Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրախտի թղթեր». Կարելի՞ է սանձել օֆշորները և արդյո՞ք պետք է դա անել. BBC

Նոյեմբեր 06,2017 23:59

Հնարավոր չէ անգամ համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչը համարել հարկային ապաստան: Կամ գոնե ընդհանուր հայտարարի գալ եզրույթի վերաբերյալ. ոմանց համար այն նշանակում է հարկային ապաստան, իսկ մյուսների համար՝ «օֆշորային ֆինանսական կենտրոն»: Համաձայնություն չկա նաև այն հարցի շուրջ՝ քանի օֆշորային ընկերություն կա, կամ որքան գումար է պահվում օֆշորներում: Ոչ մի վիճակագրություն չի կարելի համար հավաստի:

Այս ամենը շատ ձեռնտու է նրանց, ովքեր զբաղվում են օֆշորային ֆինանսներով՝ սկսած խոշոր կարողություններ ունեցողներից մինչև վերջին փաստաբանը կամ անմիջապես հաշիվների կառավարմամբ զբաղվող հաշվապահը: Այս ինդուստրիայի առանցքային բառը «փրայվիսին» է: Կամ գաղտնիությունը, չնայած այդ բառն այստեղ այդքան էլ չեն սիրում:

Օֆշորային բիզնեսի էությունը հիանալի կերպով նկարագրում է բրիտանացի փորձագետ, հարկահավաքության վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ Նիկոլաս Շեքսոնը. «Նրանք, ովքեր ինչ-որ բան գիտեն, լռում են: Իսկ նրանք, ովքեր խոսում են, ոչինչ չգիտեն»:

Բայց արդյո՞ք մենք գիտենք՝ որքան գումար է թաքցված օֆշորներում:

Այս տարվա սեպտեմբերին հրապարակված հաշվետվության համաձայն (դրա հեղինակներից մեկը տնտեսագետ Գաբրիեկ Զուկմանն է)՝ ընդհանուր առմամբ օֆշորներում պահվում է շուրջ 7.8 տրիլիոն դոլար կամ համաշխարհային ՀՆԱ 10 տոկոսը: Ըստ Boston Consulting Group-ի գնահատականի՝ ավելի շատ՝ մոտ 10 տրիլիոն դոլար:

Եթե դուք մտածում եք՝ «Օհո՜, դա անգամ ավելին է, քան Ճապոնիայի տնտեսությունը», ապա դուք ճիշտ եք: Բայց իսկական «օհո՜»-ն «Արյունոտ բանկիրներ» գրքի հեղինակ Ջեմյս Հենրիի գնահատականն է՝ 36 տրիլիոն դոլար: Դա երկու անգամ ավելին է, քան աշխարհի խոշորագույն տնտեսության՝ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն:

Բայց այդ հարցի ճշգրիտ պատասխանը ոչ մեկ չգիտի:

Եվս մեկ հետաքրքիր փաստ. Հիշու՞մ եք «Մենք ենք այդ 99 տոկոսը» կարգախոսը, որն առաջ էր քաշվել «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» շարժման կողմից՝ ի հակակշիռ համաշխարհային հարստության հսկայական բաժնին տիրապետող 1 տոկոսին: Այսպես, ըստ Զուկմանի գնահատականի՝ օֆշորային կապիտալի 80 տոկոսը պատկանում է 0.1 տոկոս ամենահարուստ ընտանիքներին, ընդ որում՝ 50 տոկոսը գտնվում է ամենա-ամենահարուստ 0.01 տոկոսի ձեռքում:

Օրինական է, բայց արդյո՞ք էթիկայի սահմաններում է

Արդյո՞ք մենք գիտենք՝ ինչպես է դա աշխատում: Ինչ-որ բան, իհարկե, լսել ենք. երկակի հարկահավաքություն, հարկային ինվերսիա, օֆշորային թրասթեր, մեկօրյա ընկերություններ և այլն: Բայց չգիտենք գլխավորը. ովքեր են մասնակցում սխեմաներում և ինչ են դրանից ստանում:

Ամբողջ էությունն այն է, որ կարողանաս այնտեղից, որտեղ հարկային կանոնները ձեռք չեն տալիս, գումարներն ուղղել վստահելի վայր, որտեղ այդ կանոնները շատ չեն, կամ ընդհանրապես չկան:

Օրինակ, դուք ունեք ֆինանսական ակտիվներ, որոնք ցանկանում եք պաշտպանել վարկատուներից: Փոխանցեք դրանք դատարկ օֆշորային ընկերության և դրանք ավելի դժվար կլինի հայտնաբերել: Պետք է թաքցնել սեփականությու՞նը: Օգտագործեք թրասթ:

Դա հանցագործություն չէ: Գոյություն ունեն բազմաթիվ սխեմաներ՝ օրինական, անօրինական, էթիկայի տեսանկյունից վիճելի: Այդ հասկացությունների շրջանակներում գործում են տարբեր փոփոխականներ, ճիշտ այնպես, ինչպես «Լավը, Վատը և Չարը» վեսթերնում: Բայց անգամ ֆիլմում Չար անունով կերպարին չես համարի լիարժեք չար, իսկ Լավը իդեալական չէ:

Ինչպես և հեքիաթային Չեշիրյան կատուն, օֆշորային գոտիները միշտ չէ, որ հայտնվում են այնտեղ, որտեղ նրանց կցանկանային տեսնել:

Չէի ցանկանա ձեզ շփոթեցնել, բայց օֆշորները նաև օֆշոր են: Այդ պատճառով աշխարհում օֆշորային կենտրոնների իրական թիվը հաշվել գրեթե անհնար է: Դրանք կարող են լինել 50, 70, ավել կամ պակաս: Դրանք մեկ հայտնվում են, մեկ անհետանում:

Կարելի է ասել, որ ամենախոշոր օֆշորային գոտիները ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան են:

Օրինակ, ԱՄՆ որոշ նահանգներում, ինչպիսին է Դելավերը, ավելի հեշտ է օֆշորային ընկերություն բացել:

Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Լոնդոնյան սիթին մատակարարում է Բրիտանական թագավորության կալվածքները, որոնց թվում են Նորմանդյան կղզիները, Մեն կղզին և այլ տարածքներ, որոնք բաց են թողնում տրիլիոնավոր օֆշորային դոլարներ:

Դրանք ոչ մեծ, հաճախ կղզի-պետություններ են, որոնք Նիկոլաս Շեքսոնն անվանում է «օֆշորային գաղութներ»:

«Այստեղ փորձառու և գրագետ մասնագետների կարիք կա: Մարդիկ այդ երկրներում մտածում են հետևյալ կերպ. «Մենք ավելի լավ է անենք այնպես, ինչպես մեզ ասում են հաշվապահներն ու իրավաբանները: Նրանք ավելի լավ են հասկանում՝ ինչն է լավ մեր կղզու համար»,- պարզաբանում է փորձագետը:

Ինչպե՞ս են իրենց սահմանում օֆշորային գոտիները

Նրանք պնդում են, որ բանկերն օֆշորային գոտիներում «նստած չեն փողերի վրա». ընկերությունները պարզապես ռեինվեստիցիա են կատարում: Բացի այդ, նրանք ասում են, որ եթե չլինեին օֆշորային գոտիներ, չէր լինի և սահմանափակումներ հարկային դրույքների վերաբերյալ, որոնք կարող են գանձվել պետության կողմից:

Օֆշորային ֆինանսական կենտրոնները պնդում են, որ պարզապես վերաբաշխում են փողերն ամբողջ աշխարհում, իսկ վերջին 10 տարիների ընթացքում սահմանված կանոններն անհնար են դարձնում ցանկացած տեսակի հարկային խարդախություն:

Իհարկե, չի կարելի բոլոր օֆշորային գոտիները միասին դիտարկել: Դրանցից որոշները, իսկապես, լավ են կարգավորվում: Սպեկտրի մյուս ծայրին սկանդալային Պանամայի օֆշորի օրինակն է, որի արդյունքները հրապարակվեցին անցյալ տարի:

Ընդ որում, Բերմուդյան կղզիների ֆինանսների նախարար Բոբ Ռիչարդսը BBC-ի հետ զրույցում հանդես էր եկել ի պաշտպանություն կղզում մատուցվող ֆինանսական ծառայությունների: Որպես փաստարկ՝ նա բերել էր այն հանգամանքը, որ այդպիսի հարկային համակարգը գոյություն ունի արդեն ավելի քան 100 տարի, և որ, եթե երկիրը կորուստներ է ունենում հարկեր հավաքելիս, պետք է իր համար ստեղծի առավել համապատասխան համակարգ:

Նրա խոսքով՝ Բերմուդյան կղզիները ստորագրել են միջազգային համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս արագ հարկային տեղեկատվությամբ փոխանակվել երկրների հետ, ուստի երկիրը չի կարող համարվել «հարկային հանգրվան» փողերի լվացման համար:

Նույն բանը 2009թ.՝ ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ պահին, հաստատել էր նաև Appleby կարգավորող-ընկերությունը, որն այժմ հայտնվել է օֆշորային սկանդալի կենտրոնում:

Ընկերությունը հայտարարել էր, որ «ոչ մի ապացույց չկա առ այն, որ օֆշորների գործունեությունն է հանգեցրել ֆինանսական ճգնաժամի»:

Appleby-ը պնդում էր, որ օֆշորները չեն եղել «անօրինական եկամուտների ոչ աղբյուրը, ոչ էլ ստացողը», ընդհակառակը , «օգնել հանցագործությունների, կոռուպցիայի և հետապնդումների զոհ դարձած մարդկանց ՝պաշտպանելով նրանց վաճառված կառավարություններից»:

Վերջին արտահոսքի ժամանակ ընկերությունից հայտարարել են. «Ամեն ինչից երևում է, որ Appleby-ի կողմից որևէ ակնհայտ խախտում չի եղել»:

Օֆշորների տեսանկյունից՝ այն ամենը, ինչ նրանք անում են, գաղտնի չէ, այլ մասնավոր (պրիվատ): Սակայն դրա հետ համաձայն չէ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից Ջերարդ Ռայլը, որն ուսումնասիրվել է արտահոսքի ենթարկված ֆինանսական փաստաթղթերը՝ «Դրախտի թղթերը»:

«Միակ բանը, որ կարող են առաջարկել օֆշորները, գաղտնիությունն է: Հենց որ նրանց բացահայտվում են, նրանք այլևս չեն կարող աշխատել,- ասում է լրագրողը:- Երբ ոչ մեկ չգիտի՝ կոնկրետ ինչ ես դու անում, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ դու ինչ-որ անօրինական բան ես անում»:

Դա կարելի է անվանել ինչպես ուզեք, արմատախիլ անել հնարավոր խարդախությունները, գործնականում անհնար է, քանի որ օֆշորային ընկերությունները մնում են անորսալի:

Կարելի է սկսել մեկ ընկերությունից կամ մարդուց և անվերջ ցատկել մի գոտուց մյուսը, մի ընկերությունից մյուսը, փորփրել գտնել մեծ թվով անուններ ու փաստաթղթեր, որոնք արդյունքում ոչ մի բանի չեն հանգեցնի:

Արատավոր շրջան

Դուք երևի մտածում եք՝ մի՞թե փաստաթղթերի այս աղմկոտ արտահոսքերը ոչինչ չեն փոխի:

Եկեք վերադառնանք 2016թ. ապրիլ: Հենց նոր հրապարակվել է «Պանամայի արխիվը»: Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Գյունլեյգսոնը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա և նրա կինը օֆշորային ընկերություն ունեն:

Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի դուրս եկան Ռեյկյավիկում՝ ցույց տալու, որ իրենց բարկացրել են իրենց քաղաքական գործիչները:

Որոշ գնահատականներով՝ այդ ցույցերին մասնակցում էր երկրի բնակչության 6 տոկոսը: Նույնն է, որ ԱՄՆ-ում փողոց դուրս գար ավելի քան 19 մլն մարդ:

Իսկ հիմա տեղափոխվենք Էլեկտրոստալ քաղաք, որը Մոսկվայից 2 ժամվա հեռավորության վրա է: Այնտեղ տեղի բնակիչներից Նադեժդա անունով մի կին փորձում էր ապացուցել BBC-ի թղթակից Սթիվ Ռոզենբերգին, որ «այդ բոլոր հետաքննությունները գումարի և ժամանակի անիմաստ վատնում է»:

«Մենք գիտենք՝ ինչի համար է դա ձեզ պետք: Դուք ցանկանում եք ցեխի մեջ տրորել Պուտինի բարի անունը»,- ասում էր նա:

Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կախված է նրանից՝ աշխարհի որ մասում եք դուք գտնվում:

Արևմուտքում մարդկանց համար կարևոր է հասկանալ՝ որքան հեռու կարող են գնալ բանկերի ունևոր մասնավոր հաճախորդները և անդրազգային կորպորացիաները:

Իսկապե՞ս նրանց կարելի է օգտագործել բոլոր հնարավոր ձևերը՝ սեփական գումարները պահպանելու համար: Թե՞ այդ փողերնը, այնուամենայնիվ, պետք է անցնեն կառավարություններին, որպեսզի նրանք դա ծախսեն քաղաքացիների կարիքների վրա:

Անկեղծ ասած՝ կառավարություններն ինքնուրույն, առանց արտահոսքի ենթարկված փաստաթղթերի էլ, 2008թ. տնտեսական անկումից հետո փորձում են հետևել գաղտնի ֆինանսական հոսքերին: Սակայն, որպես կանոն, նրանք ավելի շատ խոսում են, քան գործում:

Լիարժեք գաղտնիություն ապահովելը գնալով ավելի դժվար է դառնում, ավելի է մեծանում բոլոր գործընթացների թափանցիկությունը: Ընդլայնվել են այսպես կոչված տեղեկատվության ավտոմատ փոխանցման համաձայնագրերը, որոնք պարտավորեցնում են անդրազգային կորպորացիաներին յուրաքանչյուր երկրում հաշվետվություն ներկայացնել իրենց աշխատանքի վերաբերյալ: Միաժամանակ, ավելացել են ընկերությունների պետական գրանցամատյանները:

Ռուսաստանում անգամ օրենք է սահմանվել, որը պարտավորեցնում է բացել օֆշորային ակտիվները: Եվ ի՞նչ արդյունքում: Այն բանից հետո, ինչ օրենքն ուժի մեջ է մտել 3 տարի առաջ, տասնյակ հարուստ ռուսներ հեռացել են Ռուսաստանից՝ դրանից խուսափելու համար:

Գոյություն ունեն նաև օֆշորային գոտիների սև ցուցակներ: Բայց, Նիկոլաս Շեքսոնի խոսքով, խոշոր խաղացողները թույլ չեն տա, որպեսզի իրենց գործարքներն անցնեն այդպիսի գոտիներով, այնպես որ, այդ միջոցները թույլ կտան որսալ միայն մանր ձկներին:

Նա ասում է, որ օֆշորային ընկերությունները «կվերահարմարվեն»: «Հենց որ օրենսդրությունը փոխվի, ամբողջ էկոհամակարգը կփոփոխվի, փողերը կտեղափոխվեն նոր վայրեր»:

Ակտիվների սեփականատերերը կհարմարվեն նոր պայմաններին: Կարելի է, օրինակ, անցնել ադամանդներին կամ արվեստի գործերին: Կամ կարելի է պարզապես տեղափոխվել այնտեղ, որտեղ ավելի ցածր են հարկերը:

Սակայն առաջ է գալիս արատավոր շրջան: Կառավարությունները պատրաստ են միջոցներ ձեռնարկել օֆշորային սխեմաները քանդելու համար: Միաժամանակ, ինչպես ցույց են տալիս արտահոսքի ենթարկված փաստաթղթերը, իրենք՝ կառավարությունների անդամները, մասնակցում են այդ սխեմաներին:

Եվ դա միակ բանն է, որի մասին կարելի է հստակ խոսել. եթե հարուստները հարկ չեն վճարում, այդ գումարները պետք է փոխհատուցվեն ինչ-որ այլ աղբյուրներից:

Ոմանց դա կարող է տարօրինակ թվալ, բայց ինչպես ասել է Չեշիրյան կատուն, մենք այստեղ բոլորս խելագարներ ենք, եզրափակում է Գերին Քիչեները:

«Դրախտի թղթերը» փաստաթղթերի հսկայական աղբյուր է, որոնք արտահոսքի են ենթարկվել հիմնականում Appleby օֆշորային իրավաբանական ընկերությունից:  Փաստաթղթերում շոշափվում են պետությունների բազմաթիվ ղեկավարների ու նրանց հետ փոխկապակցված անձանց անուններ, այդ թվում Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը:

13.4 մլն փաստաթղթից բաղկացած գործը փոխանցվել է գերմանական Süddeutsche Zeitung թերթին, իսկ հետո Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին (ICIJ):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930