Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում 2018-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ամփոփման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց՝ «Հիմա էս ժողովուրդը 10 տոկոս վա՞տ է ապրելու»: Ըստ նրա, ընդդիմությունը մամուլով նման հայտարարություններ է անում եւ իշխանությունը դեռ սրա պատասխանը չի տվել. «Ես Ձեզ պաս եմ տալիս, որ Դուք պատասխան տաք, տեսնենք ինքնագո՞լ ենք անում, թե՞…»:
Վարդան Արամյանն էլ սկսեց պատմել, թե ինչքան տնտեսական աճ ենք ունենալու, գնաճը որքան է կանխատեսվում, ասաց, որ այս բյուջեն տանում է դեպի կայունացում եւ այլն: Նա ասաց, որ մյուս տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մոտ 300 դոլարով ավելի շատ է լինելու, քան այս տարի է, մոտ 8% էլ տրանսֆերտների աճ են սպասում, որը նույնպես տնտեսության վրա կազդի: Ամփոփելով այս ամենը՝ Արամյանն եկավ այն եզրակացության, որ կյանքը գնալով չի վատանալու, ինչպես պնդում են ընդդիմադիրները, քիչ-քիչ տնտեսական աճը աշխատավարձի բարձրացման կհանգեցնի, մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել:
Շարմազանովի խոսքով՝ մենք 10 դրական բան ունենք, 4 բացասական, բացասականները դրոշակ են սարքում. «Մենք ճիշտն ասում ենք՝ ժողովուրդ ջան, սա է իրավիճակը, մենք չենք ուզում գնալ ցնցումների ճանապարհով, երկարաժամկետ հեռանկարային ծրագրով ենք գնալու»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հակադարձեց. « Որ կենսամակարդակի անկում է լինելու՝ դա ակնհայտ է, կա հասարակության բեւեռացում՝ հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի աղքատանում»: Ըստ նրա, ՀՆԱ-ն իսկապես կարող է աճել, բայց հասարակությունը դրանից ավելի լավ կարող է չապրել՝ անկախ նրանից, որ այդ ցուցանիշը բարձրանա:
Արամյանը համաձայնեց, իսկապես, միայն հոսքերը կարեւոր չեն ու եթե արդյունավետ չի լինում, պետք է կարողանալ պաշարները արդյունավետ հարկել, իսկ դրա համար գույքահարկի նոր ռեֆորմ են անելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ