Հայաստանում բավականաչափ քննադատվող, բայց և նշվող Հելոուինը անպատասխան չմնաց. Վերնիսաժում նոյեմբերի 7-ին Կենտրոն վարչական շրջանի կազմակերպված Ղափամայի փառատոնը դրա պատասխանն էր: Սա` մասնակիցների կարծիքով, ովքեր Կենտրոնի 21 մանկապարտեզների ներկայացուցիչներ էին:
Կազմակերպիչներից Կենտրոնի կրթության և մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Սուսաննա Լևոնյանը դեմ է օտարածին տոները հայկական միջավայր բերելուն:
Փոխարենը կոչ է անում` Հայաստանի նման փոքր և թշնամիներով շրջապատված երկրի համար կենսական նշանակություն ունի ազգային ավանդույթները պահպանելը. «Քանի որ մեր ազգը ինչ-որ կերպարներով տոն է նշում վերջին շրջանում, մենք կազմակերպեցինք այս փառատոնը, որ երիտասարդները հասկանան` այդ դդումն ինչպես են իրենց պապերն օգտագործել: Դրա խորհուրդը կենսատու է, ներսում արևի խորհրդանիշն է»:
Հարցին, թե ինչու են փառատոնին որպես մասնակից ընդգրկվել բացառապես մանկապարտեզները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ավանդական այս ծեսերը երեխան ավելի հեշտորեն է տուն տանում, քան նույնիսկ ծնողը: Ուստի նման արժեքներ պետք է մանկուց սովորեցնել»:
Դդումից պատրաստված կերպարները բարի են, ժպտուն`հակառակ Հելոուինի չար կերպարների: Ներկաներին ցուցադրվեց նաև շերեփանման դդում` նախատեսված գինի լցնելու համար:
Համտեսը չսահմանափակվեց միայն ղափամայով: Թիվ 13 մանկապարտեզը ներկայացրել էր նաև Սիսի ու Մասիսի մանրակերտը. «Պատրաստել ենք Սիսն ու Մասիսը փոխինձից, ծիրանի մուրաբայի հյութից, դդմի կորիզներով էլ զարդարել ենք»,-նշեց դաստիարակչուհի Աստղիկ Կարապետյանը:
Մասնակիցներից ոչ բոլորն էին համաձայն փառատոնը Հելոուինի հայկական նախատիպն անվանելու գաղափարին: Թիվ 8 մանկապարտեզի անձնակազմն ընդդիմանում է` «հայկական Հելոուին չի լինում, մենք դա չենք ընդունում»:
Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ