Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունալի արկածախնդրության տարելիցը

Նոյեմբեր 07,2017 10:12

Ես հիշում եմ, թե ինչպես էին նշում բոլշեւիկյան հեղաշրջման 50-ամյակը: Այն ժամանակ հեղաշրջումը կոչվում էր Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական Հեղափոխություն՝ բոլոր բառերը մեծատառերով: Տարեց մարդիկ՝ խոհանոցային անեկդոտների հերոսները, կանգնած էին «սրբազան դիակի» դամբարանի տանիքին եւ ողջունում էին «երջանիկ» ժողովրդական զանգվածներին, հաղորդավարի առույգ ձայնը «զեկուցում էր» նվաճումների մասին, օրինակ՝ քանի անգամ ավելի շատ չուգուն է արտադրվել 1913 թվականի համեմատությամբ: 1967 թվականին ամեն ինչ արդեն իսկ բավականին զվարճալի էր, զավեշտական էր, կասեի անգամ՝ կրկեսային: Որովհետեւ 50 տարի առաջ, ինչպես եւ հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնապես արտասանած ոչ մի բառի: Համենայնդեպս՝ Հայաստանում:

100 տարի առաջ ամեն ինչ լուրջ էր եւ արյունով հղի՝ նաեւ այն պատճառով, որ հավատացողներ կային: Մարդկանց աչքերը վառվում էին, բայց ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու, արարելու ցանկությամբ, այլ քանդելու, ոչնչացնելու, վրեժ լուծելու կրքով՝ նախեւառաջ հարուստներից, կրթված մարդկանցից, արիստոկրատներից: Նրանք, ովքեր, զանգվածների ամենաստորին բնազդները շահագործելով, մարդկանց դրդում էին ջարդելու եւ վառելու, նույնպես, մեծ մասամբ, հավատում էին, թե լավ բան են անում, նպաստում են առաջընթացին, ողջ մարդկության ազատությանն ու երջանկությանը: Դե իսկ նման վեհ նպատակի համար մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար թշնամի գնդակահարելը, իհարկե, «հեղափոխական անհրաժեշտություն» էր՝ առաջընթացի ճանապարհին կանգնողների հետ էլ ինչպե՞ս վարվես: «Անիծյալ» ցարիզմից եւ բուրժուազիայից ազատվելու այլ ճանապարհ չկար:

Դա ոչ միայն այս, այլեւ ցանկացած այլ բռնությամբ ուղեկցվող հեղափոխության առանձնահատկությունն է: Ինձ համար, ճիշտն ասած, տարբերություն չկա, թե ովքեր էին այն արկածախնդիրները, որոնք ժողովրդին դրդում էին արյունահեղության՝ Ռոբեսպիերն ու Դանտո՞նը, թե՞ Լենինն ու Տրոցկին: Երբ «գիլյոտինը» սկսում է աշխատել, ապա այն սկզբից ոչնչացնում է թագավորին, այնուհետեւ՝ նրա ընտանիքին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, իսկ հետո, վաղ թե ուշ, հասնում է նաեւ հենց իրենց՝ հեղափոխականներին: Եթե մարդկանց դրդում են խլել հարուստներից նրանց հարստությունը եւ «մեջ-մեջ» անել, ապա այդ «մեջ-մեջ անելու» գործընթացում վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք «ավելի հավասար են, քան հավասարները»: Երբ որոշվում է, որ ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել, ապա ի վերջո՝ իշխանությունն անցնում է խոհարարուհու ինտելեկտ ունեցող մարդկանց ձեռքը:

Հեղափոխություններն ապահովում են մարդկության առաջընթա՞ցը: Այո, թերեւս այդպես է: Սակայն խոստովանեմ, որ անձամբ ինձ այդպիսի առաջընթաց պետք չէ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Մինաս says:

    Ամեն ինչ ճիշտ է, բոլշեւիկները սխալ բաներ շատ են արել: Մոլագար հեղափոխականները պտղատու ծառերը վառել են, գործարաններն ու երկաթուղու գծերը քարուքանդ արել, ասելով թե «կուլակական» ու «կապիտալիստական» են: Իսկ հիմա ճիշտ հակառակ ծայրահեղության մեջ ենք: Գործարան, ակումբ, գրադարան, դպրոցի շենք, հող, գյուղ, սար ու անտառ ավերում կսբ «ինքնաշնորհում» են, ասելով թե «օրհնյալ կապիտալիզմը» կտանի դեպի «լուսավոր ապագա»! Դժվար է ասել թե սրանցից որն էր «լավը:»
    Մի բան կարելի հաստատ ասել՝ դրանց բոլորի «լավը» …!

  2. Մարինա says:

    Հեղինակը ցարի ընտանիքից էր, թե՞ տրեխավոր անգրագետ գյուղացու։ Կարդալով նրա կենսագրությունը, տեսնում եմ, որ թե Արամ Աբրահամյանի հայրը՝ պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը, թե հեղինակն ինքը, եղել են սովետական գիտության, սովետական դպրոցի, սովետական մտքի ոչ միայն կրողներ, այլև նպաստել են դրանց զարգացմանը։ Ավելին, Լևոն Աբրահամյանը եղել է Կոմունիստ թերթի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ Այսինքն, հաստատ հակասովետական գործունեության մեջ չես մեղադրի իրենց, ուրեմն ինչումն է բանը, որ հիմա այդպես քարկոծում եք այն երկիրը, որը ձեզ տվել է հնարավորինս լավը։ Եթե լավը չէր, այն ժամանակ ձայն հանեիք։

    • Հ.Շ. says:

      Մի քիչ շատ արագ ու մակերեսային «դատավարութիւն» է այս մէկը: Հարկաւոր է ստուգել մանրամասնութիւնները:

      Քաղաքական-գաղափարական ոլորտում, պրոպագանդա կատարողը, ինք, անպայման գիտակից չէ թէ պրոպագանդա է իր կատարածը: Թերեւս այդպէս է անում, որովհետեւ ինք ալ արդէն զոհ է պրոպագանդայի: Նիւթի վերաբերեալ բոլոր տեղեկութիւններին, բոլոր տուեալներին տեղեակ չէ: Ջահել է, միամիտ է, շատ զգացական է, ռոմանտիկ է, գաղափարապաշտ է, աչքերը փակ են, սխալած է, խաբուել է… Յատկապէս մտաւորականների մէջ շատ են, այդպիսի անձեր…

      Այդ պարագաներուն, դատապարտելին՝ «այն ժամանակ ձայն չհանել»ը չէ, այլ զարթնելուց յետոյ ձայն չհանելն է, կամ դեռ շարունակել պաշտպանելն է անպաշտպանելին: Ինչ որ փաստօրէն չի վերաբերում այս Խմբագրին, իր վերեւի յօդուածի լոյսին տակ:

      Ես ինքս քսան, երեսուն տարիներ առաջ հրատարակած խանդավառ յօդուածներ ունեմ, որոնց բովանդակութեան մինչեւ 80%-ին հետ այսօր համաձայն չեմ: Քանզի ժամանակի ընթացքին շատ բաներ եմ տեսել, ապրել, սովորել, հասկացել:

  3. Araqel says:

    Անիծվեն “բոլշևիկ” հորջորջվող լիբերռալները, ովքեր Արևմտյան Հայաստանը ամայացրին ու ժողովրդին թողեցին ագզանի դեմ մեն մենակ:

  4. Ալֆրեդ says:

    Եթե կշեռքի նժարին դնենք սովետի լավ ու վատ կողմերը հաստատ վատը շատ էր։Սովետը ընդհանուր առմամբ հետամնաց բռնապետական, սոված երկիր էր, լավ ապրողների մեծամասնությունը օրենքը խախտելով,պետությունը թալանելով էին լավ ապրում։այսորվա Հայաստանի դժվարությունների մեծ մասը գալիս է սովետից։Այն ժամանակ եթե սահմանները բաց լիներ մարդիկ կարտագաղթեին նույն չափով,ինչ որ հիմա։սովետը այնպես է փչացրել մարդկանց որ շատ ժամանակ է պետք ուղղելու։շնորհակալություն

  5. Լավատես says:

    Երբ քսանհինգ տարի է չենք կարողանում մի պուճուր երկիր ոտքի կանգնեցնենք՝ այն էլ այսպիսի աշխատասեր ու խելոք ժողովուրդ ունենալով, Խորհրդային Միությունը արժեր մի հատ լավ ուսումնասիրել՝ նրա լավ ու վատ կողմերը: Այդ երկիրը իր բարձր ինքնաբավության ու արդյունավետության տարիներին ուներ համաշխարհային մակարդակի բանակ, համաշխարհային մակարդակի տնտեսական գիտական մշակութային բարձր արտադրողականություն: Իր տունը քանդեց, երբ փոխանակ իր ընդերքը օգտակար հանածոները պահպաներ ու ստեղծեր դրանց վերամշակման արտադրություններ ու ներմուծեր հումք եւ տեղը գալուց իր սեփական հումքն օգտագործեր, երբ դրսի գները բարձրանային, անմակարդակ անգյալներն եկան իշխանության ու պետության տնտեսական անկախությունը փոշիացրին: Դե եթե պետությունը նստած է երեքոտնանի աթոռի վրա ու տնտեսության ոտը թշնամին երբ ուզենա պոկի, մենակ բանակ ու գաղափարախոսություն ոտքերով էդ աթոռը հավասարակշռություն ու պետություն չի պահի՝ կգլորվի, ինչն էլ եղավ: Հիմա էլ է նույնը շարունակվում, մենք պետք է ոչ միայն ինքնաբավ դառնանք, այլեւ մեր դրական օրինակով փորձենք ստիպել փոխվել Խորհրդային Միության իրավահաջորդին ու ճիշտ ուղին ցույց տանք, որ նրանց փլատակներում չհայտնվենք ու վայրի ցեղերը դրանից չօգտվեն, բայց դեռեւս մենք ենք նրանց նմանակում:

  6. Հ.Շ. says:

    Ռուսական յեղափոխութեան/ հակա-յեղափոխութեան պատճառով շատ, շատ կորուստներ կրեցինք մենք, հայերս ու Մեծն Հայաստանը, հիմնականօրէն՝ 1917-1921 ժամանակաշրջանին: Խորապէս ափսոսալի եղաւ այդ ամէնը… Երեւի ամէնից շատ մենք է որ տուժեցինք, այդ ժամանակամիջոցին, եւ բացայայտ է թէ մինչեւ այսօր իսկ կը դիմագրաւենք հետեւանքները այդ սկզբնական կորուստներին:

    Սակայն այդ նախնական տարիներին յաջորդող տասնամեակներու պարագային, շատ աւելի բարդ կը դառնայ նիւթը… Եւ եթէ այդ ուղղութեամբ բոլշևիկութեան նախկին համակիրները կարիքը ունին ինքնաքննադատութեան, նոյնքան ալ այդպիսի գործընթաց մը կարող է որ առողջ ու շահեկան լինի՝ անոնց մոլեգին հակառակորդներին համար:

  7. Ալֆրեդ says:

    Ւնչքան շուտ կարողանանք սովետը մոռանալ,թաղել ,մեր հիշողությունից ջնջել այնքան շուտ կկարողանանք հաջողությունների հասնել։սովետի ստվերը շատ է խանգարում մեզ։պետք է ջնջել

  8. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Ժողովուրդ ջան, հոդվածը Սովետի մասին չէ, որը, բնականաբար, լավն էլ ուներ, վատն էլ: Հոդվածը բռնությամբ իրականացվող հեղափոխության մասին է` ռուսական, ֆրանցիական, ցանկացած այլ, որն ինձ համար անընդունելի է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930