Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 2 տարեկան երեխայի դայակի փողի կեսը պետությունն է տալու, եթե մայրը գնա աշխատի. օգնություն՝ աշխատող մայրերին

Նոյեմբեր 07,2017 16:05

Այսուհետեւ այն աշխատող մայրիկները, որոնք կուզենան մինչեւ երեխայի 2 տարեկան դառնալը աշխատանքի գնալ, պետությունը պարտավորվում է հոգալ նաեւ այդ երեխայի դայակին վարձատրելու հարցը՝ որոշակի սահմանափակումով:

ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում այսպիսի օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նա ասաց, որ աշխատանքային գործունեության եւ ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում. «Ծրագրի բովանդակությունը հետեւյալն է՝ անձը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամը, ու այդ անձը որոշում է վերադառնալ աշխատանքի, մենք առաջարկում ենք տրամադրել աջակցություն: Բնական է, եթե վերադառնում է աշխատանքի, երեխայի խնամքի խնդիր է առաջանում, երեխայի խնամքի կազմակերպումը կարող է լինել որպես ֆիզիկական անձ գործատու աշխատանքի վերցնելով դայակին: Հիմա եթե դայակի է վերցնում՝ երեխայի խնամքի համար, մենք ասում ենք՝ այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, ինչքան աշխատավարձ կորոշեք դուք, բայց ոչ ավելի նվազագույն աշխատավարձից, որը 55 հազար դրամ է, կփոխհատուցի պետությունը: Այսինքն, պայմանական եթե 110 հազար դրամից ավելի գումար ես որոշել տալ դայակին՝ որպես աշխատավարձ, մենք ասում ենք՝ կփոխհատուցենք 55 հազարը, մնացածը քո խնդիրն է»:

Այս դեպքում, բնականաբար, 18 հազար դրամն էլ չի վճարվում, ստացվում է, որ պետությունը 37 հազար դրամ է բյուջեից հանում՝ փոխարենն ակնկալելով ժողովրդագրական աճ, աշխատաշուկայում զբաղվածություն եւ այլն:

Սակայն պետության աջակցությունը ստանալու համար պետք է ծնողը պայմանագիր կնքի դայակի հետ, պայմանագրի հիման վրա էլ կլինի փոխհատուցումը, բանավոր պայմանավորվելը հիմք չէ. «Պիտի հավատա՞նք, որ վճարենք»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ դայակները չեն ուզենա, այդպես կընկնեն հարկային դաշտ, իրենց ձեռնտու չէ: Աղվան Վարդանյանը հակադարձեց. «Իրենք դրա ձեւերը գիտեն, 200 հազար աշխատավարձ չեն գրի»:

Փաշինյանը եզրակացրեց. «Իրականում պարզվեց, որ այս օրենքը ոչ թե մայրերին օգնելու համար է, այլ՝ դայակներին հարկային դաշտ տեղափոխելու»:

Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ իրականում իրենք ստեղծում են աշխատատեղեր, գործազրկության տոկոսն են ուզում ստեղծել, ինչու ոչ: Փաշինյանն էլ արձագանքեց. «Մի փամփուշտով 25 նապաստակ եք ուզում խփել»:

Կառավարությունն ուսումնասիրել է միջազգային փորձը եւ հասկացել, որ այս միջոցով ժողովրդագրության խնդիրների լուծմանը կարող են նպաստել: Ըստ նախագծի հիմնավորման, աշխատանքը եւ ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է եւ որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչեւ երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում կընդգրկվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930