Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ վտանգի մասին. «Ադրբեջանական կողմը փորձում է վերակենդանացնել այսպես կոչված խաղաղության պլատֆորմ նախագիծը»

Նոյեմբեր 07,2017 20:40

Այսօր Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսն էր:

Լրագրողները հարցրեցին՝ տարբեր միջազգային հարթակներում հանդիպումներից վերադառնալով՝ հայ պատվիրակները պատմում են ադրբեջանական լոբբիստական գործունեությանը դիմակայելու իրենց փորձերի մասին, չե՞ք կարծում, որ պատասխան տալու ժամանակն անցել է, ավելի ճիշտ չի՞ նախահարձակ լինել, որ իրենք փորձեն պատասխան տալ:

Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այդպիսի վիճակ էր Կիեւում, իրենք էին փորձում մեր նախաձեռնությունների հետեւից ընկնել, փորձել չեզոքացնել: Մենք ծրագրային ամբողջ ծավալով մտել էինք, հայկական պատվիրակությունը միակն էր, որ հնարավորությունից օգտվեց եւ գրավոր հարցեր ուղարկեց եվրահանձնաժողովին: Մենք 5 հարց էինք ուղարկել տարբեր հանձնակատարներին:

Լոբբիզմը ներկայիս քաղաքական մշակույթի կարեւոր մասն է, խնդիրը հետեւյալն է՝ արդյո՞ք այդ լոբբիզմը օրինական է, թե՞ կոռուպցիոն է: Մենք Եվրոպառլամենտի հետ կապված աշխատանքներում պետք է պրոֆիլակտիկ զգույշ լինենք՝ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի դառը փորձը: Կոռուպցիոն սկանդալները ԵԽԽՎ-ում պետք է կանխել, որ դրա տարածումը չլինի»:

Աշոտյանն ասաց, որ ադրբեջանական պատվիրակության հետ ունեցել են գործընկերային հարաբերություններ, դահլիճում թեժ է եղել, բայց դահլիճից դուրս անգամ մարդկային շփում է եղել:

Աշոտյանը զգուշացրեց մի վտանգի մասին՝ «Ադրբեջանական կողմը փորձում է վերակենդանացնել այսպես կոչված խաղաղության պլատֆորմ նախագիծը: Վերջերս Թբիլիսիսում կայացավ խաղաղության նոր պլատֆորմի, այսպես ասած շնորհանդեսը, առաջին պլատֆորմի անփառունակ խայտառակ սկանդալային տապալումից հետո սա երկրորդ փորձն է կեղծ խաղարարության եւ կեղծ մեթոդներով իբր թե վստահության վերականգնման միջոցառումների նախաձեռնողը լինել՝ պատճառաբանելով, որ ե՛ւ այնտեղ կան հայեր, ադրբեջանցիներ, իրենք իրար հասկանան: Մեզ, իհարկե, պետք է վստահության վերականգնման մթնոլորտ, բայց ոչ երբեք նման կեղծ իմիտացիոն հարթակներում, ինչպիսին խաղաղության պլատֆորմ 2-ն է, խնդրում եմ ձեր ուշադրությունը այդ հակահայկական նախաձեռնության հանդեպ: Փորձենք սաղմնային վիճակում չեզոքացնենք վտանգը»:

Վարդան Բոստանջյանն էլ հավելեց, որ եվրոպական կառույցները նախահարձակ լինելը չեն ողջունում, նրանք շատ լավ հասկանում են, թե ով ինչ խնդիր է լուծում: Հայկական պատվիրակության էթիկան, շրջահայացությունը, ըստ Բոստանջյանի, եվրոկառույցների կողմից եւ առանձին երկրների պատվիրակությունների կողմից հավանության է արժանացել: Դա այն թատերաբեմը չի, որ ապացուցես, թե ով ավելի ուժեղ հարվածեց ու ով է ուժեղ:

Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը իր բոլոր ուղղություններով, պատվիրակությունով որակական աճ է ապրում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930