ՀՀ վարչապետների շարքում «քինդեր սյուրպրիզներ» երբեք չեն եղել, թեեւ մեր վարչապետներից երկուսը հետո դարձել են երկրի նախագահ՝ առաջին դեմք։ Սահմանադրական փոփոխությունների մի էական կողմն էլ այն է, որ այսուհետ երկրի առաջին դեմք է դառնում վարչապետը՝ կառավարության ղեկավարը, եւ վերջ է դրվում վարչապետի աթոռից ավտոմատ նախագահի աթոռին հայտնվելու խիստ կանխատեսելի գործընթացին։
Վարչապետի պաշտոնում մնալու համար ՀՀ վարչապետին այսօր բոլորովին այլ պահանջներ են ներկայացվում։ Ի թիվս այլ բարեմասնությունների, նա պետք է կարողանա իրականացնել նաեւ անվտանգության երաշխավորի ֆունկցիաներ։ Չնայած որ Սերժ Սարգսյանը շատ գովեց Կարեն Կարապետյանին, մենք արդեն համոզվեցինք, որ գործող վարչապետից ակնկալվող բարեմասնությունները հիմնականում առկա են միայն մակերեսին։ Առավել համարձակները նրան սովորական չինովնիկ են անվանում, անգամ՝ գավառական։ Դժվար է չհամաձայնելը, որովհետեւ, երբ մարդը պիջակը գցում է աթոռին, ինչը թեւերը քշտելու եւ գործի անցնելու խորհուրդ ունի, բայց իրականում չի անում մի բան, որ մեկ տարվա մեջ հնարավոր լինի մատով ցույց տալ, ակամա մտածում ես, որ նա նախագահի գովերգած եւ քո պատկերացրած «քինդեր սյուրպրիզը» չէ։
Կարեն Կարապետյանը, վարչապետի աշխատասենյակից տեսնելով երկրում տիրող «բառադի վիճակը», հայտարարեց, որ ինքը կախարդական փայտիկ չունի՝ իրավիճակը շատ արագ կարգավորելու համար։ Թիվ 1 դեմք դառնալու հեռանկարով Հայաստան բերված գործիչը նման բան չպետք է հայտարարեր։ Սակայն դա էլ նախատեսված էր մեծ խաղի կանոններով։ Լավագույն մենեջերի համբավ ունեցող Կարապետյանի համար իրոք դժվար չէր Հայաստանում բան փոխելը, մանավանդ, որ նա կաշկանդված չէր հայկական պապենական օլիգարխիայի կապանքներով։ Սակայն նա մնաց իր շուրջը գծված սահմանների մեջ, ինչպես դա նախատեսված էր «երկար զրույցի» ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններով։ Դրանց համաձայն՝ կարելի էր անվերջ խոսել կոռուպցիան արմատախիլ անելու, մենաշնորհների վերջը տալու մասին, կարելի էր քաղաքից եկած Կամսարյանի պես ձեռ առնել մարզերի հետամնացությունը, համայնքապետերի սնոտիապաշտությունը, ամեն ինչ թույլատրվում էր, բացի քայլ անելուց։
Մի առիթով մենք ոգեւորված նկատել էինք, որ Կարեն Կարապետյանն իր նախորդներից ավելի շատ է հանդիպում քաղաքական դեմքերի հետ, եւ հետեւություն արել, թե, ամենայն հավանականությամբ, նրան նախապատրաստում են առավել բարդ ու պատասխանատու պաշտոնի նշանակելու համար։ Դա լինելու էր նրա նույն պաշտոնը, միայն թե ավելի կարեւորված։ Բայց իր այս վերջին ասուլիսով Կարեն Կարապետյանը շատ հարցերի պատասխաններ տվեց, այդ թվում եւ ամենակարեւոր հարցի, գնացեք՝ ձեզ համար անվտանգության երաշխավոր գտեք, ես չեմ այդ մարդը։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում