Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018-ի գործունեության ծրագրի հաստատումն ուշագրավ ընթացք ստացավ:
Զեկուցող, ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանն ու հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա բառի՝ վերահսկողական գործառույթի շուրջ: Մինասյանն ասաց, որ դուք չեք կարող վերահսկողական ֆունկցիա կատարել 2018-ի ապրիլից հետո, նոր Սահմանադրությամբ ՎՊ-ի իրավահաջորդը դառնում է Հաշվեքննիչ պալատը, որի վրա նման գործառույթ դրված չէ:
Արա Նռանյանն էլ հակադարձեց, որ հիմա պետք է առաջնորդվեն գործող օրենքով, որը ՎՊ-ի համար նախատեսում է վերահսկողական գործառույթ, երբ կլինի նոր օրենքը, այդ ժամանակ կգործեն Սահմանադրության անցումային դրույթները:
Էդուարդ Շարմազանովը հորդորեց հետաձգել ծրագրի քննարկումը, խորհրդակցել իրավաբանների հետ: Մոտ 10-15 րոպե Գագիկ Մինասյանը Նռանյանին ասում էր՝ «Դուք երեւի ինձ լավ չհասկացաք, ասում եմ՝ դուք ապրիլից հետո չեք կարող վերահսկել»: Նռանյանն էլ պատասխանում էր, որ ոչ, պետք է առաջնորդվել գործող օրենքով, իսկ մենք հիմա ունենք այդ գործառույթը:
Ի վերջո Նռանյանին հարցրեցին՝ ուզո՞ւմ եք այս տեսքով ծրագիրը դնել քվեարկության: Նա համաձայնեց եւ հանձնաժողովի 6 անդամներ դեմ քվեարկեցին, կողմ էր միայն Արմենուհի Կյուրեղյանը:
Հանձնաժողովի նիստից հետո արտառոց իրավիճակ էր, Նռանյանը չէր սպասում նման հանգուցալուծում: Սա առաջին անգամ է, որ ՎՊ ծրագիրը չի հաստատվում եւ բացասական եզրակացություն է ստանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ