«Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը թևափոխում է նորփուլ. մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագիրը կրող համապետական սոցիալական արշավը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ կարող է անմիջականորեն մասնակցել ծրագրին՝www.cleanarmenia.am կայքի կամ iOS և Android օպերացիոն համակարգերի համար մշակված բջջային հավելվածի միջոցով:Համակարգը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ժամանակակից, արագ և արդյունավետ տարբերակ: Համակարգը նաև պետության և քաղաքացիների միջև սերտ համագործակցության օրինակ է՝ բաց և թափանցիկ մեխանիզմի միջոցով:
Նոյեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ներկայացվեց www.cleanarmenia.am կայքը և հավելվածը, համապետական սոցիալական արշավի հիմնական ուղղությունները և թիրախները, նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները: Սոցիալական արշավի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն աղբի, աղբահանության և երկիրը մաքուր պահելու հիմնախնդիրների վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, ՀՀ ՏԿԶՆ տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Նարինե Ավետյանը, «Դիիմ Քոմյունիքեյշնզ» PR և մարքետինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, սոցիալական արշավի ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիբլիանը, «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը իր խոսքում նշել է, որ բավականին աշխատանքներ են իրականացվել սկսած 2017 թվականի ապրիլից, երբ վարչապետը հռչակեց «Մաքուր Հայաստան» ծրագրի անհրաժեշտությունը և սկիզբը, ինչից հետո մայիսից գործադիր իշխանությունը ֆորմալացրեց այդ գործընթացը, ստեղծեց միջգերատեսչական հանձնաժողով, որը սկսեց իր աշխատանքները: «Կազմակերպվել է երեք համապետական շաբաթօրյակ, ևս երկու քաղաքային շաբաթօրյակներ կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:Դրանք ունեին նաև մոբիլիզացիոն, որոշ առումով նաև՝ քարոզչական, վերաբերմունք և մշակույթ ձևավորելու խնդիր: Մենք կարծում ենք, որ այդ խնդիրն այդ շաբաթօրյակներով ինչ-որ չափով հաջողվել է լուծել: Խնդիրը պետության ուշադրության կենտրոնում է, մեր հանձնաժողովներն աշխատում են, նախարար Լոքյանն անմիջականորեն մասնակցում է այդ աշխատանքներին, ղեկավարում է, լինում է տեղերում, բայց մենք կարծում ենք, որ արդեն իսկ ժամանակն է ավելի հանրային, հրապարակային մասնակցություն քաղաքացիների կողմից: ՀՀ ոստիկանությունն ակտիվ աշխատում է. չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք ունենք: Միայն հավաքելով չէ, մենք պետք է որոշակի առաջընթաց ապահովենք չաղտոտելու ճակատում և մենք այդ մշակույթը պետք է ներդնենք»,-ասել է Վաչե Տերտերյանը:
Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանն էլ անդրադառնալով սոցիալական արշավի կարևորությանը, նշել է, որ ահռելի աշխատանք է արվել, որի ընթացքում հասկացել են, որ աղբ մաքրելն այդքան դժվար գործ չէ, որքան մաքուր պահելը: «Դրա համար մեր գլխավոր նպատակն է քարոզչական աշխատանք տանել շրջակա միջավայրը մաքուր պահելու համար: Քաղաքացիներն ունեն սպասումներ կառավարությունից, կառավարությունն էլ ունի սպասումներ քաղաքացուց. այսօր մենք ուզում ենք փոխանցել երկու հիմնական գաղափար՝ առաջինը՝ մենք սկսում ենք կարևոր, մեծ, խոշոր սոցիալական գովազդ, որի նպատակն է մատչելի կերպով ձևավորել ճիշտ մոտեցում մեր հասարակության կողմից մեր երկրի հանդեպ: Երկրորդ՝ մենք ստեղծել ենք շատ հետաքրքիր համակարգ, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ այդ գործին, մենք ուզում ենք հասարակությանը դիտել որպես գործընկեր»,-ասել վարչապետի խորհրդականը:
«Դիիմ Քոմյունիքեյշնզ» PR և մարքետինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, սոցիալական արշավի ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիբլիանը և «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, սոցիալական գովազդի փորձագետ Արզուման Հարությունյանը լրագրողներին ներկայացրել են համապետական սոցիալական արշավի հիմնական ուղղությունները և թիրախները: Ներկայացվել են պատրաստված առաջին երեք սոցիալական հոլովակները, որոնք հասանելի են հետևյալ հղումներով՝
Video 1: https://www.youtube.com/watch?v=Vm-7Pvs2XNg
Video 2: https://www.youtube.com/watch?v=SqV4umnnag0
Video 3: https://www.youtube.com/watch?v=XQvZfK2d5rQ
Facebook: https://www.facebook.com/cleanarmenia/?ref=bookmarks
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը մեկնարկել է 2017թ-ի ապրիլից՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ ձևավորվել է «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովը: ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անմիջական վերահսկողությամբ հանձնաժողովը կազմակերպել է երեք համապետական շաբաթօրյակ: 2017 թ-ի հոկտեմբերի 21-ի դրությամբ 2033 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1587-ը, փակման ենթակա է 163 աղբանոց, այս պահին շահագործվում է 298-ը: Կնքվել են աղբահանության վճարների հավաքագրման համար անհրաժեշտ շուրջ 5000 պայմանագիր: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հոկտեմբերի 10-ի դրությամբ հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 1702-ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254-ը դեռևս կատարման ընթացքի մեջ է: Առաջիկայում ՏԿԶ նախարարությունը ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման արդյունքում ավելի հստակ կձևակերպվեն չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն