Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի ամրապնդման համար

Նոյեմբեր 07,2017 18:35

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ։ Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հաստատված բարեկամական ու գործնական հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանը։

«Վստահ եմ, գիտեք, պարոն դեսպան, որ հաջորդ տարին Երևանի համար հոբելյանական տարի է։ Մենք նշելու ենք մեր քաղաքի հիմնադրման 2800-ամյակը, և այդ համատեքստում տարին լինելու է բավականին հագեցած։ Բացի այդ, հաջորդ տարի Երևանում նախատեսվում է անցկացնել նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչը ևս կարևորված է մեր կողմից։ Հաջորդ տարի, անշուշտ, մենք աննախադեպ թվով պատվիրակություններ կհյուրընկալենք Երևանում, այդ թվում նաև ֆրանսիական մեր քույր և գործընկեր քաղաքներից, ու ես վստահ եմ, որ սա ևս մեկ հրաշալի հնարավորություն կլինի, որպեսզի էլ ավելի ամրապնդենք ու խորացնենք երկուստեք կապերը։ Վստահ եմ, գիտեք, որ Երևանում ունենք ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների լավ օրինակներ և, հաշվի առնելով, որ մեզ մոտ այսօր առկա է ներդրումային բավականին լայն և բարենպաստ դաշտ, ակնկալում եմ, որ Ձեր լիազորությունների շրջանակում կանեք հնարավորը՝ ֆրանսիական նոր ընկերություններ Երևան ներգրավելու ուղղությամբ։ Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար», – նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և ֆրանսիական քաղաքների հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար` ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը երկուստեք կապերի  ամրապնդմանն ու էլ ավելի խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին աջակցելու և օժանդակելու համար։

«Պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամությունն ու հետևողականությունն իսկապես անչափ կարևոր են մեզ համար, և վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու երկրների քաղաքների միջև արդեն իսկ հաստատված բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ Ինչ վերաբերում է Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմանը, ապա համոզված եղեք, որ մեզ համար ևս դա կարևոր իրադարձություն է։ Եվ համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ, ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, գագաթաժողովի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցում ևս Դուք ունեք վստահելի գործընկեր, ու Ձեզ հետ միասին մենք կանենք առավելագույնը, որ գագաթաժողովն անցնի պատշաճ մակարդակով», – նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև երկուստեք կապերի խորացման նպատակով տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցություն ձևավորելու և զարգացնելու հետ կապված։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930