Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարզ ասում են՝ այ, եթե ուզում եք նպաստ ստանաք, պետք է քվեարկեք այսինչ թեկնածուի օգտին». Փաշինյանը՝ Փարոսի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 14:51

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է առաջարկում կառավարությունը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց այդ նախագիծը:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ «Հիմա սոցիալական աշխատողի ինստիտուտը ունենք, նրա եզրակացությունն է պետք ընտանիքի անապահովությունը, սոցիալական կարգավիճակը գնահատելիս: Մենք նախատեսում ենք, որ օրենքի համապատասխան կարգավորումներով ոչ միայն գնահատական տանք անապահովությանը, այլ նաեւ բարեկեցությանը՝ որդեգրել ցանկացող ընտանիքների համար: Առաջարկվում է գնահատել ընտանիքի գույքային ռեսուրսները, ունեցվածքը: Ընտանիքի սոցիալական գնահատում կլինի ամբողջական»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց՝ մենք բոլոր ընտանիքներին գնահատելո՞ւ ենք: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ գնահատվում են այն ընտանիքները, որոնք դիմում են, առանց ընտանիքի թույլտվության դա չի լինի:

Աղվան Վարդանյանը նաեւ հարցրեց՝ ընտանիքի սոցիալական կարգավիճակը գնահատելիս չափանիշների փոփոխություն կա՞՝ նախարարը պատասխանեց, որ կառավարության որոշմամբ սահմանված կարգով է գնահատվում, այս առումով փոփոխություն չկա, բայց արդեն նախատեսվում է լուրջ աշխատանք սոցիալական աշխատողի հետ: Սոցիալական աշխատողը պետք է տա եզրակացություն, թե որ ընտանիքն է աշխատունակ, այդ ընտանիքներին պետք է ուղղորդեն զբաղվածության կենտրոններ, պետք է աշխատեն ապահովել աշխատանքով, ոչ թե նպաստ տան: Նպաստառուների համակարգը՝ Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կմնա «ստերիլ»:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ երբ խոսում են ընտանիքի սոցիալական վիճակի գնահատման մասին, նկատի ունեն կոնկրետ դեպքեր, երբ ընտանիքը որեւէ հարցով դիմում է սոցիալական մարմիններին, օրինակ, խնամքի ծառայություն խնդրելու, նպաստ ստանալու կամ՝ որդեգրում անելու: Վերջին դեպքում արդեն սոցիալական աշխատողը պետք է գնահատի ընտանիքի բարեկեցությունը:

Նիկոլ Փաշինյանի համար տարօրինակ է այն, որ տարիներ են անցնում, բյուջե է փոխվում, բայց նպաստառուների թիվը՝ 104 հազար, ոչ մի կերպ չի փոխվում: «էս թիվը մեզ ինչ-որ տեղ խաբում է՝ որտեղ է մեզ քցում՝ չգիտեմ: Այսքան գումար ունենք, այսքան ընտանիքի չափով տալիս ենք, կապ չունի՝ այդ թվի մեջ իրոք քանիսն ենք աղքատ: Այդ 104 հազար թիվը ես կանխատեսում եմ, որ առաջիկա 5 տարվա բյուջեում կարդալու եմ: Համակարգը փաստորեն ոչ մի ազդեցություն չունի այս թվի վրա, ոչ մեծացնում է, ոչ փոքրացնում»:

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ աղքատ ընտանիքների համար միշտ նույն թիվն են վերցրել՝ 104 հազար, մի քիչ ավել, մի քիչ պակաս. «Նրանց մեջ կան հաշվառվածներ, որոնք փոխվում են անընդհատ: Յուրաքանչյուր տարի նվազագույն թիվը 1.2 մլրդ դոլար է, որ ընտանիքները ստանում են դրսից եւ 80 մլն դոլարը դրա նույնիսկ 10 տոկոս էլ չի կազմում, մենք այդ փողերի տեղը չգիտենք, որոնք ստանում են»:

Աղվան Վարդանյանն առաջարկեց, որ տեղեկանք լինի, թե այդ 104 հազարի մեջ քանի ընտանիք է մտել, քանիսն են դուրս եկել: Նախարարը պատասխանեց, որ եթե հասցեական բոլոր աղքատ ընտանիքներին անհրաժեշտ գումարը վճարվի, խոսքը գնում է մի քանի տասնյակ միլիարդ` 157 –ի մասին, պարզ է, որ մենք այդպիսի միջոցներ չունենք եւ չենք կարող տրամադրել: Յուրաքանչյուր տարի 7000-ից ավելի տնային տնտեսությունների վերաբերյալ տվյալներ ենք ստանում՝ անձնավորված եւ վերլուծությունների ենք ենթարկում, թե ինչ են սպառում, ինչ եկամուտ եւ այլն»: Արտեմ Ասատրյանն ասաց, որ ամեն տարի ընտանիքի բալի փոփոխություն է լինում, իջեցնում, բարձրացնում են՝ փորձելով ծրագիրը թիրախային դարձնել: Նա նշեց, որ ՀԲ գնահատականով՝ 75 տոկոս հասցեականություն կա, ինչը համարվում է բարձր արդյունավետության ծրագիր. «Ամսական կտրվածքով 1000-1500 ընտանիք այդ համակարգում փոփոխության է ենթարկվում, սոցիալական կարգավիճակ է փոխվում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ զբաղվածության խնդիրներին. «Աշխատանքի են հրավիրում, օրինակ, մինչեւ 35 տարեկան բարետես արտաքինով եւ այլն…որպես մատուցող աշխատելու սարի ծերին գտնվող մի սրճարանում, աշխատանքը՝ առավոտ 8-ից մինչեւ երեկոյան 10-ը, աշխատավարձը՝ 60 հազար դրամ: Մարդը ինչո՞ւ պիտի շահագրգռված լինի այդ աշխատանքը կատարի եւ զրկվի 30 հազար նպաստից, երբ մենակ աշխատանքի գնալիս ավելի շատ է ծախսելու, քան ընտանեկան նպաստն է»: Նա ասաց՝ իհարկե, աշխատանք կա, բայց ես չեմ լսել 70 հազար դրամից ավելի աշխատավարձ նրանց առաջարկեն:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդկանց ընտանեկան նպաստից զրկելու սպառնալիքը շատ կոնկրետ գործիք է մարդկանց քվեարկել տալու ՀՀԿ-ի օգտին. «Ես, օրինակ, վերջերս մի գյուղում էի, սոցիալական կենտրոնից պարզ ասում են՝ այ, եթե ուզում եք նպաստ ստանաք, պետք է քվեարկեք այսինչ թեկնածուի օգտին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930