Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին ցույց կտան իրականում որտեղ է աղբի տեղը (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 20:50

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով, երբ առավոտյան Իջեւան էր գնում ճանապարհները մաքուր, աղբից ազատված է տեսել, սակայն արդեն երեկոյան` վերադառնալիս ճանապարհի երկայնքով աղբի կուտակումներ է նկատել: Անկախ այն բանից, որ որոշ տարածքներում կան աղբամաններ` մարդիկ աղբը փողոցում են թափում: Այսօր կառավարության մամուլի սրահում «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակներում երեք սոցիալական ուղղվածությամբ տեսահոլովակ ցուցադրվեց` «Աղբի տեղն աղբամանում է»,-այսպիսի ուղերձով: Դրանով մեր քաղաքացիներին կոչ էր արվում աղբը նետել աղբամանի մեջ, ոչ թե այգիներում, ճանապարհներին ու փողոցում:

Aravot.am-ի հարցին, թե այո, աղբի տեղն աղբամանում է, բայց, եթե աղբաման չկա, աղբը հայտնվում է փողոցում, կառավարությունը ունի՞ ծրագրեր հատկապես` մարզերում, քաղաքների ծայրամասերում աղբամաններ տեղադրելու, Վաչե Տերտերյանը պատասխանեց.

«Աղբահավաքության վարձավճարներից առաջացած ֆինանսական հոսքերը, որոնք էական աճ են արձանագրել, ենթադրվում է, որ այդ հոսքերը կբերեն նրան, որ համայնքները կկարողանան ավելի պատշաճ, ավելի կանոնակարգված աղբահավաքություն իրականացնել: Ինչ է դա նշանակում. կգնվի նոր տեխնիկա, կտեղադրվեն նոր աղբամաններ, կձեւավորվի ստանդարտներին համապատասխան աղբավայր, որտեղ այդ աղբը կտեղադրվի: Մենք Դիլիջանում, Նոյեմբերյանում, Կապանում, Տեղում, համայնքային բյուջեներից աղբամաններ տեղադրվում են: Շատ մասնավոր տնտեսվարող սուբյեկտներ արձագանքել են մեր այս կոչին եւ այս ուղղությամբ աշխատանքներ իրականացրել են»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Տերտերյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե քանի դեռ չունենք աղբի վերամշակման գործարաններ, աղբը հավաքելով ու մի տեղից մյուս տեղ տեղափոխելով, արդյոք մեկ այլ տեղ չե՞նք ստեղծում էկոլոգիական խնդիր:


«Փորձագետները մեզ ասում էին, որ վերամշակումը բիզնես մոտիվացիա է ձեռք բերում, երբ որ այն առնվազն 130-150 հազար տոննա կոմպակտ հավաքում է ենթադրում: Այսինքն` շատ կազմակերպված ձեւով 130 հազար տոննա աղբ պիտի մի տեղ բերվի տարեկան, որպեսզի հնարավոր լինի մտածել այդ բիզնեսի մասին: Ինչից հետեւում էր, որ մենք պետք է այդ աղբահանության բիզնեսը ձեւավորենք, որպեսզի մի մասնավոր գործընկեր հայտնվի, որ ուզենա այդ աղբահանության վրա վերամշակում անի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Տերտերյանի համոզմամբ, պետք է ունենանք ոչ միայն աղբահավաքություն, այլեւ` աղբի վերջնական տեղադրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Վաչե Տերտերյանի, 2017 թ-ի հոկտեմբերի 21-ի դրությամբ 2033 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1587-ը, փակման ենթակա է 163 աղբանոց, այս պահին շահագործվում է 298-ը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930