Կենտրոնական բանկը հաջորդ տարի պատրաստվում է փող տպել, ընդ որում խարդախություններից խուսափելու համար տպելու գործը պատրաստվում է վստահել այն կազմակերպություններին, որոնք եվրո են տպում:
Այսօր այդ մասին ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ հաջորդ տարի փող տպելու երրորդ փուլն է եւ հաշվարկ են անում, թե որ թղթադրամն է ավելի մաշված, ինչ շրջանառություն ունի եւ ինչ քանակով է անհրաժեշտ տպել. «Մենք մրցույթ ենք անցկացնում սկզբում դիզայնի, մասնակցում են մեր գիտնականները, նկարիչները, եկեղեցու ներկայացուցիչները: Դիզայնը հաստատելուց հետո դիմում ենք այն կառույցներին, որոնք տպագրություն են անում»:
Ջավադյանն ասաց, որ ԵԱՏՄ անդամ պետություններից դժգոհել են, որ ԿԲ-ն հայկական թղթադրամներ տպելու մրցույթին մասնակից է ուզում դարձնել միայն եվրո տպող կազմակերպություններին, բայց, քանի որ այդպիսի սկզբունք է որդեգրել ԿԲ-ն, այդպես էլ շարունակում է:
Մանե Թանդիլյաննն այստեղ շահերի բախում էր տեսնում, որ ԿԲ-ն որոշում է ինչքան փող տպագրի, ինքն էլ վերահսկում է՝ տպագրվե՞ց, թե՞ ոչ: Ֆինանսների նախարար Արամյանն էլ պատասխանեց, որ ամբողջ աշխարհում փողի վերահսկողության գործառույթը ԿԲ-ինն է: Եթե մի բան այն չեղավ՝ գնաճի է հանգեցնելու ու ո՞վ է լինելու պատասխանատուն՝ ԿԲ-ն:
ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը Ջավադյանից հետաքրքրվեց՝ ԿԲ նախագահի երկու տեղակալները պետք է 25 տարին լրացած լինի, արդյո՞ք միայն բարձրագույն կրթությունն ու 3 տարվա դրամավարկային քաղաքականության բնագավառում աշխատանքը բավարար է, որ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ լինեն. «Բոլորս էլ գիտենք, որ 25 տարվա ընթացքում մինչեւ կրթություն ստանան, հետո մասնագիտական ստաժ ձեռք բերեն…արդյո՞ք քիչ չի 25 տարեկանի պահանջը»: Ջավադյանն ասաց, որ այլ չափանիշներ էլ են դրել, բայց 25 տարեկանը սահմանել են՝ միջազգային փորձը հաշվի առնելով. «Վրաստանի իմ նախկին կոլեգան 28 տարեկանում դարձավ ԿԲ նախագահ: Ճիշտ է, դա շատ հազվագյուտ դեպքերից էր, բայց, քանի որ կար օրինակ միջազգային պրակտիկայում, մենք 25 տարեկան նշեցինք»:
Հետո Ջավադյանը շատ բարձր կարծիք ունի մեր երիտասարդների մասին՝ ըստ նրա, «տաղանդավորներ կան, որ 20 տարեկանում ավարտում են մագիստրատուրան, հետո երկրորդ մագիստրատուրան են ընդունվում, մի երկու տարվա փորձ են ձեռք բերում, գնում են միջազգային կառույցներում են աշխատում», այնպես որ այդ հնարավորությունը պետք է տալ երիտասարդներին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ