Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ելք» խմբակցության պատգամավոր. «Ջրցանի, մահակի փող կա, կրթության համար չկա՞» (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 14:45

Նոյեմբերի 7-ին «Հոդված 3 ակումբում» կրթության ֆինանսավորման կրճատման թեմայով քննարկում էր հրավիրված: Հայաստանում առաջիկա տարիներին նախատեսված է կրթության ֆինանսավորման կրճատում: Չնայած օրենքով սահմանվել էր, որ մինչև 2018 թվականը կրթությանը տրամադրվող գումարը պետք է հասներ ՀՆԱ-ի 4 %-ին, սակայն ոչ միայն չի բարձրանալու, այլև այսօրվա ՀՆԱ-ի 2.34 %-ից ՀՀ կառավարությունը ծրագրում է 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրճատել մինչեւ 1.8 %:

Ի դեպ, վերջին պահին ՀՀԿ-ական եւ ՀՅԴ-ական պատգամավորները հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նշեց, որ կրթության ֆինանսավորման կրճատումը լուրջ հարված է հասարակությանը, իսկ 1.8 %-անոց ֆինանսավորումը նա որակեց կատաստրոֆիկ` հաշվի առնելով այն հավասարությունը, որ գոյություն ունի Երեւանի եւ մարզերի միջեւ: Նա կոչ արեց, որ ԱԺ բոլոր խմբակցությունները քննարկեն իրենց առաջարկությունների փաթեթը:

Վահրամ Սողոմոնյանը նաեւ տարակուսանք է հայտնում, որ փակ դռների հետեւում կայացված որոշումների արդյունքում կրթական բյուջեում ավելացվում են միայն ուժային կառույցների հետ կապ ունեցող հաստատությունների գումարները:

Մանրամասները` տեսանյութում

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արեւիկ Անափիոսյանը եւ Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները խիստ մտահոգիչ են որակում կրթության ֆինանսավորման կրճատումը ու պահանջում, որ կառավարությունը բյուջետային քննարկումների ընթացքում որպես նպատակակետ ընդունի ՀՆԱ-ում կրթական ծախսերը 3 %-ի հասցնելու հարցը, իսկ ավելի հեռավոր նպատակ սահմանի 4.5 %: Նա եւս փաստեր բերեց, օրինակ` այն, որ ՀՀ 1383 դպրոցներից 675-ը ունի նորոգման խնդիր, եւ դրանք հիմնականում մարզային դպրոցներն են: Պահանջների թվում է մարզերում մանկապարտեզներն անվճար դարձնելը, քանի որ որոշ համայնքներում մանկապարտեզների վարձը 4000-8000 դրամ է, համայնքներ էլ կան, որ ընդհանրապես չունեն մանկապարտեզներ: Պահանջների մեջ է նաեւ ուսուցիչների աշխատավարձերի գործակցի բարձրացումը:

Մանրամասները` տեսանյութում

«Ելք» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արարատ Միրզոյանի խոսքերով, իշխանությունները բոլորովին չեն կարեւորում կրթությունն ու գիտությունը: Միրզոյանի ձեւակերպմամբ, իշխանություններն ուզում են ունենալ միայն բանակ եւ ոստիկանություն, քանի որ, պատգամավորի բառերով. «Իշխանություններին պետք է կրոնականացված շարքայինների բազմություն…Այդ ինչպե՞ս է, որ փող կա ջրցանի, էլեկտրաշոկի, մահակների համար, կրթության համար փող չկա՞: 1,8 %-ը ուղղակի ծաղր է, կրթության մասով էլ բյուջեն հետընթացի բյուջե է»:

Մանրամասները` տեսանյութում

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը եւս համոզված է, որ կրթության ֆինանսավորման կրճատումը անդառնալի հետեւանքների է բերելու: Նա էլ Իսրայելի օրինակը բերեց, որտեղ կրթությանը հատկացվում է ՀՆԱ 4%-ից ավելին, եւ դա ավելի մեծ գումար է, քան մեր ընդհանուր բյուջեն: Նա կարծում է, որ պետք է որեւէ լուծում գտնվի խղճուկ բյուջեի պարագայում գոնե նվազագույն շեմը պահպանելու համար:

Մանրամասները` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930