Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը պետք է հստակ ձեւակերպի ռեգիոնալ առաջնորդներ ունենալու անհրաժեշտությունը. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 07,2017 10:54

Ստեղծված իրավիճակում, իհարկե, պատասխանատվության իր բաժինն ունի ընդդիմությունը։ Հենց այսօր գործող ընդդիմությունը։ Նրանք ՏԻՄ ընտրություններին ըստ էության չէին մասնակցում, չունեին համայնքի ղեկավարի թեկնածուներ։ Պատճառը պարզ է․ ընդդիմությունը ունի համապետական խարիզմատիկ առաջնորդներ, բայց հիմնականում չունի խարիզմատիկ ռեգիոնալ առաջնորդներ։ Իսկ չունի, որովհետեւ ռեգիոնալ առաջնորդ լինելու համար հարկավոր է որոշակի ժամանակ այդ ռեգիոնում քաղաքական գործունեություն ծավալել։ Ու եթե Երեւանում նման գործունեություն ծավալելու եւ շատ թե քիչ անկախ ու պաշտպանված լինելու հնարավորություն կա, մարզերում նման հնարավորությունը բացակայում է, որովհետեւ մարզում աշխատանք գտնելու, եկամտի աղբյուրներ ունենալու հնարավորությունները ավելի քիչ են։ Իսկ եթե դու ֆինանսատնտեսական առումով շատ թե քիչ կայացած ես, քաղաքական գործունեություն սկսելուց առաջ պետք է մտածես՝ ուզու՞մ ես աշխատանքդ եւ ունեցվածքդ կորցնել, թե՞ ոչ։

Երեւանում, ընդ որում, հասարակական կարծիքը կարող է պաշտպանող որոշակի գործոն դառնալ, մարզերում՝ ընդհանրապես ոչ։ Որովհետեւ մարզերում հասարակական կարծիք ձեւավորում են ոչ թե լրատվամիջոցները կամ սոցիալական ցանցերը, այլ նրանք, ովքեր կարող են թաղի տղերքի համար մի հատ գառ առնել, երեք լիտր արաղով։ Եթե նման հնարավորություն չունես՝ քեզ ոչ ոք լուրջ չի վերաբերվի։ Իսկ եթե նման հնարավորություններ ունես ու որոշել ես ընդդիմադիր լինել, պիտի իմանաս, որ շուտով հնարավորություններդ կցամաքեն։

Կա նաեւ մեկ այլ գործոն․ մարզերում հաճախ ընդդիմադիր քաղաքական գործունեությամբ սկսում են զբաղվել նրանք, ովքեր վերջնականապես հույսները կտրել են, թե կարժանանան մարզի կամ հանրապետության իշխանավորների բարեհաճությանը եւ նրանց բարեհաճությունը փնտրելիս կորցրել են ամեն ինչ, ընդհուպ՝ հեղինակությունը։

Բայց, այնուամենայնիվ՝ ո՞րն է խնդրի լուծումը։ Երկու գործոն, որոնք տեսական են։ Նախ՝ ժողովուրդը պետք է դադարի քվեարկել հանրապետականների օգտին, անկախ նրանից՝ որեւէ մեկն առաջադրվե՞լ է ընդդեմ նրանց, թե ոչ։ Ուղղակի չքվեարկի, ոչ մի պարագայում, ոչ մի կերպ եւ այս գաղափարը ժողովրդականացնելը պետք է դառնա ընդդիմության գործը։ Ընդ որում, սա հարկավոր է անել բոլոր հնարավոր եւ անհնար առիթներով։

Ընդդիմությունը պետք է նաեւ հստակ ձեւակերպի ռեգիոնալ առաջնորդներ ունենալու անհրաժեշտությունը եւ ողջ ժամանակն ու էներգիան կենտրոնացնի այս գործի վրա, որովհետեւ առանց բակերում եւ թաղերում իշխանությունը վերցնելու՝ Ազատության հրապարակով իշխանություն չես վերցնի։ Իսկ թաղերում եւ բակերում իշխանություն վերցնելու համար հարկավոր է ներկայացուցիչ ունենալ այնտեղ, որի ասածները բացի հեգնանքից որեւէ այլ վերաբերմունքի արժանանում են։  Ընդ որում, ամեն այսպիսի ներկայացուցիչ պետք է որպես այդպիսին ներկայանալու եւ այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանք իրականացնելու դուխ, խելք եւ ընդունակություն ունենա։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930