«Թեեւ դե յուրե խորհրդարանում կա երկու ընդդիմադիր ուժ`«Ելք»-ը եւ «Ծառուկյան» դաշինքը, բայց «Ելք»ն առանձնանում է եւ ընկալվում է իբրեւ միակ ընդդիմադիր ուժ`ելնելով իր արտաքին քաղաքական այլ հայացքներից, ժողովրդավարության եւ երկրի զարգացման այլ տեսլականներից: Նաեւ` հասարակությունն ավելի հասանելի է`խնդիրները ԱԺ-ում բարձրաձայնելու խողովակ իբրեւ»,- այս մասին ԵԽԽՎ-ի ներկայացուցիչներին ասել են «Ելք» խմբակցության պատգամավորները`խորհրդարանում այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, նոյեմբերի 6-7-ը Ստրասբուրգից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի զեկուցողները փաստահավաք առաքելությամբ հանդիպումներ են ունենում Հայաստանում: Երեկ հանդիպումներ են կայացել քաղհասարակության ներկայացուցիչների հետ, այսօր հանդիպումները խորհրդարանում էին: Գարնանը կներկայացվի ՀՀ-ի վերաբերյալ մոնիտորինգային զեկույցը:
«Ելք» խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց` խոսել են բոլոր խնդիրներից`սկսած ընտրակաշառքներից, պաշտոնական դիրքի չարաշահում եւ այլն. «Ներկայացրել ենք մեր մոտեցումները, թե ինչպես պետք է այդ ամենի դեմ պայքարել»:
Հատուկ անդրադարձել են իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին: «Հիմնական խնդիրն այն է, թեեւ մենք ի սկզբանե հայտարարեցինք, որ բաց ենք եւ պատրաստ`հանուն Հայաստանի կարեւոր խնդիրների շուրջ աշխատել, համագործակցել, բայց փաստացի ՀՀԿ-ն ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ որեւէ հարցով զիջումների գնալ, մեր կողմից առաջարկված որեւէ նախագծի կողմ քվեարկել: Նույնիսկ շատ դեպքերում չեն թողնում հարցը լիագումար նիստ մտնի`քննարկման»,- ասաց մեր զրուցակիցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ