Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիզոֆրենիա», 3 անգամվա դատվածություն. ահա այսպիսին է Անդրիասի դեմ ցուցմունք տված անձը». փաստաբան (Տեսանյութ)

Նոյեմբեր 07,2017 14:21

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբին միանալու փորձի մեջ մեղադրվող ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն: Պաշտպանը պնդեց, որ դատավորն անաչառ չէ, եւ դա է փաստում այն հանգամանքը, որ նախորդ նիստում նա չթույլատրեց հրապարակել գործով առանցքային վկա Գեղամ Սահակյանի նախաքննական ցուցմունքը, որպեսզի նրա ասածների հակասություններն ակնառու չդառնային:

Կարեն Մեժլումյանը հիշեցրեց, որ ըստ գործի նյութերում առկա ձայնագրությունների՝ Գեղամ Սահակյանն ինքն է զանգել Անդրիաս Ղուկասյանին եւ հանդիպում խնդրել, մինչդեռ դատարանում տված ցուցմունքում Սահակյանը հակառակը պնդեց. «Նա սուտ ցուցմունք է տվել, թե Անդրիասն է նախաձեռնել հանդիպում, մինչդեռ Անդրիասը չի էլ իմացել նրա հանդիպման պատճառի մասին: Նա սուտ ցուցմունք է տվել՝ կամ իր հիվանդության հետ կապված, կամ ուղղորդված»:

Ապա Կարեն Մեժլումյանը հստակեցրեց՝ Գեղամ Սահակյանը երկու անգամ դատապարտվել է փաստաթղթեր կեղծելու համար, մեկ անգամ՝ խուլիգանության. «Նա ունի «պարանոիկ խանգարում»՝ «շիզոֆրենիա», սակայն նշյալ փաստերը եւս թաքցվել են: Նա անգամ իր կրթության մասին տվյալներն է կեղծել: Ահա այսպիսի անձն է մեղադրող կողմի թիվ մեկ՝ առանցքային վկան, իսկ դատարանը նախորդ նիստում թույլ չտվեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Դա արվեց դատախազ-դատավոր համատեղ ջանքերով, մինչդեռ նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ կդառնար՝ Սահակյանն ուղղորդված ցուցմունքներ է տվել»:

Կարեն Մեժլումյանի համոզմամբ՝ ոստիկանությունը, օգտագործելով Գեղամ Սահակյանի մոր հիվանդ լինելու փաստը, ստիպել է նրան ցուցմունքներ տալ Անդրիաս Ղուկասյանի դեմ. «Դատավորն ու դատախազը թույլ չեն տալիս բացահայտել այդ փաստը, որպեսզի ազատվեն հակասությունները փաստելու եւ ցուցմունքն արժանահավատ համարելու պարտականությունից»:

Դատավարության կողմերը կարծիքներ են արտահայտում միջնորդության առնչությամբ: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով. «Պաշտպանի հայտարարությունները ենթադրությունների մակարդակում են: Նախագահող դատավորի եւ դատախազի հասցեին չփաստարկված մեղադրանքներ պետք չէ անել, առավել եւս՝ որոշակի վիրավորական որակումներ հնչեցնել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930