե սնկրտալով ցույց տվեց թաթիկներում ճմռված թուղթը, սրա վրա գրված էր՝ «կարմիր լուսին»: Ուրեմն երեխան կարմրած լուսին էր տեսել՝ հրճվել ու մտքում պահել, հետզհետե լուսինը ծնել էր իր հոմանիշներն ու աղջնակին հեքիաթային աշխարհ տարել: Ծնողները զգացել էին հիվանդագին բառի ներկայությունն ու բերել էի Հատման կենտրոն:

Ներա մայրը մոտեցավ գրկիցս վերցրեց երեխային, աչքն ընկավ թղթիս բառին՝ «հեռանալ», ու վախվորած՝ դստերն իրեն սեղմելով ծլկեց մանկասենյակ:

Զտել լեզուս, նոսրացնել այնքան, որ մեկ երկուսը, որոնք կարող են նախադասության՝ նույնիսկ հատվածի մի ծայրից մյուսը լինել՝ միանան անմիջապես, առանց կապի. դու ինձ համար հեռվում բնակվող ձայն ես, ջնջել դու-ն,, ինձ-ը, համար-ը, ես-ը, հեռվում բնակվող ձայն, էս բառերում է կայանում ընտրության տանջանքը, ձայնը ստորացնենք հեռվում-ի մեջ, թե՞ բնակվողը՝ ձայնում…

Թորելով լեզուս, հազիվ վերջին բառով կարողանամ ներան հասնել, այսինքն ինձ տրվել է սահմանափակ որոշակի քանակություն, որպեսզի ապրեմ, մեկ էլ՝ «սեր», քաղաքում չէին սիրում, որովհետև սիրելով շատ էին խոսում, հետևաբար մարդիկ խուսափում էին ծախսել իրենց բառամթերքը, որպեսզի շուտ չմեռնեն, սրանք պահում էին նեղ օրերի համար, ամբողջ կյանքում մի քանի անգամ, այն էլ դողդողալով, սրան-նրան խնդրելու, կարիերայի հարցերում, և այլն. Ես սիրահարվեցի՝ ինձ տրված բառերը սկսեցի վատնել, երբ եկավ տուն կառուցելու պահը, երբ եկավ աշխատանքի անցնելու ժամանակը, այլևս բառեր չունեի, իսկ շուրջս աշխուժություն էր՝ հարազատներս, ընկերներս, ծանոթներս՝ քմծիծաղով հանեցին թաքցրած բառերն ու անցան գործի:

Այսպիսով, հեռվում բնակվող ձայներ կան, (անբնակ տներում, որտեղ քամին ցավաձայներ է թողնում, գիշերվա ճիչը, որը մտքում ենթադրյալ պատմություններ է հյուսում, շան կսմտոցը, մանրաքարերի ոտնաձայները…), սրանց լսում բայց չեմ վատնում՝ ջուր, անդադար ջուր եմ խմում, որ չխոսեմ ու կարողանամ ներան ասել. գնանք հեռու մի տեղ, հեռուն հարաբերական բան լինի՝ հեռու մեր նախկին տեղից, լինենք մեր իմացած հեռվում ու նորից հեռվի մասին մտածենք, ինձ տար էսպիսի հեռուներ, օրվա մեջ որոշ ժամանակ կհատկացնենք մտածելուն ու հանգչող կրակի պես կխառնենք մեր բառերը, բովվեն նորերը ծնվեն ու մենք չմեռնենք հետո կգինոտվենք, կզվարճանանք, կխելագարվենք դրսի պատշգամբից, կամ կիսաբաց դռնից հերթով օդ կքաշենք կբերենք կփչենք ներս, միասին վրան խփենք մեր եղած տեղից հեռու մի վայրում ու տրվենք գիշերային երկնքի ճզմոցին, որ անընդհատ աստղերը իջնեն մեր գլխին՝ էնքան մոտենան, չկարողանանք շարժվել, որովհետև գիշերվա երկինքը իջնելու կախվելու հատկություն ունի. Էսօր՝ Բառահատման սրահում ծերունու խաղաղությամբ եմ քեզ կարոտում՝ էդ թռվռոցից ուժեղ կարոտ ա ու պառավի անեծքներով եմ քեզ մոտեցնում:

Այս կիրակի ներան չեմ տեսնում, քանզի փողոցում հանդիպած կանանց նկարահանածը տեղ է հասել, ինձ բերել են Հատման կենտրոն, մինչ նրանք գլխիս են միացնում սարքերն ու շարժապատկերներով ստուգում արձագանքման ռիթմերս՝ ես խաղաղությամբ ննջում եմ, որովհետև վախենալու բան չունեմ. նրանք գտնելու են իրենց իսկ ստեղծած «հեռանալ» բառը՝ արնաշաղաղ, սպանված, որն այդպես էլ չկարողացավ հասնել ներա թաքցրած խոսքին…

Հաջորդ օրը զսպելով ուրախությանս դրսևորումները՝ հետևելով ոտքերիս հեռավորությանը՝ 30 սմ., շտապում եմ ներան դիմավորելու. նե Բառահատման համազգեստով տղամարդու ձեռք է բռնել՝ կիսով հենվել սրա ուսին, մոտենում եմ՝ բարևում, քանի սրիկան ներա կողքին է չի ստացվում կարգին բան խոսել, նե ասում է՝ մենք ամուսնանում ենք, կարող ես շնորհավորել, ես բռնում եմ ներա ձեռքը, իբր շնորհավորելու՝ պինդ սեղմում եմ, այնպես որ մատները ալիքվեն ու ներա հայացքը շեղում բերում եմ ալիքներին, նե անհաղորդ է, պաշտոնյան սրում է հայացքը՝ ուղիղ աչքերիս է սևեռվում, գնալուս ժամանակն է, նրանից այլևս անջատել են մեզնից ծնվածին, բայց նե հասցրել էր իր հիվանդ բառն իմ մեջ պահ տալ…

Սուտ է, թե տղամարդը չի ծննդաբերում, նրանից հեռանում ու սկսում եմ ծնել ներան՝ լորձոտ, ճմրթված, ըստ ընդունված կարգի պորտը չեմ կտրում, ներան փաթաթում եմ մեջքիս ու շարունակում քայլել, որովհետև քայլելու ընթացքում է հարմարվում մարմնիս՝ նե սահում, ընկնում, ծալվում է ափիս, այլևս ներա կյանքի թելն իմ ափում է:

Լևոն ՇԱՀՆՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930