Այս ընտրություններում ամենաինտրիգային պատկերն արձանագրվել է Արտաշատ քաղաքում, որտեղ անցկացվեցին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ այն բանից հետո, երբ քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դարձավ ԱԺ պատգամավոր։ Ինչպես հայտնի է՝ Արտաշատը համարվում էր ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող քաղաքներից մեկը։ Սակայն այս ընտրություններին Աբրահամյանները չխառնվեցին, ասում են՝ ամենաբարձր մակարդակով թույլ չեն տվել խառնվել։ Արդյունքում՝ Աբրահամյանները թեկնածու չառաջադրեցին, բայց կազմակերպեցին խուլ բոյկոտ ընդդեմ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանի։
Բանն այն է, որ Արտաշատում քվեարկելու իրավունք ունեցող 21 հազար 600 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 4 հազար 782-ը՝ 22,1 տոկոսը, որից 4 հազար 571-ն իր ձայնը տվել է միակ թեկնածուին։ Ասել է, թե արտաշատցիների 78 տոկոսն, այնուամենայնիվ չի ընտրել իր քաղաքապետին։ Նման պատկեր է նաեւ Արարատում, որտեղ մեկ թեկնածու էր՝ գործող քաղաքապետ Հայկ Հայկյանը, եւ 13 հազար 326 ընտրողից քվեարկության էր գնացել 4 հազար 239 հոգին՝ 31,8 տոկոսը, եւ կրկին մյուսները բոյկոտել են այս ընտրությունները։ Այնպես որ, ՀՀԿ-ականների այս հաղթանակը դեռ լիարժեք հաղթանակ չէ, դրան գումարած ընտրությունների հանդեպ հասարակության անվստահությունը։
Հ.Գ. Ինչ վերաբերում է համայնքներին, որտեղ ընտրություններին մասնակցածների թիվը գերազանցել է 60-70 տոկոսը, ապա հիմնականում նման պատկեր գրանցվել է խոշորացած գյուղերում։ Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում, որտեղ ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու ընտրություններ էին, 5 հազար 5 ընտրողից մասնակցել է 3 հազար 855-ը՝ 77 տոկոսը; Մասնակցությունը բարձր է եղել նաեւ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում՝ նախկին Շորժա. 2 հազար 358 ընտրողից մասնակցել է 1768-ը՝ 74,9 տոկոսը, իսկ Լոռու մարզի Շնող համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններին 3 հազար 161 ընտրողից մասնակցել է 2 հազար 350-ը՝ 74,3 տոկոս։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում