Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը ողջունել է ռուսաստանաբնակ գործարարի ներդրումային ծրագիրն

Նոյեմբեր 07,2017 19:22

Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է մարզի գյուղատնտեսական մի քանի ընկերություններում՝ ծանոթացել տարբեր ներդրումային ծրագրերի ընթացքին:

Վարչապետը նախ այցելել է Ոսկևազ համայնքի ջերմոցային տնտեսություն, որտեղ արտադրվում է վարունգ և լոլիկ: Տնտեսությունն ունի 1 հեկտար տարածք, այժմ ընթացքի մեջ է այն ևս 1,2 հեկտարով ընդլայնելու ներդրումային ծրագիրը, որի նպատակով նախատեսվում է ներդնել 800 հազար դոլարին համարժեք դրամ: Տնտեսության սեփականատերը նշել է, որ արտադրանքն այժմ իրացվում է միայն տեղական շուկայում, իսկ տնտեսության ընդլայնման պարագայում նախատեսվում է կազմակերպել նաև արտահանում: Բացի ջերմոցային տնտեսությունից՝ ծրագրվում է հիմնել  նաև ինտենսիվ այգի և թռչնաբուծարան: Վարչապետը կարևորել է նշված ծրագրերի իրականացումն ու հիշեցրել, որ կառավարությունը սուբսիդավորում է ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման ծրագրերը, ինչի արդյունքում գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն է ստեղծվել ներգրավել ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ:

Կառավարության ղեկավարն այցելել է Ոսկևազի գինու գործարան՝ ծանոթացել վերջինիս վերակառուցման ներդրումային ծրագրի ընթացքին: Այստեղ այժմ ընթացքի մեջ են զբոսաշրջային համալիրի, դեգուստացիոն, ֆորումների համար նախատեսված սրահների կառուցման, արտադրական հզորությունների ավելացման աշխատանքները: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 5-6 մլն դոլար: Ընկերության արտադրանքն Հայաստանից բացի այժմ իրացվում է նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Լատվիայում, Էստոնիայում և մի շարք այլ երկրներում:

Այնուհետև վարչապետն ուղևորվել է Օշականի թռչնաբուծական ֆաբրիկա: Տեղեկացվել է, որ արտադրվող թռչնամիսն ու ձուն իրացվում է միայն տեղական շուկայում: Մեկ մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է կառուցել 12 նոր թռչնանոց, ինչի արդյունքում ակնկալվում է արտադրվող թռչնամիսն ավելացնել երեք, իսկ ձուն՝ 1,5 անգամ: Ներկայում թռչնաբուծական ֆաբրիկան տարեկան արտադրում է 2 հազար տոննա թռչնամիս և 40 մլն ձու: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ներկայիս 100 աշխատատեղերին կավելանան ևս 100-ը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է շոկոլադի արտադրության ընդլայնման ծրագրի արդյունքներին: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը, հիմնվել է նոր արտադրամաս: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ:

Արագածոտնի մարզ այցը կառավարության ղեկավարն ավարտել է Կարբի համայնքում, որտեղ ծանոթացել է ինտենսիվ այգու հիմնման ծրագրի ընթացքին: 10 հեկտար տարածքի վրա, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ,  արդեն իսկ հիմնվել է խնձորի այգի, իսկ գալիք տարվա ընթացքում նախատեսվում է հիմնել ևս 20 հեկտար տարածքով ծիրանի և կեռասի այգի: Ընդհանուր ներդրումային ծրագիրը գնահատվում է 3 մլն դոլար: Կարեն Կարապետյանը ողջունել է ռուսաստանաբնակ գործարարի ներդրումային ծրագիրն ու հայտնել կառավարության աջակցությունը նման ծրագրերի իրականացմանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930