ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողներ Ջուզեպպե Գալատիին եւ Ալան Միլին:
Արա Բաբլոյանը ողջունել է եվրոպացի համազեկուցողների այցը խորհրդարան եւ անդրադարձել մեր երկրում սահմանադրական բարեփոխումներից հետո սկսված գործընթացներին:
Խորհրդարանի ղեկավարը հյուրերին շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող գործունեության համար:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում համազեկուցողների կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը:
Արա Բաբլոյանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանի դերն ու նշանակությունը: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ազգային ժողովը միշտ էլ ունեցել է կարեւոր դերակատարություն, սակայն այժմ ավելի են ընդլայնվում նրա հնարավորություններն ու լիազորությունները, մեծանում պատասխանատվությունը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցերով համազեկուցողները ՀՀ ԱԺ նախագահին են ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ընթացող քաղաքական վերջին զարգացումներին, ընտրական համակարգի բարեփոխումներին, Սահմանադրության կիրարկմանը, դատական իշխանության անկախությանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:
Ալան Միլը եւ Ջուզեպպե Գալատին իրենց պատրաստակամությունն են հայտնել խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ