ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)
-Կոռուպցիայի մեջ մեղադրում են իշխանության ներկայացուցիչներին, ինչպե՞ս կարող են իրենք իրենց դեմ պայքարել, ո՞վ կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է:
-Իշխանությունն ինքն իր դեմ չի պայքարելու: Դուք մեդալի մի կողմն եք ասում, ես էլ մեդալի մյուս երեսն ասեմ` ինքն իր համար է պայքարում:
-Ընդդիմությունը հաճախ փաստեր է ներկայացնում, բայց իշխանությունը դրանց հետամուտ չէ: Ինչու՞:
-Իշխանությունն էլ է հաճախ կոռուպցիոն երևույթներ բացահայտում, մարդկանց պատժում: Դրա համար էլ ասում եմ` իշխանությունը ոչ թե իր դեմ, այլ իր համար է պայքարում, որովհետև շատ լավ է հասկանում, որ երբ կոռուպցիան ծավալվի, իշխանության կործանում կլինի:
-Այսինքն, դեռ այն չափերի չի՞ հասել, որ իշխանությունը կործանվի:
-Չէ, մեզ մոտ կոռուպցիայի ինչ չափեր կա՞ն, որ: Մեզ մոտ կոռուպցիայի մակարդակը ցածր է: Շատ պարզ պատճառով. մեր պետբյուջեի կոռուպցիոն հնարավորությունները շատ քիչ են: Մեր բյուջեն պայմանական 1,4 տրիլիոն է, որից 400 մլրդը աշխատավարձն է, 300 մլրդը կենսաթոշակ, պաշտպանությանը հատկացվող փողը հանենք, մանկավարժների, բժիշկների աշխատավարձը ևս, վարկերի պարտքը փակենք, տեսեք, որ տակը փող չի մնում, որ գողանան: Այս առումով կոռուպցիոն երևույթները մեր երկրում շատ ավելի մեղմ են, քան այլ երկրներում:
-«Օրինական» բյուջեից բացի, կա նաև ստվերային բյուջե, որն էլ հիանալիորեն շրջանառվում է կոռուպցիոն գործարքներում:
-Մենք երբեք 0,3 տոկոսից ավելի ՀՆԱ-հարկեր հարաբերությունը բյուջեում չենք ֆիքսել: Այս տարի այդ թիվը 0,5 է: Սա նշանակում է իրական վարչարարություն և կոռուպցիայի դեմ պայքար: Այսինքն, ստվերային շրջանառությունը բերել իրական դաշտ և հարկեր գանձել: Ես չեմ ասում կոռուպցիա չկա, այլ թվարկում եմ այն մեխանիզմները, որոնցով իշխանությունը պայքարում է դրա դեմ:
-Քաղաքական կոռուպցիան ևս մեծ չափերի է հասնում:
-Դա ի՞նչ է:
-Ընտրություններում կաշառքի բաժանում, քաղաքական գործընթացներում կոռուպցիայի անմիջական ներկայություն:
-Հինգ անգամ մեծամասնականով պատգամավոր եմ ընտրվել` 1995-ից: Միշտ ասել եմ, որ ընտրություններում փողը քիչ դերակատարություն է ունենում: 2017-ի ընտրություններում փողը ընտրությունների ժամանակ որպես գործիք վերացել է:
-Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ խորհրդարանում ՀՀԿ-ն մեծամասնություն կազմեց ու այն էլ այսպիսի «կադրերով»:
-Վերջին ընտրությունների փորձը ցույց տվեց, որ փողն այլևս գործիք չէ: 2022-ին կտեսնեք, որ ընտրությունները կգնան լրիվ այլ հունով ու սկզբունքներով: Մարդիկ փողը վերցնում են ու ձայնը տալիս են նրան, ում ուզում են: Հետևապես ընտրություններում փողը որպես գործիք օգտագործելն անիմաստ է:
-Դժվար է հավատալ իշխանության վերարտադրությանն առանց փողի:
-Դուք տեսե՞լ եք մի երկրում ընտրություն առանց փողի: Աշխարհը միլիարդներ է ծախսում: Ընտրություններում անհրաժեշտ է փող ծախսելը, առանց փողի չես կարող ընտրարշավի գնալ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում