ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ ընտրությունները միայն ընտրվելու համար չեն, այլ քաղաքական ուժերի համար հարմար առիթ ներկայացնելու իրենց գաղափարախոսությունը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ալեքսանյանը նշեց, թե քաղաքական ուժերը «թամբալություն» են անում: Նրա համոզմամբ՝ ամբիոններից, Ազատության հրապարակում հեշտ է ելույթ ունենալը, բայց ժողովրդի հետ շփվելիս ծուլանում են:
Անդրադառնալով նոյեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին՝ նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, թե տեղական ինքնակառավարումը մեր երկրում չի կայանում: Մինչդեռ ըստ նրա՝ որքան հզոր լինի տեղական ինքնակառավարումը, այնքան ճկուն կլինի երկիրը. «Մեզանում խնդիր կա. հանրային միջոցների ընդամենը տասը տոկոսն է ՏԻՄ համակարգը տնօրինում: Անգամ չենք կարողանում հասնել նրան, որ յուրաքանչյուր գյուղապետարան ներկայացնի, թե գյուղի բյուջեն ինչպես է ձևավորվում: Տեղի բնակչության մոտ հետաքրքրություն չենք առաջացնում՝ որ համայնքի տերն ինքն է: Մարդիկ չգիտեն, չի էլ ասվում, թե ինչ միջոցներ ունի իր համայնքը: Ժողովրդավարությունը մեզանում ընկալվել է՝ որպես ընտրական համակարգի կիրառում: Խնդիրն այն է, որ ժողովուրդն ընտրում, մի կողմ է քաշվում: Դա կոչվում է էլեկտորալ ժողովրդավարություն: Մինչդեռ լիբերալ ու առաջադեմ ժողովրդավարությունը ենթադրում է, որ մարդիկ ընտրություններից հետո էլ շարունակում են մասնակցել իշխանության իրացմանը: Ցավոք, մեզանում ժողովուրդը դիտվում է գործիք, որն ընտրության օրն է օգտագործվում: Իշխանությունը ՏԻՄ համակարգը դիտում է որպես պլացդարմ, որտեղ հերթական անգամ ինքը կապահովի իր վերարտադրությունը»:
Ըստ պարոն Խաչատրյանի՝ այս դրվածքի պայմաններում վերլուծել Հայաստանում ՏԻՄ ընտրությունները, նման է նրան, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղն են վերլուծում՝ չվերլուծելով ֆուտբոլի վիճակը Հայաստանում:
Արձագանքելով պլացդարմի հետ կապված դիտարկմանը՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Ընտրությունների պլացդարմը պիտի լինի ներքևներում, որտեղ շփվում ես ընտրողների հետ: Այն քաղաքական ուժը, որը մոտ է գտնվում այդ պլացդարմին, բնականաբար, ասելիք ունի, ասել է և շատ ավելի մեծ շանսեր ունի հաղթելու: Այս ընտրություններին քաղաքական ուժերը նույնիսկ թեկնածություն չեն առաջադրում: Իսկ ո՞վ է ասել, որ թեկնածու առաջադրում են միայն ընտրելու համար: Ընտրությունները՝ հատկապես նախընտրական քարոզչությունը, ոչ միայն ընտրելու, այլև քաղաքական գաղափարախոսություն ներկայացնելու, մարդկանց համոզելու համար է: Մինչդեռ այդ ուժերն անգամ դժգոհ մասսային չեն կարողանում տանել իրենց հետևից, որովհետև մարդկանց հետ չեն շփվում: Իմ կարծիքով՝ պատճառը թամբալությունն է»:
Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ցավով փաստեց, որ կրկնվում է այն, ինչ տեսնում ենք վերջին 20 տարիներին. «ՏԻՄ ընտրությունները քաղաքական գործընթացի չեն վերածվում: Շատ դեպքերում միջհամայնքային, միջկլանային, հաճախ նաև միջցեղային պայքար է գնում ընդամենը: Հաղթում է նա, ով ավելի մեծ ազդեցություն, լծակ կամ ինչպես ասում են, ավտարիտետ ունի: ՀՀԿ-ն էլ ապավինում է այն ռեսուրսին, որը կարող է արդյունք ապահովել: Քաղաքական այդ տանիքը տալիս է ՀՀԿ-ն, որից բխում են նաև ինչ- ինչ արտոնություններ»:
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ այստեղ մեղքի բաժին ունի նաև ընդդիմությունը. «Ընդդիմությունն ավանդույթի համաձայն՝ չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին. բացառիկ դեպքերում է մասնակցում, իսկ երբ լուրջ մասնակցություն է ունենում, գործընթացը վերածվում է քաղաքական գործընթացի, ինչպես եղավ անցյալ տարի Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ