Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական նիստում դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակեց իր դեմ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության առնչությամբ որոշումը, այն է՝ մերժում: Իսկ դա ենթադրում է, որ այս գործով նիստը շարունակելու է նախագահել դատավոր Վարդան Գրիգորյանը:
Ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց, որ վկա Գեղամ Սահակյանի ցուցմունքի առնչությամբ ինքն օրենքով սահմանված կարգով ցանկանում է ցուցմունք տալ, սակայն դատավորը մերժեց այն:
Վարդան Գրիգորյանը, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը, նիստը չշարունակեց՝ պատճառաբանելով, թե պաշտպանական կողմն իր համար «նյարդային իրավիճակ» է ստեղծել: Առաջիկա նիստը նշանակվեց հաջորդ երեքշաբթի:
Հիշեցնենք, որ այդ դատավարության ընթացքում դատավորի դեմ եւս մեկ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել եւ մերժվել: Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ