Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սաուդյան Արաբիայում իրականում հեղաշրջման փորձ կանխվեց». Արմեն Պետրոսյան

Նոյեմբեր 07,2017 17:12

«Այն, ինչ տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայում, հեղաշրջման կանխման փորձ էր, թեեւ այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Գործող թագավորական ընտանիքը կանխեց իր ընդդիմադիրների հեղաշրջման փորձը»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին, ասաց արաբագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ օրերս Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են արքայազններ, տասնյակ ներկա ու նախկին նախարարներ, այլ ազդեցիկ պաշտոնյաներ:

Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիայում նման ներքին խմորումների եւ դժգոհությունների պատճառը երկրի՝ տարածաշրջանային գործընթացներում լուրջ խնդիրներ ունենալու փաստն է եւ արտաքին քաղաքականության թուլությունը. «Սաուդյան Արաբիայի գլխավոր մրցակիցը տարածաշրջանում Իրանն է, որի դերակատարության էական աճ է նկատվում վերջին մեկ տարում: Սիրիայի կարեւոր արտաքին դաշնակիցը եւս Իրանն է: Լիբանանում էլ լուրջ ազդեցություն ունեն շիայական ուժերը՝ «Հիզբալլահը»-ը, որի ուղղակի հովանավորն է կրկին Իրանը: Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան շիայական այս շղթայում ուժեղացել է Իրանի ազդեցությունը…որպեսզի ձախողվի իրանական հաղթարշավը, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան պետք է դիմեն որոշակի քայլերի»:

Նշյալ քայլերի ապացույցն, ըստ Արմեն Պետրոսյանի, Լիբանանի վարչապետի հրաժարականն է. «Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայում նրա վրա ճնշում է տեղի ունեցել: Նա հրաժարականի մասին հայտարարեց հենց այդ երկիր կատարած այցի ժամանակ: Իսրայելական լրատվամիջոցներն էլ գրեցին՝ հնարավոր է, որ Իսրայելը ռազմական գործողություններ իրականացնի Լիբանանում: Իսկ այդպիսիք իրականացվում են «Հիզբալլահի», այսինքն՝ Իրանի դեմ: Իսրայելն էլ իր հերթին մինչ օրս ակտիվ միջամտություններ է իրականացնում նաեւ Սիրիայի տարածքում: Վերջերս Հոմս նահանգում հարվածեց «Հիզբալլահի»-ի դիրքերին»:

Փորձագետը նաեւ նկատեց՝ բացառված չէ, որ ԱՄՆ հետախուզությունն է Սաուդյան Արաբիայի իշխանություններին տվյալներ հաղորդել այն մասին, որ հեղաշրջման փորձ է նախապատրաստվում:

Պետրոսյանը պատահական չի համարում այն փաստը, որ ձերբակալվածների թվում են այդ երկրի հեռահաղորդակցության կազմակերպության եւ ավիափոխադրող ընկերության տնօրենները՝ անձինք, որոնք ռազմավարական նշանակության շրջանակների ղեկավարներ են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930