Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնված, «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահվան հետ կապված լսվում են տարատեսակ մեկնաբանություններ, նաեւ այն մասին, թե «նրան սպանել են», «նա բան ուներ ասելու» եւ այլն: Նախ անդրադառնանք առողջական վիճակին: Չորս տարի առաջ տեղեկացրեցինք, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը թույլատրել է, որպեսզի սրտի ծանր վիրահատություն տարած, «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանին խնամի մայրը: Դատապարտյալը վիրահատվել էր Նորք-Մարաշ բժշկական հաստատությունում, իսկ անհրաժեշտ գումարի հետ կապված` չորս միլիոն դրամի, միջամտել էր նաեւ ՀՀ հանրային խորհուրդը:
Ի դեպ, Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանը պարզաբանել էր, թե 2013թ. հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հորից՝ Գարեգին Գրիգորյանից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ եւ պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաեւ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի՝ հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք: Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին՝ օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին:
«Հոկտեմբեր 27-ի գործով» նախաքննության շրջանում մահացել էր կասկածյալ, էլեկտրիկ Նորայր Եղիազարյանը: Նրան այն ժամանակ մեղադրանք էին առաջադրել, որ հոկտեմբերի 25-ին ահաբեկչությունից երկու օր առաջ 350 դոլար ստանալու պայմանով կնոջ միջնորդությամբ 60 փամփուշտ՝ երկու հատ պահունակներով, վաճառել է Էդիկ Գրիգորյանին, որի հետ աշխատել էր նույն բժշկական կենտրոնում:
2004թ.-ին կախվեց Հունանյանների քեռին՝ Վռամ Գալստյանը, 2010թ.-ին մահացավ խմբի անդամներից 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը (հիշեցնենք, որ նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աղասի Աթաբեկյանը, բազմաթիվ դիմումներ էր ուղարկել իր պաշտպանյալի առողջականի հետ կապված): Այս գործով կյանքից հեռացան կարեւորագույն վկաներից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը, որը սպանվեց իր տան մոտ, ԱԺ նախկին պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, մահացավ հիվանդանոցում: Վկա, բուժաշխատող Ռոզա Հովհաննիսյանը մահացավ ԱՄՆ-ում, որտեղ մահացավ Հանրային հեռուստատեսության աշխատակից, լրագրող Տիգրան Նազարյանը։ Վկաներից մեկն էլ՝ ԱԺ անձնագրային բաժնի աշխատակից Հասմիկ Աբրահամյանը կախվեց իր աշխատավայրում։
1964թ. ծնված Էդիկ Գրիգորյանն աշխատում էր մանկական կլինիկական շտապօգնության հիվանդանոցում, որպես բժիշկ, երբ գործը մտավ դատարան:
Նա արգելանքի տակ էր վերցվել 1999թ. հոկտեմբերի 28-ին: Նրա պաշտպանությունն իրականացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարո Աղաջանյանը:
Դատական գործընթացների ժամանակ Էդիկ Գրիգորյանի անունը հնչել է բազմիցս: Առաջին անգամ այն ժամանակ, երբ Նաիրի Հունանյանը վերադառնալով Թուրքիայից՝ նպատակ ուներ քաղաքական կազմակերպություն ստեղծել, եւ հանդիպում է Էդիկ Գրիգորյանի, Ռազմիկ Վասիլյանի, Տիգրան Նազարյանի հետ:
Ապա, 1999թ. սեպտեմբերի 11-ը, երբ Նաիրի Հունանյանի հետ գնում են ԱԺ, «տեղում ուսումնասիրելու իրավիճակը»: Նաիրի Հունանյանն իր ցուցմունքում ասել էր. «Մեկ ժամի չափ մնացինք ԱԺ-ում: Էդիկն արդեն տեղյակ էր իր մտադրությանը»:
Ն.Հունանյանն ահաբեկչության օր էր նախատեսել սեպտեմբերի 13-ը:
Սակայն այն հետաձգվեց, քանի որ խմբի անդամներից Է.Գրիգորյանը, Կարենը հոգեբանորեն պատրաստ չէին: Կար մի հանգամանք էլ. ԱԺ անցագրի, որը դեռ չէին ձեռք բերել: Ի դեպ, այդ ժամանակ Հունանյաններն ու Էդիկն էին իրազեկ բոլոր քայլերի մասին:
Այս օրերին սոցցանցերում լսվում է այն միտքը, թե Էդիկը նիստերի դահլիճում չի գտնվել:
Անդրադառնալով դատական երեք տարիների լուսաբանումներիս, մեջբերեմ դրանցից մի հատված. «Ըստ գործի նյութերի, Նաիրի եւ Կարեն Հունանյաններին, Վռամ Գալստյանին օգնության հասած Էդիկ Գրիգորյանն ու Դերենիկ Բեջանյանը ակտիվորեն լրացրել են նրանց գործողությունները, խառնաշփոթ իրավիճակներում գործելով սթափ, հանդուգն, նպատակասլաց, որի շնորհիվ կարողացել են արագ հսկողություն սահմանել դահլիճի եւ մերձակա տարածքի նկատմամբ»:
Ի դեպ, դռնբաց դատական նիստում արձանագրվել էր հետեւյալը. «Կրակոցներ են արձակել Էդուարդ Գրիգորյանը եւ Վռամ Գալստյանը, վերջինս գործելով մոլուցքով, սպառնալիքներ է հնչեցրել եւ ահաբեկել դահլիճում գտնվողներին»:
Շատերը մոռացել են, որ այս գործով կան բազմաթիվ «նախկին ամբաստանյալներ», որոնք համաներման տակ ընկան, մասնավորապես՝ Արմեն Գասպարյանը, Ավետիք Մինասյանը, Արմեն Հարությունյանը, Միսակ Մկրտչյանը, Սաշիկ Եթիմյանը…
Ավետիք Մինասյանը, որը աշխատել էր ՆԳՆ պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության միլիցիայի գնդում, լինելով այդ օրվա հերթապահ միլիցիոները, նախաքննության ժամանակ հայտնել էր. «Նախ, թույլատրել է մեկ անցագրով Նաիրի, Կարեն Հունանյաններին ու Վռամ Գալստյանին մուտք գործել ԱԺ տարածք: Լսելով ԱԺ նիստերի դահլիճից հրազենի ձայն, խուճապի է մատնվել, հեռացել է իր պահակակետից, ինչի հետեւանքով Էդուարդ Գրիգորյանը եւ Դերենիկ Բեջանովը՝ զինված ինքնաձիգով ու ատրճանակով, անարգել մուտք են գործել ԱԺ վարչական շենք ու գնացել նիստերի դահլիճ»:
Նկատենք, որ Աշոտ Կնյազյանենց (նրա պաշտպանը Մարուսյա Չիլինգարյանն էր, որը նույնպես մահացել է-Ռ.Մ.) տուն էր գնացել Նաիրի Հունանյանը, իր ցուցմունքի համաձայն՝ Էդուարդ Գրիգորյանի հետ, «Կալաշնիկովի» ձեռքբերման համար:
Հոկտեմբերի 6-ին եւ հոկտեմբերի 8-ին Աշոտ Կնյազյանի եւ Էդուարդ Գրիգորյանի ծննդյան օրն է: Նաիրի Հունանյանը ցուցմունք էր տվել, թե մասնակցել է երկուսի տանը ծննդյան տարեդարձներին: Էդիկի քենակալը ԱԱԾ աշխատակից Եսայանն էր, որի ներկայությամբ խոսք էր գնացել իշխանափոխության իրենց մտադրությունների մասին: Ահա, թե ինչու է երբեմն-երբեմն նշվում, թե ԱԱԾ-ն տեղյակ է եղել կատարվելիքի մասին:
Էդուարդ Գրիգորյանի ակտիվ մասնակցությունը երեւում է նաեւ ԱԺ դահլիճի եւ հարակից դահլիճների գծագրերը կատարելիս, երբ մեկ ժամով հնարավորություն էր ունեցել մտնել ԱԺ:
1999թ. նոյեմբերի 4-ին ՀՀ զինվորական դատախազության քննիչ Հ. Ասլանյանի մոտ ցուցմունք է տալիս Տիգրան Նաղդալյանը: Էդուարդ Գրիգորյանի մասին հայտնել էր. «Որքանով շփվել եմ Է.Գրիգորյանի հետ, ինձ ենթադրել է տալիս, որ նա հանգիստ եւ ֆլիրտներից խուսափող մարդ էր, ընկերական եւ կատակասեր»: Իսկ 2000թ. մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ, քննչական խմբի անդամ Մարսել Մաթեւոսյանի (նույնպես մահացած) հարցին, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը խմբի անդամներից ում է ճանաչել, լսվում է հետեւյալ պատասխանը. «Կարեն Հունանյանի, Վռամ Գալստյանի, Էդուարդ Գրիգորյանի եւ Դերենիկ Բեջանյանի մասին իմացել եմ դեպքի կապակցությամբ, որպես տեռորիստական ակտի մասնակիցների: Նրանց, ինչպես մյուս մեղադրյալներին, չեմ ճանաչում»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Հոկտեմբերի 27- ի» դատական
գործը լուսաբանած լրագրող
«Առավոտ»
07.11.2017