Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր հեռախոսազանգով տեղեկացրել է, որ ՀՀ ԱԳ նախարարը սկսել է իր պաշտոնական հանդիպումները Իսրայելում, արդեն հանդիպել է Քնեսետի նախագահի հետ։ «Կարեւոր երկխոսություն է եղել այն ուղղությամբ, որ ՀՀ-ի եւ Իսրայելի միջեւ պետք է սկսվեն ու զարգանան երկկողմ հարաբերությունները»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ասաց դեսպանը։
Ըստ նրա՝ այս այցելությունը կդառնա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ճեղքում. «Այն վրիպումը, որ եղել է 25 տարվա ընթացքում մեր հարաբերություններում, այսինքն՝ այն զարգացումը, որ պետք է տեղի ունենար, բայց տեղի չի ունեցել, այդ սխալը կշտկվի»:
Քաղաքագետ Կարեն Վերանյանի կարծիքով էլ, այս այցը շատ կարեւոր է երկու կողմերի համար. «Այն, ըստ էության, երկրի վարչապետի կողմից իրականացված հրավեր է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այն պայմանավորվածությունները, որոնք կարող են լինել պաշտոնական եւ հետկուլիսային շրջանակում, կարող են շրջադարձ բերել հայ-իսրայելական հարաբերություններում»:
Ինչո՞ւ Իսրայելի ու ինչո՞ւ հենց հիմա. այս հարցը բարձրացրեց դեսպանն ու տվեց պատասխանը. «Իսրայելն այսօր տարածաշրջանի առանցքային խաղացողներից է եւ Հայաստանի հետ նրա հարաբերությունների զարգացումն ու խորացումը կարող է օգտակար լինել մեր ու Իսրայելի շահերի համար, որովհետեւ Իսրայելն այստեղ չունի Հայաստան, չունի մեզ հետ լուրջ հարաբերություն»:
Ըստ նրա՝ պետք է լուծվի նաեւ դեսպանությունների հարցը. «Միջպետական հարաբերություններում չունենալ դեսպանատներ, նշանակում է ամուսնանալ տարածության վրա»:
Ադրբեջանը խոչընդոտ չի՞ դառնա հայ-իսրայելական հարաբերություններում հարցին դեսպանը պատասխանեց. «Մենք Բաքվին խանգարո՞ւմ ենք նրա ջերմ հարաբերությունների զարգացման հարցում Իսրայելի, Թուրքիայի, Ռուսաստանի հետ։ Սա մեր գործն է, մեր խնդիրն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ