Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը`ընդդիմությանը. «Դա մոդայիկ թեմա է եւ բոլոր ժամանակներում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 16:24

«Դա մոդայիկ թեմա է եւ բոլոր ժամանակներում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանն`անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի անդամների հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների հնչեցրած այն մտահոգությանը, որ քաղաքական մեծամասնությունն ընդառաջ չի գնում ընդդիմության մեկնած համագործակցության ձեռքին: Ավելին, հաճախ իրենց օրենսդրական նախաձեռնությունները լիագումար նիստ չեն էլ հասնում:

Հերմինե Նաղդալյանն ասում է, որ սահմանադրական փոփոխություններով ընդլայնվել են քաղաքական փոքրամասնության լիազորություններն ու հնարավորությունները: Նաեւ. «Այնպես չէ, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների ներկայացրած նախագծերը կառավարությունն ընդունում է միանգամից եւ անվերապահորեն: Դրանք քննարկման նույնպիսի ճանապարհ են անցնում, նաեւ մերժվում են կամ ուղղորդվում են ավելի գլոբալ բարեփոխումներ, հատկապես ելնելով նրանից, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված այսօր օրենսդրական փոփոխությունների փուլում ենք»:

Ամեն դեպքում, մեր զրուցակիցն արձանագրում է. «Այս պահին ընդդիմությունն իր բոլոր խորհրդարանական հնարավորությունները չի օգտագործել: Մեկ-երկու դեպքում է որոշ ակտիվություն կիրառել: Այդ իմաստով, պատահական չէ, որ մի քանի քննարկումների ժամանակ, պատասխանելով այդ մեղադրանքին, նաեւ ասվել է`դուք ունեք այլ գործիքներ եւ եթե իսկապես ուզում եք հասնել որոշ նպատակների, կան գործիքներ, որոնք այդ հնարավորությունը տալիս են»:

Հերմինե Նաղդալյանը նկատում է, որ խորհրդարանական համակարգում մեր խորհրդարանն ընդամենը երրորդ ամիսն է, որ աշխատում է եւ անարդյունավետության մասին հետեւություններ անելն այսօր դեռ վաղ է:

Ընդդիմադիր մեկ այլ`«Ծառուկյան» դաշինքի դժգոհությանն էլ, որ օրենսդրական նախաձեռնությունները հիմնականում գալիս են գործադիր մարմնից, Հերմինե Նաղդալյանը պատասխանում է. «Սա բնորոշ է բազմաթիվ երկրների, նաեւ այն իմաստով, որ գործադիրի հնարավորությունները եւ վերլուծական, ռազմավարական հետազոտություններ իրականացնելու ներուժը շատ ավելի մեծ է: Խորհրդարանը շատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունի: Վերջին շրջանում փորձել ենք ընդլայնել դրանք`մեծացնելով օգնականների ինստիտուտը, Հաշվեքննիչ պալատի հնարավորությունները եւ ծառայությունները, բայց անելիք դեռ կա: Էլի կարծում եմ, եզրակացություններ անելու համար վաղ է»:

Թե ի՞նչ են խոսել իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները ԵԽԽՎ-ի պատգամավորների հետ`շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930