Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հյուրընկալել էր Եվրամիության գլխամասի Արևելյան Հարևանության երկրների տնօրեն Լոուրենս Մերեդիթիին, որը և այցելել էր Գյումրի՝ քննարկելու, թե ի՞նչ ներդրումների կարելի է անել Գյումրու տնտեսության զարգացման համար։ Նա ասաց, որ առաջին անգամն էր Գյումրիում։
«Սա իմ առաջին այցն է, շատ ուրախ եմ տեսնելու ու հայտնաբերելու այսպիսի գեղեցիկ քաղաք»,-ասաց Եվրամիության պաշտոնյան։
«Հանձնակատար Հաննը իր նախկին պաշտոնում հանդիսացել է հանձնակատարը տարածաշրջանի՝ Եվրոպական Միության ներսում։ Եվ երբ նա երկու տարի առաջ ինձ նշանակում էր իմ պաշտոնում, նշեց, որ շատ կարևոր է ՝ Եվրոպական Միության աջակցությունը ոչ միայն մայրաքաղաքներում, այլ պետք է դուրս գալ դեպի մարզեր։ Այս առավոտ գերազանց հանդիպում ունեցա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ և փոխանցեցի նրան հանձնակատարի արձագանքն այն մասին, որ կառավարությունը պետք է ընտրի պիլոտային տարածաշրջան Եվրամիության աջակցության համար։ Եվ այդ հանդիպումից հետո հասկացա, որ շատ լուրջ հիմքեր կան կարծելու, որ Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի հետ ավելի սերտ ենք համագործակցելու»,-շարունակեց Լոուրենս Մերեդիթին։
Նա առաջարկեց էներգետիկայի խնայողության պիլոտային ծրագիր իրականացնել Գյումրիում։ «Մեկ այլ պատճառ, որ ինձ բերել է Հայաստան այսօր այն է, որ հանձնակատար Հաննը շատ հետաքրքրված է էներգետիկայի ոլորտով։ Եվ վաղը մենք ունենալու ենք բարձրաստիճան մեծ համաժողով, որին կմասնակցեն էներգետիկայի նախարարությունից, համաշխարհային բանկից, ՎԶԵԲ-ից, ներդրումների բանկից եվրոպական։ Եվ եթե Շիրակը հաստատվի որպես պիլոտային մարզ, էներգիայի խնայողությանը վերաբերող ծրագրերը կլինեն որպես ուղղություն ընտրված»,- ասաց Լոուրենս Մերեդիթին։
Գյումրու քաղաքապետը հետաքրքրվեց, թե բացի էներգետիկայի ոլորտից ի՞նչ այլ ուղղություններ են ընտրելու։ Եվրամիության պաշտոնյան թվարկեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, մասնավոր հատվածի կամ բիզնեսի ինկուբացիոն ծրագրերն են, ենթակառուցվածքների զարգացումը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելուց բացի, առաջարկեց ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, օրինակ՝ քաղաքի տրանսպորտային ոլորտում։
«Մեզ հետաքրքրում է աղբի վերամշակումը , փոքր քաղաքի մեջ մենք պետք է կարողանանք այդ ամենը օգտագործել, արտասահմանյան փորձը կա։ Իսկ տրանսպորտը պետք է արմատապես փոխել, որովհետև հիմա մենք Խորհրդային Միությունից ժառանգություն ստացանք, անհարմար է ասել, բայց նման իրավիճակում չի կարելի թողնել, մանավանդ ունենալու ենք շատ լավ փողոցներ՝ լուսավորված,ասֆալտապատված, պետք է տրանսպորտը համահունչ լինի և կանգառները, և նաև տրանսպորտային միջոցները, ցանցը պետք է նորմալ լինի», -ասաց Սամվել Բալասանյանը։
Արևելյան Հարևանության երկրների տնօրեն Լոուրենս Մերեդիթին համաձայնեց, որ ենթակառուցվածքները շատ կարևոր են ու խոստացավ այս գաղափարները պրոպագանդել։
Նա ասաց, որ պատրաստ են համագործակցել՝ հասկանալով, թե ինչ ուղղությամբ իրենց ներդրումը կատարեն։
Այցի ավարտին Սամվել Բալասանյանը կլկլան բաժակ նվիրեց Եվրամիության պաշտոնյային։
Լրագրողների հետ զրույցում Եվրամիության պաշտոնյան հստակեցրեց, որ համագործակցությունը կարող են զարգացնել թվային տնտեսության, տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների ոլորտում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ