Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան մարտավարական հաջողություններ է արձանագրում. բայց խաղը դեռ առջեւում է

Նոյեմբեր 07,2017 22:00

Արեւմուտքը դեռ ռազմավարություն չունի, բայց քաղաքականապես գոյություն ունի՞ միասնական Արեւմուտք

2014թ. Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո, հետահայաց նայելով, պարզ դարձավ, որ Երկրորդ համաշխարհային եւ Սառը պատերազմից հետո ձեւավորված բազմաթիվ ինստիտուտներ, որոնց վրա հենվում էր գործող աշխարհակարգը, կորցրել են իրենց գործունակությունը եւ այլեւս չեն կարող կատարել իրենց գործառույթները: Ավելի պարզ ասած՝ ձեւավորված աշխարհակարգը չի՛ գործում, իսկ նորը չկա՛:

Ավելին, 1945-48-ին ձեւավորված համակարգերը, որոնք կոչված էին ֆաշիզմը եւ նացիզմը հաղթահարած հասարակությունները զերծ պահել սովետական ամբողջատիրության ներթափանցումից, հաստատել ազատական արժեքների վրա հիմնված անդրատլանտյան դաշինք, որն էլ 1991-ին հասավ Սառը պատերազմում անվիճելի հաղթանակի եւ կատարեց իր պատմական առաքելությունը, պարզվեց, որ «հետխորհրդային» կոչվող ժամանակաշրջանում այդ ինստիտուտները չկարողացան ժամանակին համընթաց քայլել եւ նոր մարտահրավերները նույնիսկ նկատել, չկարողացան կանխատեսել եւ համարժեքորեն պատասխան տալ դրանց:

Նրանք չէին նկատում, որ ելցինյան «դեմոկրատիայի» ոչ շատ խորը ընդերքում, ընդամենը ֆասադի, դեկորացիաների հետեւում ի սկզբանե դարանակալած գործում է ռուսական նեոկայսերապաշտությունը, որի գլխավոր գործիքը պետք է դառնային սեփականաշնորհման հնարավորություններից լայնորեն եւ հնարամտորեն օգտված, ՎՉԿ-ՆԿՎԴ-ԿԳԲ-ից եւ կրիմինալից բաղկացած՝ կազմակերպված քրեական խմբավորումները: Արեւմուտքն ինստիտուցիոնալ առումով չնկատեց նաեւ, երբ այնուհետեւ այդ կազմակերպված քրեական խմբավորումները բռնազավթեցին պետությունը եւ, ինչպես հրաշալի կերպով 1946թ. Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ձեւակերպեց ԽՍՀՄ ներկայացուցիչ, դատախազ Ռուդենկոն՝ «պետությունը վերածեցին հանցագործության գործիքի»:

Այն, ինչ էյֆորիայում գտնվող Արեւմուտքը կոչում էր «ժողովրդավարացում», «ազատականացում», «ազատ շուկայական տնտեսության ձեւավորում», իրականում ընդամենը ծխածածկույթ էր, որի հետեւում գործընթաց էր, երբ սովետական պետական «ռացիոնալ» տեռորի (սահմանումն Ալբեր Կամյուինն է) համակարգն ադապտացվում էր նոր իրողություններին: Ի դեպ՝ ի տարբերություն Արեւմուտքի:

Երբ Պուտինը իրար հետեւից ճմռում էր Ռուսաստանի ԶԼՄ-ները, իսկ երկրում սպանվում էին ազատ լրագրողները եւ ընդդիմախոսները, իսկ Կրեմլի ապարատում ձեւավորվում էր «սուվերեն դեմոկրատիայի» գաղափարախոսությունը, իսկ թավշյա հակակրիմինալ («գունավոր») հեղափոխությունները հռչակվում էին որպես Ռուսաստանի «ազգային անվտանգության սպառնալիք», երբ դրա շուրջ սկսեցին տիրաժավորվել տարբեր դավադրության տեսություններ՝ սկսած «Սորոսից», վերջացրած «Վիկտորյա Նուլանդի թխվածքաբլիթներով», երկրի ներսում ձեւավորվեց ուժայինների, կրիմինալի, խոշոր բիզնեսի եւ բյուրոկրատիայի համաձուլվածք՝ Արեւմուտքն ինստիտուցիոնալ առումով դա՛ էլ չէր նկատում:

Իսկ սկսեց նկատել, որոշ չափով, երբ Հիտլերից հետո առաջին անգամ Եվրոպայում հայտնվեց ագրեսոր, որը հարձակվեց Ուկրաինայի վրա, բռնազավթեց Ղրիմը եւ սկսեց խոսել նոր՝ «Յալթա-2»-ի մասին, ըստ որի՝ առնվազն հետխորհրդային տարածքը պետք է ճանաչվի Մոսկվայի բացառիկ շահերի գոտի: Սկսեց նկատել՝ դա դեռ չի՛ նշանակում, որ նկատեց: Իհարկե, ո՛չ: Ավելին, ինչպես դեպքերն են ցույց տալիս, նույնիսկ երաշխիք էլ չկա, որ կնկատի, կգնահատի եւ միջոցներ կձեռնարկի կարճաժամկետ հեռանկարում՝ չնայած ձեւավորված միջազգային կոռուպցիան սպառնալիքի աստիճանով առնվազն հավասարվել է միջազգային տեռորիզմին:

Այո՛, պատժամիջոցներ են հայտարարվել, բավականին ծանր պատժամիջոցներ: Հետո ի՞նչ: 1939-ին էլ Բրիտանիան եւ Ֆրանսիան Հիտլերին պատերազմ հայտարարեցին Լեհաստանի վրա հարձակվելուց երկու օր անց, եւ մինչեւ Փարիզի անկումն այն կոչվում էր «տարօրինակ պատերազմ», քանզի լեհերի դաշնակից զինվորները վոլեյբոլ ավելի շատ էին խաղում, քան կռվում, իսկ Եվրոպայի վրա թեւածում էր «Մյունխենի» խայտառակության ոգին…

Ռուս քաղաքագետ եւ հրապարակախոս Լիլիա Շեւցովան արձանագրում է, որ ներկայումս լիբերալ-դեմոկրատիան վերապրում է իր երրորդ գլոբալ ճգնաժամը՝ 30-ականներից եւ 70-ականներից հետո: Սա նաեւ բարոյականության խորը եւ գլոբալ ճգնաժամ է: Բարոյականությո՛ւն. այն կռվանը եւ հիմնասյունը, որի վրա հենվելով Արեւմուտքն իր արժեքներով դիմագրավեց խորհրդային սպառնալիքին եւ չարիքի կայսրությանն ուղարկեց պատմության աղբանոցը, այսօր լուրջ ճաքեր է տվել եւ թուլացել:

Երբ հազարավոր ուկրաինացիներ 2014-15-ին հերոսաբար մարտնչում եւ զոհվում էին հանուն իրենց ազատության՝ Եվրամիության դրոշները ձեռքներին, Եվրոպայում իրենց հայրերի եւ պապերի անասելի ջանքերի շնորհիվ բաժին հասած այդ նույն Եվրամիության անդամ երկրների հազարավոր քաղաքացիներն ազատ ընտրություններին գնում եւ քվեարկում էին ծայրահեղ ձախական կամ ծայրահեղ աջական քաղաքական աղբի օգտին, որը կոչ է անում «պայմանավորվել», «համագործակցել» Պուտինի հետ: Իսկ ամերիկացի գեներալ Բրիդլավը զինվորականի անկեղծությամբ փաստում էր, որ ՆԱՏՕ-ն չունի ռազմավարություն, թե ինչպես վարվել այն ազգերի հետ, որոնք չեն մտնում Ռուսաստանի կազմի մեջ, բայց նաեւ չեն անդամակցում ՆԱՏՕ-ին:

Եվ հետո, կա՞ այսօր արդյոք այն Արեւմուտքը, որը որպես արժեքների եւ ընդհանուր ռազմավարական հայեցակարգի վրա հիմնված հավաքականություն ձեւավորվեց 1946թ. Ուինսթոն Չերչիլի պատմական Ֆուլթոնյան ճառից հետո: Այս հարցի պատասխանն այսօր արդեն չունի նույն ինքը՝ Արեւմուտքը:

Սակայն դրա պատասխանն ուրվագծվում է հետխորհրդային պետություններում ձեւավորված իրողություններով: Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում իրավիճակի դեգրադացիան ակնհայտ է, նույնը՝ Հայաստանում: Ուղղակի լսեք Վրաստանի նախագահի խիստ զգուշավոր հայտարարությունները՝ կապված Մոսկվայի ագրեսիայի հետ, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նսեմացուցիչ թոթովախոսությունները Եվրասիական միության «բարիքների» մասին: Ինչ է կատարվում Ադրբեջանում եւ Թուրքիայում՝ այդ գործընթացներն ավելի քան պերճախոս են:

Այսօր Հարավային Կովկասում երեք ճանաչված պետություններ կան, եւ դրանք, կարծես, Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը չեն, այլ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը: Այստեղ «գլոբալ սփոյլեր» Ռուսաստանը՝ հանձինս Բաքվի եւ Անկարայի, գտել է իր «լոկալ սփոյլեր» եղբայրներին եւ հաջողությամբ առաջ է տանում իր տարածաշրջանային ռազմավարությունը, որի արդյունքը կարող է լինել այն, որ ո՛չ Հայաստանը, ոչ էլ Վրաստանը գոյության հնարավորություն կունենան միայն որպես ձեւական միավորներ: Իսկ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ահագնացող ճգնաժամը կարող է ուղղակի «ցեմենտել» Անկարա-Մոսկվա-Թեհրան եռանկյունը, որտեղ Թեհրանն ուղղակի ստիպված է երրորդ կողմ դառնալ՝ ի շահ Մոսկվայի եւ Անկարայի, իսկ Բաքվին այստեղ հատկացված է կարեւոր փրովայդերի դեր, որպեսզի պատկերն ամբողջանա: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն էլ ամենեւին էլ չի շրջանցում Ռուսաստանը, ինչպես ենթադրվում էր ի սկզբանե, երբ Թուրքիան համարվում էր որպես Արեւմուտքի ռազմավարության սուբյեկտ, այլ հակառակը՝ հակաարեւմտյան Թուրքիան կապ է ստանում հակաարեւմտյան Մոսկվայի հետ՝ հակաարեւմտյան Բաքվի միջոցով, իսկ Թբիլիսին «Ախթամար» լեգենդի հերոսուհու նման այդպես էլ կմնա ՆԱՏՕ-ին սպասելով, եթե ոչինչ չի փոխվում:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիվանագիտորեն նշում է, որ «մենք պետք է սպասենք պատմական պահին», երբ «կփլուզվի Բեռլինյան պատը»: Եվ նա ճիշտ է ասում ոչ միայն Վրաստանի տարածքում սառեցված հակամարտությունների առումով, այլեւ մեծ հաշվով: Սակայն իրողությունները ցույց են տալիս, որ ներկայիս արեւմտյան քաղաքական վերնախավերը պատրաստ չե՛ն նոր Ֆուլթոնին, պատրաստ չե՛ն նոր Ռեյգանին, որը չարիքի կայսրությունը հենց չարիքի կայսրություն կկոչի եւ կհրաժարվի նույն բարոյական հարթության վրա «քննարկել», «երկխոսել» կամ «հավասարակշռություն պահել» այդ չարիքի հետ, եւ Արեւմուտքում դեռ «հավաքական Չերչիլը» նոր պետք է սկսի հերքել «հավաքական Չեմբերլենի» մոտեցումները:

Իսկ առայժմ Մոսկվան մարտավարական հաջողություններ է արձանագրում հետխորհրդային տարածքում եւ նրանից դուրս՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում: Բայց խաղը չի ավարտվել, խաղը նոր է սկսվել, եւ այն դեռ երկար է տեւելու: Վերախմբագրելով Ջորջ Քեննանին՝ «Ռուսսկի միռ»-ը, ինչպես եւ «համաշխարհային կոմունիզմը»  նման են ախտածին մակաբույծի, որը սնվում է միայն ախտահարված հյուսվածքներով, որոնք Արեւմուտքի մոտ դեռ շատ-շատ են…

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

07.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    Դե լավ էլի Ռուբեն, հասկացանք որ հակառուս ենք, բայց ըսենց ուղղակի չարժե գրել՝ «հարձակվեց Ուկրաինայի վրա, բռնազավթեց Ղրիմը»! Տնաշեն, այդ եքա երկիրն առանց մի զոհի ու կրակոցի ոնց «բռնագրավվեց»?
    Դա իրենցն էր, եւ ստրատեգիական շատ կարեւոր նշանակության: Իսկ հետ առան շատ վարպետորեն, եւ ստիպված, քանի որ ուկրաինայի վայ ղեկավարները սկսեցին փնթփնթալ Սեւաստոպոլի բազան հանելու ուղղությամբ: Իսկ հայերս, իհարկե, «ազատագրեցինք» մեր աղդամն ու ֆիզուլին «իրենց թախանձագին խնդրանքով»: Եղբայր, փորձիր դեպքերն ու փաստերը ներկայացնել չեզոք աչքերով, որպիսզի ուրիշի համար էլ փոքր ինչ հետաքրքիր լինի:
    Այո, ռուսաստանը իմպերիա է եւ ձգտում է այդպիսին մնալ, եւ դա իրենց բնական իրավունքն է, այլապես կդադարի գոյություն ունենալ: Իսկ մեր խնդիրն է դա հաշվի առնել եւ ուշադիր լինել, «կատոկի» տակ չնկնելու համար ….

  2. Հ.Շ. says:

    Միջին Արեւելքում իր գործունէութեամբ, մի քանի այլ երկիրների հետ առարկայական-ռազմավարական դաշինքներ հաստատելով, եւ որպէս զարհուրելի coup de grâce՝ ԱՄՆ-յում Թրամփի ընտրութեամբ, Ռուսաստանը այնպիսի հարուած մը բերաւ Արեւմուտքին, որ վերջինս տասնամեակների կարիքը ունի, ինքզինք վերագտնելու համար… եթէ դեռ յաջողի վերականգնիլ…

    Խորհրդային Միութիւնը անհամեմատօրէն նուազ վտանգաւոր էր Արեւմուտքի համար, քան թէ այժմու Ռուսաստանը

    ամենայն յարգանքովս, Ձեր աշխարհագրական բնակավայրից, Ձեր տեսանկիւնից, ձեր դաստիարակութեամբ, չէք կարող անդրադառնալ թէ ինչ կատարուեց՝ այստեղ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930