Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր դեմ խաղ չկա». Էջմիածինցի Արփիկ Նազարյանը ՀՀԿ-ին զգուշացնում է, որ «Հրանտ Գրիգորյանը իր տունն է խլում»

Նոյեմբեր 06,2017 23:03

Նոյեմբերի 8-ին Արմավիրի առաջին ատյանի դատարանը Էջմիածնի Անդրանիկի 14 հասցեի տան հարցով նիստ է անելու: Գործում ներգրաված է նաեւ գեներալ Մանվելի եղբորորդին՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

«Առավոտի» խմբագրությանն է դիմել Էջմիածնի բնակիչ Արփիկ Նազարյանը՝ բողոքով. «Հրանտ Գրիգորյանն իր ողջ լծակներն օգտագործում է՝ իմ նման անտերի դեմ: Ես 21 տարի դատարանների ձեռքը տանջամահ եղա»:

Կինը պատմեց, որ իր ամուսնու ընկերները համատեղ ջանքերով կառուցած իրենց տունը խարդախությամբ վերցրել են՝ առանց իր գիտության.

«Ամուսինս նրանց հետ փողային գործարքների մեջ է եղել, փողերը վերադարձրել է, մի 2000 դոլար է պարտք մնացել, որոշել են, որ պետք է առանց իմ գիտության, դրա փոխարեն իմ 3 հարկանի նորակառույց բնակարանը վերցնեն: Դա ոչ միայն նյութական, այլ բարոյական արժեք ներկայացնող տուն է, իմ օջախն է, իմ երազանքների շտեմարանը, որը ես կառուցել էի՝ իմ երեխաների հետ վայելելու համար: Խաբել են: Էջմիածնի Լենուղի գյուղի լենուղեցի Աղասը՝ մայոր էր, հրամանատար, որը այդ ժամանակ զորամասում միայն զբաղվում էր զենք-զինամթերք վաճառելով, հետագայում իմացա, որ տունս Աղասի մոտ է, պարտքի տեղը տվել է, գնացի նրա մոտ, ասեցի՝ ուղղակի խնդրում եմ, իրավունք չունեիք առանց իմ գիտության ոտնձգություն անեիք իմ սեփականության նկատմամբ: Ես ասեցի պատրաստ եմ՝ ինչ գումար է պարտք, ես այդ գումարը տալիս եմ, միայն, խնդրում եմ, այդ տունը վերադարձրեք ինձ:

Այդ տղան այնպիսի մի գումար ինձ ասեց, արդեն իրենց ձեռքում էր տունը, ասեց՝ 35 հազար դոլար տուր՝ տար: Ես խեղդվեցի…Այդ բնակարանը մուրազով սարքած տուն էր, հասկանո՞ւմ եք, դա մի ամբողջ կյանքի մուրազ էր: Մենք օրը մի քար դնելուց ուրախացել ենք, կառուցել ենք այդ տունը: Անգամ երրորդ հարկի բիլիարդանոցը թե ոնց սարքեցինք, երկու սրբազան հրավիրեցինք, 4 հատ կոնյակ հիմքերին դրեցինք, օծեցին այդ տունը ու հիմա…Իմ տղան է անգամ համասեփականատեր եղել, տղաս 18 տարեկան է եղել, բայց առանց մեր կամքը հարցնելու՝ արել են, այն ժամանակ ֆիդայինները մաուզերները կապում էին կողքերին, անարխիայի ժամանակաշրջան էր, կռվի տարիներ՝ 92-93 թթ, նրանք քաղաքապետի դռները ոտքով էին բացում, նրանց համար փակ դռներ գոյություն չունեին, ուստի խնդիր չէր դասավորել:

Այդ թվերին տների խլխլոցի էր գնում, Աղասն առաջինը չէր, որ խլել էր: Աղասին հանեցին ԶՈՒ-ից, նրան դատապարտեցին, ազգային անվտանգության մեկուսարաններում մնաց, մայորի պագոնները նրա պոկեցին, բայց քանի որ տանիք ուներ, նրան օգնեցին, դուրս պրծավ, փախավ Իսպանիա ու տունս ինձ հետ չտվեցին: Այդպես սկսվեց շղթայական ռեակցիայի նման «բարեխիղճ գնորդների» շարանը: Աղասը 400 հազարանոց այդ շենքը 14 հազար դոլարի տեղ տալիս է իր ընկերոջը, նա պարտք է լինում Նորայր Մուշեղյանին, տալիս է նրան: Հիմա էլ Հրանտ Գրիգորյանն է տանտեր իրեն համարում»:

Արփիկ Նազարյանն ասաց, որ բոլորն էլ գիտեն՝ համատեղ ջանքերով կառուցված բնակարանը երկուսինն է եւ առանց տեղեկության՝ իրավունք չունեին գրավադրում կատարել: Նա պատմեց, որ դատարան է դիմել եւ Արմավիրի առաջին ատյանի դատարանը անվավեր է ճանաչել սեփականաշնորհման վկայագրերը, որոնք ձեռք են բերվել այդ տան նկատմամբ, գործը հասել է Վերաքննիչ դատարան ու բեկանվել: Հիմա նորից այն առաջին ատյանի դատարանում է՝ այլ կազմով. «Տիգրան Պետրոսյանը՝ առաջին ատյանի դատավորը, որը հիմա Վճռաբեկում է, նա 14 կետ բացահայտեց խաբեության եւ վարչակազմի արած անօրինականության:

Նա անվավեր ճանաչեց սեփականաշնորհման բոլոր վկայագրերը, որոնք հետագայում շղթայական գնացել էր եւ ընդհանրապես առուծախը: Բայց, քանի որ վերջին գնորդը «Անդրանիկ» հայրենակցական միության նախագահն էր՝ Նորայր Մուշեղյանը, նա մեծ կապեր ուներ Գերագույն դատարանում եւ չկարողացա այնտեղ իմ հարցերը լուծել՝ գործը բեկանվեց:

Նորայր Մուշեղյանը 12 տարի չէր կարողանում այդ տունը վաճառել ամենաչնչին գնով անգամ, որ կարողանար դուրս պրծներ: Այդ 4 գնորդներին էլ իմ տունը հաջողություն չի բերել՝ անառիկ ամրոցի նման իմ տունը կանգնած մնացած 94-ից առ այսօր, 4 գնորդներից որեւէ մեկն իմ տուն չի մտել: Նորայր Մուշեղյանից հետո, երբ իմացա, որ այդ բնակարանն ուզում է գնել ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը՝ Արշալույս գյուղից, իմացա, որ կանխավճար է տվել, մոտեցա Հրանտ Գրիգորյանին, ասացի՝ ձեր մոտ եմ եկել խնդրանքով՝ օգնելու, չէ՞ որ դուք ձեր նախընտրական ծրագրերը ներկայացնելիս խոստումներ էիք տալիս, որ կօգնեք, դուք այսօր եկել եք, իմ բնակարանն եք ուզում ձեռք բերեք, որի գործը դատարանում է, խնդրում եմ, մի կանգնեք իմ արդար պայքարի ճանապարհին, ես ձեզ ուղղակի խնդրում եմ: Նա չլսեց ինձ, ասաց, թե՝ իմ աչքը էդ տան վրա շատ վաղուց էր: Տղան էլ էն կողմից ինձ ասեց՝ եթե մենք էդ տունն առնենք՝ մեր դեմ խաղ չկա»:

Նազարյանը միջնորդություն է ներկայացրել արգելանք դնել տան վրա, չնայած արգելանքին, ըստ Նազարյանի, Հրանտ Գրիգորյանը լայն թափով շինարարություն է իրականացնում այնտեղ. «Պատգամավոր եղած ժամանակ չէր մոտենում, վախենում էր, որ խայտառակ կլինի, հենց ընտրություններն ավարտեցին, ինքն էլ չանցավ, սկսեց շինարարությունը: Իմ շենքի դիմացի հողը համայնքի հողն է, ապօրինի զավթել է, պատեր է արել, պարիսպներ դրել: Շինարարության արգելանքի համար մտա դատարան, շինարարությունն էլ արգելվեց նրան: Հիմա այդ ապօրինի բռնազավթումը դադարեցնելու որոշում կա, նա բացարձակապես չի ենթարկվում, շարունակում է շինարարությունը: Սարսափելին այն է, որ մինչեւ հիմա այդ մարդն իր կապերն օգտագործում է՝ դատավորների վրա ճնշումներ գործադրելու համար: Ես ուզում եմ վերջապես մեր դատավորները հասկանան, թե ինչ է կատարվել իրականում, 21 տարի է՝ իմ սահմանադրական իրավունքն է ոտնահարվել, իմ քրտինքով սարքած տունը տարել են, նրանց համարում են բարեխիղճ գնորդ, կարծես թե ես անբարեխիղճ կառուցող եմ եղել էդ տան: Հիմա Հրանտ Գրիգորյանին կհամարեն բարեխիղճ գնորդ, բայց դա խարդախ ճանապարհով ձեռք բերված տուն է, դու ի՞նչ խղճով ես դա գնում կամ ԱԺ-ում որ այդ կոճակները սեղմում էիր, չգիտեի՞ր, որ այստեղ խախտում է տեղի ունեցել, նաեւ դու ես ստեղծել այդ օրենքը: Համատեղ ջանքերով 35 տարեկանում տուն եմ կառուցել, դարձել եմ 60-նն անց կին, հլը դատական գործերի մեջ եմ, ամբողջ կյանքս անցել է, տանջամահ եմ եղել»:

Արփիկ Նազարյանը դիմեց ՀՀ նախագահին եւ ՀՀԿ ղեկավարներին. «Ուզում եմ ՀՀԿ-ն իմանա, որ Հրանտ Գրիգորյանը որպես վահան օգտագործում է կուսակցությունը՝ իր հարցերը լուծելու համար: Ուզում եմ ինձ օգնեք, հասկացնեք, որ Հրանտ Գրիգորյանը ոչ մի առավելություն իմ նկատմամբ չունի, ընդհակառակը, առավելությունը իմ կողմն է՝ ես դպրոցը ոսկե մեդալով ավարտած աղջիկ եմ, ինստիտուտը գերազանց ավարտած աղջիկ եմ, 25-30 տարի աշխատել եմ պահածոների գործարանում, մեր վերջին կոպեկները ես դրել եմ Ղարաբաղի համար, իմ պետությանը չեմ դավաճանել եւ եկեք տեսեք ովքեր են իմ տունը վերցնողները՝ հայրենիքի դավաճան, զենք-զինամթերք վաճառող Գեղամ Գրիգորյանը, լենուղեցի Աղաս, նրա իրավահաջորդ Հրանտ Գրիգորյանը: Ես չունեմ Հրանտ Գրիգորյանի նման միջոցներ՝ իտալիաներում անշարժ գույք գնելու, ինձ տվեք իմ տունը»:

Հ. Գ. Հրանտ Գրիգորյանի պարզաբանումները այս խնդրի շուրջ՝ առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930