Սահմանադրական դատարանն այսօր՝ քիչ առաջ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ որոշման հրապարակման ժամի մասին կտեղեկացնեն լրացուցիչ:
Հիշեցնենք, որ Լեւոն Բարսեղյանը եւ դատարանում նրա ներկայացուցիչ՝ ԱԺ պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը վիճարկում են անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական ազատության իրավունքի խախտման օրենսդրական նորմերի անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների օրը, Լեւոն Բարսեղյանին բերման էին ենթարկել եւ երեք ժամ պահել ոստիկանությունում: Նրան ազատ արձակեցին զորահանդեսի ավարտից հետո միայն: Լեւոն Բարսեղյանի ազատ խոսքի եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումը արձանագրել էր նաեւ Վարչական դատարանը եւ ոստիկանությանը պարտավորեցրել դատական ծախսերի համար փոխհատուցել, ինչը նախադեպային որոշում էր, բայց Լեւոն Բարսեղյանը պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում:
«Ես խոստացել էի, որ էժան չեն պրծնելու»,-Aravot.am-ին ասաց Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, իր պահանջած գումարը հիմնված է մարդու իրավունքների եվրոպական դատարանի համանման նախադեպերի վրա. «Մեկական միլիոն դրամ՝ բարոյական վնասի եւ դատական ծախսերի փոխհատուցում: Դատարանը գտել էր, որ փոխհատուցումը պետք է լինի 200.000 եւ 300.000-ական դրամ, բողոքարկումներ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարան: Բայց դատարանը որոշել է, որ քաղաքացուն կարելի է ապօրինի տանել, երեք ժամ ոստիկանությունում փակել ու 200.000 եւ 300.000 դրամով պրծնել»:
Ըստ մեր զրուցակցի՝ անցած տարիներին մի քանի հարյուր մարդ են ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն, բայց շատերը հավես չեն ունեցել բողոքարկել ոստիկանների գործողությունները. «Սա արժանապատվության կռիվ է: Մարդավարի ասվել էր՝ թողեք մեր բողոքի պիկետն անենք, իսկ Ոստիկանության կենտրոնի պետի տեղակալն ինձ ասում էր՝ վերեւից ասել են՝ այնտեղ հասկացող մարդիկ կան, որ լավ կլինի այս բողոքի երթը չանեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ