Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտրողները ոչ թե ընտրում են քաղաքական ուժերին, այլ՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների միջեւ». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 15:03

Այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ մարդուն ընտանեկան նպաստի համակարգից զրկելը կամ համակարգում ընդգրկելը գործիք է դարձել, ինչը ցույց տվեց նաեւ ՏԻՄ ընտրությունները. «Թարմ օրինակ ասեմ՝ համապատասխան աշխատողը կարող է նկատել մի գլուխ խոշոր եղջերավոր անասունի առկայությունը գոմում եւ կարող է չնկատել եւ այդ ամեն ինչը ընտրություն է՝ ընտրությունից առաջ: Այսինքն, եթե դու ուզում ես, որ քո կովին նկատեն՝ քվեարկում ես ընդդիմության օգտին, թե ուզում ես կովին չնկատեն՝ քվեարկում ես համապատասխանաբար իշխանության օգտին, հետեւաբար շատ դեպքերում ընտրողները ոչ թե ընտրում են քաղաքական ուժերին, այլ, պատկերավոր ասած՝ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների միջեւ: Իրականությունը շատ նման է սրան»:

Փաշինյանը հիշեցրեց հայտնի զիբիլիքսի գործը, երբ ՀՀԿ-ի շտաբի մոտի աղբամանից գտել էին թղթեր, ֆաքսեր ու այդ թղթերի մեջ մի քանիսը «Փարոս» համակարգի հետ էր կապված. «Գրված էր՝ ընդգրկել «Փարոս» համակարգում, որը գալիս է ապացուցելու իմ ասածը: Ասում ենք ՝շատ երկար ճանապարհ ունենք գնալու՝ աղքատությունը հաղթահարելու համար, հարց է ծագում՝ ընդհանրապես գործող կառավարությունը աղքատությունը հաղթահարելու քաղաքական կամք ունի՞, թե՞ չունի: Թվում է, թե տրիվիալ է հարցը, ինչո՞ւ պիտի չուզենան, որ աղքատությունը հաղթահարվի: Շատ պարզ : Աղքատ ընտրողին շատ հեշտ է համոզել մի կով կամ մի ոչխար չնկատելու դիմաց քվեարկել տալ, էլ չեմ ասում 10 հազար դրամի դիմաց քվեարկել տալ ՀՀԿ-ի օգտին: Ես խիստ կասկածի տակ եմ առնում, որ այսօր ՀՀ-ում գործող իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը՝ աղքատությունը հաղթահարելու, որովհետեւ դա նշանակում է զանգվածաբար կորցնել ընտրողներին կամ կորցնել տվյալ ընտրողներին հարկադրաբար ընտրատեղամաս բերելու, քվեարկության հարկադրելու հնարավորությունը»:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը համաձայնեց, որ սուբյեկտիվության խնդիր կա, «անձի մի աչքը կարող է տեսնի կովը, մյուս աչքը՝ չտեսնի»:

Նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ «սուբյեկտիվիզմը հնարավոր չէ վերացնել, բայց հնարավոր է նեղացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930