Նախորդ շաբաթում Սիրիայի եւ Իրաքի իշխանությունները հայտարարեցին իրենց երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի նշանակալի հենակետերի՝ Ալ Քաիմ (Իրաք) եւ Դեյր Զոր (Սիրիա) քաղաքներն ազատագրելու մասին, իսկ առջեւում սիրիական Ալ Բուքամալ քաղաքի ազատագրումն է: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա գնահատմամբ՝ նշյալ հաջողությունները չեն նշանակում, թե ԻՊ-ի վերջը եկել է. «Երկու երկրներում էլ կառույցը կշարունակի առանձին օջախներով գործել ու անհանգստացնել իշխանություններին՝ տեղային եւ ահաբեկչական հարձակումների միջոցով: Ընդհանուր առմամբ, ԻՊ-ի դեմ պայքարը մոտենում է իր ավարտին, բայց խնդիրները դեռ լուծված չեն: Սիրիայում, մասնավորապես, գործող վարչակարգի հետագա կառավարման հարցն է առկա՝ հատկապես արտաքին դերակատարների շահերի տեսանկյունից»:
Բանախոսը փաստեց, որ Սիրիական հակամարտության քաղաքական հանգուցալուծման փորձեր են իրականացնում Ռուսաստանը, ՄԱԿ-ը, սակայն լուրջ տեղաշարժեր դեռ չեն նկատվում. «Իսկ դա ենթադրում է, որ հակաահաբեկչական պայքարից անմիջապես հետո լուրջ գործընթացների ենք ականատես լինելու Սիրիայի ներսում: Մի կողմից, Սիրիայի հյուսիսում Թուրքիան է ձգտում լուծել խնդիրները քրդերի հետ: Քրդական կառույցներն էլ, որոնց աջակցում էր ԱՄՆ-ն, կարեւոր դաշնակիցներ են ԻՊ-ի դեմ պայքարում: Լուրջ խնդիրներ կարող են առաջանալ նրանց եւ սիրիական կառավարական ուժերի միջեւ, որովհետեւ քրդական կառույցները գրոհում են Դեյր Զորի՝ ախծաջրածնով հարուստ շրջանների վրա, որոնք կարեւոր են նաեւ կառավարական ուժերի համար: Այնպես որ, այս հարցերը դեռ առջեւում են»:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ դեռեւս տեւական ժամանակ ականատես ենք լինելու Սիրիական հակամարտությանը: Բացի այդ, Սիրիայի Իդլիբ նահանգը վերահսկում է մեկ այլ՝ «Հայա Թահրիր Ալահամ» ահաբեկչական կառույցը, ուստի առաջիկայում եւս հակաահաբեկչական գործողություններ են իրականացվելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ